«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից պատրաստվում է զորավարժություն իրականացնել Արմավիրի մարզում: Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է՝ դատելով այն իրավիճակից, որ առկա է Հայաստանում՝ Գլխավոր շտաբի ու ՊՆ-ի հակասությունը, ինչպես նաեւ Հայաստանի սահմանների իրավիճակը: Դրան զուգահեռ նկատենք, որ այս օրերին ընթանում են նաեւ վեց շաբաթ տեւողությամբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ այն դեպքում, երբ նախորդ զորավարժությունն ավարտվեց փետրվարի 12-ին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների մասով մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն ոչ ոք չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Զորավարժությունների լուրը ուրախալի է, որ հայկական բանակը ամրանալու փորձեր է անում, բայց ուշագրավ է, որ զորավարժությունների որոշումը կայացվել է պատերազմում վիրավորված հայկական բանակի կատարյալ պառակտման պայմաններում։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը պետի գլխավորությամբ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ Պաշտպանության նախարարությունը հրապարակավ չի կիսում այդ տեսակետը:
Հիշեցնենք, որ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի եւ ԳՇ պետ Օնին Գասպարյանի հարաբերությունները լարված են նախարարի նշանակման օրվանից, եւ դրա բացասական ազդեցությունը բանակի ներքին անկայունության այսօրվա իրավիճակի վրա էական է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ: Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ մյուս զինվորականների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու: Չնայած նրան, որ դատախազությունը մանրամասներ չէր ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցմանը, թե կոնկրետ ինչ է արել Մակարյանը, որ հայտնվել է մեղադրյալի աթոռին, մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Մակարյանը 60-ից ավել քանակությամբ զորքին կոնկրետ առաջադրանք է տվել, որ կատարեն պատերազմի ժամանակ, ինչի հետեւանքով 60-հոգանոց զորքի զգալի մասը անհետ կորել է, եւ մինչ օրս հայտնի չէ, թե ուր են, իսկ մի մասն էլ փախել է: Ըստ էության, նախաքննական մարմինն էլ հենց 60-հոգանոց զորքի առեղծվածային անհետանալու մեջ տեսել է գլխավոր շտաբի պետի տեղակալ Մակարյանի մեղքը: Կասկածներ կան, որ Մակարյանը գիտակցել է, որ 60-հոգանոց զորքին ուղարկում է մահվան դուռը, բայց, անկախ այդ հանգամանքից, նրանց առաջ խնդիր է դրել, ինչն էլ ճակատագրական է դարձել շատերի համար: Հիշեցնենք, որ Մակարյանի անունը այսքանից հետո շրջանառվում է որպես Օնիկ Գասպարյանին հավանական փոխարինող։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գանգատվել են, որ իրենց անվտանգությունը վտանգված է: Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները փողոցներում վերջին ժամանակահատվածում հասարակության կողմից արժանանում են ագրեսիվ վերաբերմունքի, ու վերջին անգամ նույնիսկ միջադեպ է եղել ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ վարչապետից իրենց անվտանգության համար երաշխիքներ են խնդրել պատգամավոր Սոնա Ղազարյանը, Քրիստինե Պողոսյանը, Նազենի Բաղդասարյանը ու մի քանի այլ պատգամավորներ, որոնք տարբեր ժամանակահատվածում արժանացել են ժողովրդի ցասումին: Մենք տեղեկացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հորդորել է այդ հարցով դիմել ուժային կառույցներին, ոստիկանությունում հաղորդագրություններ ներկայացնել, որպեսզի զբաղվեն այդ հարցերով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ եղել են պատգամավորներ, որոնք արդեն դիմել են ոստիկանություն իրենց վրա հարձակվողներից պաշտպանվելու համար։ Հիշեցնենք, որ «հարձակումներ» են եղել Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ինչպես նաեւ իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի որդուն էին փորձել ծեծի ենթարկել:
Հայաստանում այս տարվա հունվարին ծնվածների թիվը պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2019 թվականի հունվարին ծնվածների թիվը կազմել է 3020, 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 2846, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 2795: Բացի այս, ավելացել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 21-ից հասնելով 36-ի: Մյուս նորությունը. Հայաստանում սկսել են քիչ ամուսնալուծվել: ՀՀ վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվարին ամուսնալուծության դեպքերը կազմել են 280, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծությունները պակասել են 28-ով: Մյուս կողմից՝ ավելացել են ամուսնությունները՝ 2019-ի հունվարին՝ 1070, 2020-ի հունվարին՝ 1000, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1123: Մի շարք մասնագետների խոսքերով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը: