Իջևանցիները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում սահմաններին:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Շատ չի տեւելու, համապատասխան մարդիկ կգան կբացենք: Մենք ընդամենը ուզում ենք, որ մարզպետարանից մեզ հաստատեն, որ մեր հողերի, մեր սահմանի հետ կապված հող տալու խնդիր չկա: Այսօր մտահոգություն է առաջացել, որ տարածքներ կարող է հանձնեն թշնամուն: Երբ ասում են՝ Տավուշի մարզի տարածքից ոչ մի մետր չեն տալու թշնամուն, ուզում եմ հասկանամ, թե իրենց ասած Տավուշի մարզը որտեղից է սկսվում եւ որտեղ է ավարտվում: Մարզպետը ոչ մի անգամ չի ասել, որ օրինակ, Բարխուդարլուն մնալու է Տավուշի տարածքում, ինչպես եղել է միշտ: Սրանով փորձում ենք անհնազանդության ակցիաներ իրականացնել, որ ուշադրության կենտրոնում պահենք հարցը»:
Մի պահ կրքերը թեժացան, քաղաքացիները պահանջում էին բացել ճանապարհը: Մի կին բորբոքված ասաց. «Բացեք ճանապարհը, դերասանություն չանեք, թուրքից բեթար եք, բա գնայիք թուրքի դեմը փակեիք, ոչ թե ձեր կանանց փեշի տակ մտնեիք»: