Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք:
Նախքան քննարկումը վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր մարզային հերթական խորհրդակցությունը տեղի է ունենում Գեղարքունիքի մարզում, և այսօրվա մեր օրակարգում սոցիալ-տնտեսական, անվտանգային հարցեր են: Գեղարքունիքի մարզը նաև սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվ մարզերից է, և մենք այսօր նորակառույց դպրոց այցով սկսեցինք մեր աշխատանքային օրը: Պետք է նաև այս տրամադրությունը փոխանցենք՝ Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի: Ընդ որում, իրագործվի ոչ միայն պետության, կառավարության, համայնքների կողմից, այլև պետք է քաջալերենք նաև մասնավորին՝ այդ կառուցման, ներդրման
գործընթացին մասնակցելու:
Իհարկե, դրա համար շատ կարևոր է մեր երկրի սոցիալ-հոգեբանական վիճակը, անվտանգային միջավայրը: Գեղարքունիքի մարզի շուրջ նույնպես անվտանգային միջավայրի փոփոխություն է տեղի ունեցել: Մենք այսօր դրա հետ կապված հարցր նույնպես կքննարկենք՝ թե ինչպես ենք այս նոր իրավիճակում ապահովելու մեր անվտանգությունը, ինչպես ենք այս նոր միջավայրում մարդկանց, մեր քաղաքացիների ունեցած մտավախությունները փարատելու, նրանց բարձրացրած հարցերին պատասխանելու»: