ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը եւ ժամանակացույցը:

 

4-րդ դասարան

Հունիսի 22-ից հուլիսի 3-ն անցկացվում է գիտելիքների ստուգում հետեւյալ առարկաներից.

l «Մայրենի» (գրավոր, թեստ). քննությանը տրվում է 60 րոպե,

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ). քննությանը տրվում է 60 րոպե,

l Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար՝ նաեւ «Ռուսաց լեզու» (բանավոր):

Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար ստուգում է կազմակերպվում նաեւ մայրենի լեզվից եւ գրականությունից (բանավոր): Առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից: Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով։ Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն 4 տարբերակ) կազմում են դպրոցների մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված եւ դպրոցում գործածվող դասագրքերից:

9-րդ դասարան

Հունիսի 30-ին անցկացվում է կենտրոնացված ավարտական քննություն «Հայոց լեզու» առարկայից (քննության տեւողությունը` 120 րոպե): Քննություն հանձնողների դիմում-հայտերը եւ ցուցակները դպրոցի տնօրենը լրացնում եւ ԳԹԿ է փոխանցում մինչեւ մարտի 10-ը: Բացի դրանից, 9-րդ դասարանցիները հունիսի 21-ից հուլիսի 5-ն ավարտական քննություններ են հանձնում հետեւյալ առարկաներից.

«Գրականություն»՝ բանավոր; «Հայոց պատմություն»՝ բանավոր; «Մաթեմատիկա»՝ գրավոր թեստ (քննության տեւողությունը` 120 րոպե); «Բնագիտություն» (գրավոր, թեստ)՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ, (քննության տեւողությունը` 120 րոպե); «Օտար լեզու»` բանավոր («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» եւ այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ); «Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում (քննաշրջանի ընթացքում): Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաեւ «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից եւ գրականությունից (բանավոր):

Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաեւ գիտելիքների ստուգում «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկայից (բանավոր՝ քննաշրջանի ընթացքում): Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի եւ «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն») առարկաների թեստերը սովորողի ցանկությամբ թարգմանվում են ռուսերեն։

Հատուկ հանրակրթական դպրոցներում սովորող երեխաները «Հայոց լեզվի» կենտրոնացված քննությունը հանձնում են իրենց դպրոցներում, իսկ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողները կարող են հանձնել իրենց հաստատությունում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողի ընտրության:

9-րդ դասարանում ավարտական, կենտրոնացված ավարտական քննական թեստերի առաջադրանքները կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված եւ դպրոցում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից:

12-րդ դասարան

Հունիսի 9-23-ն անցկացվում են պետական ավարտական քննություններ հետեւյալ առարկաներից.

l «Հայոց լեզու եւ հայ գրականություն» (գրավոր թեստ, քննության տեւողությունը` 120 րոպե),

l Հայոց պատմություն» (գրավոր, թեստ, քննության տեւողությունը` 120 րոպե),

l «Մաթեմատիկա» (գրավոր թեստ, քննության տեւողությունը` 120 րոպե),

l «Ֆիզկուլտուրա» (նորմատիվների հանձնում, ստուգարք, հունիսի 9-ից մինչեւ քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում),

l Ռուս գրականություն» (բանավոր)` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար,

l Մայրենի լեզու եւ գրականություն» (բանավոր)` ազգային փոքրամասնությունների դասարանների համար:

Քննության մասնակցողների ցուցակը, ըստ առարկաների, դպրոցի տնօրենը լրացնում եւ ԳԹԿ է փոխանցում ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 1-ը:

Ավարտական եւ պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն են դառնում հանրակրթական հաստատությունները:

Կենտրոնացված ավարտական քննությունը կազմակերպում եւ անցկացնում է ԳԹԿ-ն: Քննական կենտրոնների ցանկը, կենտրոնների ղեկավարների, ԳԹԿ ներկայացուցիչների, կազմակերպիչների եւ առարկայական հանձնաժողովների անդամների ցուցակը հաստատում է ԳԹԿ տնօրենը:

Միեւնույն առարկայից եւ՛ միասնական, եւ՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):

 

 

 

 

ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՕԳՏՎԵՆ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻՑ

Հարկային օրենսգրքի փոփոխություններով՝ աշխատող ուսանողներին լավ հնարավորություն է տրվել։ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկով՝ առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն: «Փոխհատուցման իրավունքից կարող են  օգտվել ՀՀ քաղաքացիները։ Ընդ որում, վարձու աշխատող հանդիսացող ուսանողը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար: ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 1125-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ վճարված ուսման վարձավճարի չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ուսանողը հարկային մարմին է ներկայացնում՝

1) եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձեւի դիմում,

2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը,

3) ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը,

4) ուսանողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

5) ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն ձեւի:

Եկամտային հարկը տրվում է աշխատող ուսանողի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով: Միաժամանակ կարեւոր է՝ գործատուն պետք է ներկայացրած եւ վճարած լինի եկամտային հարկը։ Փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման վարչություն, որտեղ ուսումնասիրվում է ուսանողի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով սահմանված պայմաններին եւ ապահովվում դիմումի հետագա ընթացքը։ Վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձման կարգը կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո սկսվող ուսումնական տարիների մասով: 2020-2021 ուսումնական տարում ուսանողները պետք է դիմումները ներկայացնեն ուսումնական տարվա ավարտից հետո՝ 3 ամսվա ընթացքում։

 

 

 

 

ՊԵՏԸ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ Է ՓԱԿԵԼ

2021թ. մարտի 3-ին Տավուշի մարզի երկարամյա դատախազ, նախկինում ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի եւ Լոռու մարզերի քննչական բաժինների պետ, գրեթե մեկ տարի փաստաբան, Դիլիջան քաղաքի բնակիչ Աննա Մանթաշյանը Դիլիջանում մի խումբ  քաղաքացիների հետ, մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով, իրենց զորակցությունն են հայտնել հայոց բանակին՝ փակելով Դիլիջանի կենտրոնական՝ դեպի Երեւան քաղաք տանող ավտոճանապարհը։ Ակցիայի  կազմակերպիչ  Աննա Մանթաշյանը հայտարարել է, որ համաձայն չեն այս ազգադավ իշխանությունների հետ, որի ապաշնորհ դիվանագիտության եւ քաղաքականության հետեւանքով հրահրվել է այս պատերազմը, այսօր ունենք 7000 զոհ, ավելի քան 10 հազար  վիրավոր, որոնց ձեռքերի վրա ժամանակին եկել էին եւ նրանց արյան գնով այսօր էլ պահում են իշխանությունը։

Այս հայտարարությունից հետո ԱԱԾ-ն նախ այցելել է Երեւանում գտնվող Ա. Մանթաշյանի որդու տուն, որտեղ նա բնակվում է վարձակալական հիմունքներով, ապա նաեւ Ա. Մանթաշյանի՝ Դիլիջանում գտնվող տուն՝ խուզարկության։ Ընդ որում, խուզարկությունը ձեւակերպվել է մի քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է մեկ  տարի 8 ամիս առաջ, եւ որի շրջանակներում Ա. Մանթաշյանի որդին անցնում է որպես տուժող։ Սովորական ենթադրյալ խուլիգանության գործով նախաքննությունը կատարում է ԱԱԾ-ն։ Խուզարկությունը կատարվել է դատավոր Կարեն Ֆարխոյանի  որոշմամբ,  դատավորը թույլ է տվել տուժողի տանը խուզարկություն կատարել ոչ միայն հագուստը, այլ նաեւ արգելված առարկա հայտնաբերելու եւ առգրավելու համար։ Աննա Մանթաշյանը «ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ խուզարկությամբ ոչ մի կարեւոր բան չի հայտնաբերվել, ինքը մեկ տարի առաջ միացել է համաժողովրական պայքարին, ինքը 2020թ. աշնանը՝ Արցախում տեղի ունեցած պատերազմի  ժամանակ, որպես կորոնավիրուսով հիվանդ պառկած է եղել Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում եւ մեծ ցավ է ապրել՝ պատերազմում վիրավորվածներին տեսնելով։ Նա ասաց, որ երբեւէ քաղաքականոթյամբ չի զբաղվել, ինքը մասնակցել է քաղաքացիական ակցիայի։ Ա. Մանթարյանը հայտնեց, որ Դիլիջան քաղաքում  իր իրականացրած ակցիայից հետո շատերն են իրեն զանգել, առաջարկել, որ զբաղվի քաղաքականությամբ. ինքը դեռ որոշում չի կայացրել, սակայն երբեք չի հրաժարվի հանուն արդարության իր պայքարից։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս