ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ջրվեժում

 

Երեկ Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են Mercedes եւ ԹԸի 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով հինգ հոգուց երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի», երկուսը՝ «Աբովյան» բժշկական կենտրոններ։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է փոխվում կենսաթոշակի տեսակը:

Սուսաննա Վարդանյան (63 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումումը մինչեւ կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը: Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից` նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է՝ կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հետեւյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափին գումարվում է մահացած կերակրողի հաշվարկված կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչով են պայմանավորված ՀՀ դրամի փոխարժեքի տատանումները:

 Համլետ Միրզոյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Միրզոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետեւանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են:

Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը: Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող է փոփոխվել նաեւ մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են մասնավորապես կառավարության ծախսերը, Կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձեւավորվող սպասումները: Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տեւական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ՝ կայուն տնտեսական աճով պայմանավորված ազգային արժույթի արժեքավորումը), կարող է կրել սեզոնային բնույթ (երբ, օրինակ, ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) եւ կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների (օրինակ` կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի) ազդեցության արդյունք է:

Կենտրոնական բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գնաճի ծրագրավորված մակարդակն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է փողի քանակի ծավալային կարգավորում` կիրառելով դրամավարկային քաղաքականության ընդունված գործիքակազմը, որի մեջ ներառված են նաեւ արտարժույթի թե՛ առքը, թե՛ վաճառքը:




Լրահոս