«ԻՍԿԱԿԱՆ ՍԵՐԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս տարվա հետ կապված առանձնապես  հատուկ պլաններ չեմ կազմել»,- «ժողովուրդ» օրաթերթի հետ անկեղծ զրույցում հայտնեց դերասանուհի Իրինա Այվազյանը։ Դերասանուհին մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ այս տարվա հետ կապված պլաններին, ինչպես նաեւ խոսեց  իր եւ երգիչ Գեւորգ Մկրտչյանի բաժանման պատճառների մասին։

 

«Այս տարի մեծ ցանկություն ունեմ ճանապարհորդելու, իրականում պլանավորել էի այդ ցանկությունս իրականացնել 2020 թվականին, բայց բոլորիս հայտնի պատճառներիոց ելնելով՝ չիրագործվեց, իսկ հետո էլ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Ընկերներիս հետ միասին որոշել ենք ճամփորդել, հատկապես շատ եմ ուզում լինել Բարսելոնայում, բայց դեռ այդ ամենին շատ կա. հուսով եմ, որ նոր խոչընդոտներ չեն առաջանա։ Իրականում այս անգամ, որքան էլ որ կոպիտ կարող է հնչել, մարտական ենք տրամադրված։ Ինչու եմ ընտրել հենց Բարսելոնա քաղաքը, քանի որ այն ինձ գրավում է իր կենդանությամբ, աշխուժությամբ։ Ես միշտ պատկերացրել եմ, որ այդ քաղաքում երիտասարդությունը, կյանքը եռում է։ Եվ կուզենայի մի որոշ ժամանակ որպես զբոսաշրջիկ ապրել այդ քաղաքում»,-նշեց դերասանուհին։

Անդրադառնալով նրա եւ Գեւորգ Մկրտչյանի սիրավեպին՝ դերասանուհին ասաց, որ բաժանվել են միմյանց չհասականալու պատճառով? «Իմ եւ Գեւորգի բաժանման մեջ հատուկ ինչ-որ պատճառներ չկան, պարզապես ժամանակը, միմյանց հետ չհասկացվածությունը, որոշակի թեմաների շուրջ միմյանց կարծիք չկիսելը մեզ հանգեցրեց այդ որոշմանը։ Եվ եկավ մի շրջան, որ որոշեցինք բաժանվել, քանի որ մեր տեսակետներն ու գաղափարները տարբեր են։ Իհարկե, մենք բաժանվել ենք վերջնական երկար մտածելուց հետո, բայց կարծում եմ, որ այս կյանքում ամեն բան էլ հնարավոր է, եւ ոչ մի բան միանշանակ չէ, երբեք չեմ կարող ասել, որ այլեւս մենք չենք կարող մեր հարաբերությունները վերականգնել։ Այս պահին դեռ իմ սրտում Գեւորգն է, եւ այն ազատ չէ ինչ-որ մեկ այլ նոր հարաբերություններ սկսելու համար։ Կարծում եմ՝ իսկական, անկեղծ սերը միանգամից մոռանալ հնարավոր չէ։ Ես դեռ սիրում եմ եւ չեմ մոռացել Գեւորգին։ Այժմ Գեւորգի հետ շփվում ենք ժամանակ առ ժամանակ որպես ընկերներ՝ կապը զուտ մարդկային տեսանկյունից փորձելով պահպանել»։

Իրինա Այվազյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին ունի նոր եւ հետաքրքիր գործնական առաջարկ, որը դեռ գտնվում է  քննարկման փուլում։

«Այս պահին, ցավոք սրտի, որեւէ ծրագրում կամ սերիալում չկամ, ունեմ գործնական առաջարկ, որը դեռ գտնվում է քննարկման փուլում։ Հուսով եմ, որ շատ շուտով նորություն կունենամ հայտնելու իմ երկրպագուներին։ Առաջարկը հեռուստաընկերությունների կողմից է, որտեղ թերեւս իմ կյանքում առաջին անգամ պետք է հանդես գամ հաղորդավարուհու կերպարով։ Այս պահին ամեն բան գտնվում է դեռ քննարկումների փուլում, ցավոք սրտի, մանրամասներ, փակագծեր ավելի բացել չեմ կարող, մինչեւ ինքս ամեն ինչ հստակ չիմանամ։ Իսկ ոճային փոփոխությունս, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչի հետ էր կապված, պարզապես մի օր պատահական որոշեցի, որ պետք է մազերս կարճ կտրեմ, եւ այդպես էլ արեցի»,-հավելեց նա։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԻՍՊԱՆԱՑԻ ԴԻՐԻԺՈՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ

«Իսպանական կրքեր եւ երազներ» խորագրով համերգին Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա հանրահայտ իսպանացի դիրիժոր Ռիկարդո Կասերոյի ղեկավարությամբ: Նվագախմբի հետ, որպես մենակատար, ելույթ կունենա իսպանացի տրոմբոնահար Խուան Պարդոն:

 

Երեկոն տեղի կունենա մարտի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Ծրագրում կներկայացվեն Մանուել դե Ֆալյայի «Նախերգանքը» եւ «Կրակի ծիսական պարը» «Կախարդված սերը» բալետից, Էդուարդ Էլգարի «Սերենադ լարայինների համար», Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ռոմանս տրոմբոնի եւ լարային նվագախմբի համար», Էնրիկե Գրանադոսի Ինտերմեցցո «Գոյեսկի» օպերայից, Էդվարդ Գրիգի «Հոլբերգ սյուիտ» երկի 40 ստեղծագործությունները:

Ռիկարդո Կասերոն Իսպանիայի Orquesta Reino de Aragցn-ի գեղարվեստական ղեկավարն է: Նա երաժշտական կրթություն է ստացել Իսպանիայի, ԱՄՆ-ի եւ Անգլիայի երաժշտական մի շարք հաստատություններում եւ արժանացել բազում միջազգային մրցանակների: Իր կարիերան սկսել է աշխարհահռչակ դիրիժորներ Զուբին Մետայի, Լորին Մաազելի, Ռիկարդո Շայիի, Վալերի Գերգիեւի հետ սերտ համագործակցությամբ:

Լինելով պահանջված Եվրոպայում՝ որպես հրավիրյալ դիրիժոր պարբերաբար հանդես է գալիս Մարսելի օպերային (Ֆրանսիա), Ֆերենց Լիստի կամերային (Բուդապեշտ), Halle Staatskapelle (Գերմանիա), Տրանսիլվանիայի ֆիլհարմոնիկ, Ռումինիայի ազգային ռադիոյի, Ուկրաինայի ազգային ֆիլհարմոնիկ, Վալենսիայի  սիմֆոնիկ, Գալիցիայի թագավորական ֆիլհարմոնիկ եւ շատ այլ նվագախմբերի հետ:

Խուան Պարդոն 2018-ից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահարների կոնցերտմայստերն է: Մինչ այդ եղել է Մեքսիկայի առաջատար նվագախմբերի, այդ թվում՝ Orquestra Filarmցnica de Jalisco-ի (2010-2017) տրոմբոնահարների կոնցերտմայստերը: Հանդես է եկել աշխարհի տարբեր նվագախմբերի կազմում՝ իսպանացի եւ այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: Նվագախմբային ելութներից բացի, Պարդոն հանդես է գալիս որպես մենակատար, նաեւ կամերային համերգներով: Ակտիվ մանկավարժական գործունեություն է ծավալում Հայաստանում եւ արտերկրում: Խուան Պարդոն փողային նվագարաններ արտադրող հեղինակավոր S.E. Shires Company-ի պաշտոնական արտիստն է:

 

 

 

 

ՀՖՖ ԴԵՍՊԱՆ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելլին նշանակվել է Հարավային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: «Առաջին հերթին շատ երջանիկ եմ կրկին հայկական ֆուտբոլում ներգրավված լինելու հնարավորության համար: Կանեմ առավելագույնը՝ Հայաստանին վերադարձնելու այն ամենը, ինչ այդ երկիրն է տվել ինձ: Իմ գործառույթներից մեկը կլինի տարբեր միջոցառումների ժամանակ Հայաստանը ներկայացնելը: Բացի այդ, ես պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատեմ Հարավային Ամերիկայում հայկական սփյուռքի հետ: Հնարավոր է՝ կարողանամ նոր ֆուտբոլիստներ հայտնաբերել, որոնք ապագայում կհամալրեն Հայաստանի ազգային հավաքականը: Ես մեծ ցանկություն ունեմ սովորելու: Վստահ եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի ինձ այդ հարցում, իսկ ես կփորձեմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում»,- ասել է Մարկոսը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում:

 

 




Լրահոս