ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԿՐԿԻՆ ԿԱՌԱՋԱԴՐԵՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավոր Արսեն Մկրտչյանի չընտրվելը Վճռաբեկ դատարանի դատավոր դեռ ոչինչ չի նշանակում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նրա թեկնածությունը կրկին կառաջադրեն ու կբերեն Ազգային ժողով: Ի դեպ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում կարծում են, որ Մկրտչյանը լինելու է իշխանության աչքն ու ականջը Վճռաբեկ դատարանում, քանի որ մյուս դատավորները չեն ենթարկվում իշխանություններին:

 

Սակայն մինչ դատավոր Արսեն Մկրտչյանը իշխանությունների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերում, մեզ հասած լուրերի համաձայն, դատական համակարգում փորփրել են վերջինիս իրավաբանական կրթության հարցը եւ լուրջ բացահայտումներ են արել: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկանածուների շուրջ քննարկումների ժամանակ մամուլով տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ թեկնածուներից Արսեն Մկրտչյանը գաղտնի հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ճաշել նրա հետ եւ ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ: Այդ տեղեկությունն առիթ հանդիսացավ ստուգելու Արսեն Մկրտչյանի կենսագրական տվյալները, ինչի հետեւանքով բացահայտվեցին ցնցող հանգամանքներ:

Ըստ court.am կայքի տվյալների՝ Արսեն Մկրտչյանը 1993 թվականի հունիս ամսից մինչեւ 1994 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայել է ՀՀ զինված ուժերում: Նա 1991 թվականին ընդունվել է Երեւանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետ, որն ավարտել է 1996 թվականին: 2008 թվականին Արսեն Մկրտչյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, 2014 թվականին ազատվել է պաշտոնից եւ նշանակվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2016 թվականին կրկին նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, իսկ 2018 թվականին՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

Փաստորեն ստացվում է, որ Զինված ուժերում ծառայելու ընթացքում Արսեն Մկրտչյանը միաժամանակ սովորել է Երեւանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում, մասնակցել դասընթացներին, հանձնել քննություններ, մինչդեռ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իրականում ծառայության ընթացքում նա փաստացի չի սովորել «Գլաձոր» համալսարանում: Անհասկանալի է նաեւ Արսեն Մկրտչյանի՝ ՀՀ զինված ուժերում ծառայության տեւողությունը, որը կազմել է 1 տարի 6 ամիս:

Ըստ ստացված տվյալների՝ նշված հանգամանքը հայտնի է եղել թե՛ 2008 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանին նշանակելու, թե՛ 2016 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր եւ թե՛ 2018 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ նշանակելու ժամանակ: Ավելին, ստացված հավաստի տվյալների համաձայն՝ 2018 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդում քննարկման առարկա է դարձել Արսեն Մկրտչյանի՝ միաժամանակ զինվորական ծառայություն անցնելու եւ համալսարանում սովորելու հարցը: Պարզվել է, որ Արսեն Մկրտչյանը իրականում չի հաճախել դասընթացներին, նրա անունը բացակայել է ուսանողների հաշվառման հիմնական փաստաթղթերում, ունի ընդամենը միջազգային իրավունքի կրթություն: Նշված հանգամանքները, սակայն, ինչ-ինչ պատճառներով թաքցվել են: Վերը նշված հանգամանքները հայտնի են եղել նաեւ 2020 թվականի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդում Վճռաբեկ դատարանի թեկնածուների ընտրության ժամանակ, մինչդեռ խորհրդի անդամների կողմից դրանք կրկին թաքցվել են:

Իսկ ամենակարեւոր բացահայտումն այն է, որ Արսեն Մկրտչյանը դատավոր եւ դատարանի նախագահի պաշտոններում նշանակվել է՝ չունենալով օրենքով պահանջված բարձրագույն իրավաբանական կրթություն: Հատկանշական է, որ ՀՀ Ազգային ժողովում փաստացի քննարկվել է միջազգային իրավունքի մասնագիտություն ունեցող անձին Վճռաբեկ դատարանի դատավոր նշանակելու հարցը՝ առանց պարզելու Արսեն Մկրտչյանի նշված պաշտոնին համապատասխանելու հարցը կամ դիտավորյալ թաքցնելով այդ հանգամանքը: Միաժամանակ, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներկայումս պաշտոնավարող դատավորները բոլորն էլ ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն, ավարտել են տարբեր ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետները, բացի Արսեն Մկրտչյանից:

 

 

ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ

Խոշոր եւ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:25-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Kia, 2 Mercedes եւ Renault Logan մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 5 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվ են գործել Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը:  Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել երկուսի գազաբալոնը: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ներից մեկը ու Kia-ն ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված են եղել:

 

 

ՎԻՐԱՎՈՐՈՒՄ

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 02:00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում՝ հրազենային, իսկ գլխի մասում մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Մուրադյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, այդ պահին ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու:  Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշենք, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել տաքսի ավտոմեքենայով, եւ տեղափոխողի ինքնությունը ոստիկանները պարզել են:

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԳԵՐԻՆԵՐԻՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է հայ գերիների խնդրին: Փալոնը գրել է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել: «Անցյալ տարի հակամարտության ժամանակ (արցախյան 44-օրյա պատերազմ-հեղ.) Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել: Նրանք շարունակում են պահել հարյուրավոր հայերի՝ դրանով իսկ խախտելով միջազգային իրավունքը: Ես անձամբ խոսել եմ Բայդենի (Ամերիկայի Միացյալ Նահանգներ նախագահ Ջո Բայդեն- հեղ.) վարչակազմի հետ, որպեսզի անհապաղ լուծվեն այդ խնդիրները», – գրել է Ֆրանկ Փալոնը:

 

 

 

ԲԿ-ԻՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

2018թ. դեկտեմբերի 5-ին Համլետ Հարությունյանը վնասի հատուցման պահանջով, ընդդեմ  Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող  Իջեւանի բժշկական կենտրոնի, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել: Հայցի մեջ նա հայտնել է, որ 1986թ. Իջեւանի շրջանային հիվանդանոցում աշխատանքի է ընդունվել որպես պոլիկլինիկայի հոգեբույժ-նարկոլոգ։ 1994թ. նա նշանակվել է Իջեւանի  շտապ օգնության կայանի վարիչ։ 1994թ. օգոստոսի 6-ին շտապ օգնության անձնակազմով հիվանդին  օգնություն ցուցաբերելու ընթացքում  հոգեկան հիվանդը դանակով հարվածել  եւ վնասել է Հ. Հարությունյանին, վերքը եղել է շատ վտանգավոր,  բժիշկները փրկել են նրա կյանքը;  ԲՍՓՀ-ի որոշմամբ՝ Հ. Հարությունյանը ճանաչվել է 3-րդ խմբի հաշմանդամ, անժամկետ,  աշխատանքային  խեղման  չափը   որոշվել է  60 ոկոս։

2008թ. մինչեւ 2017թվականը  նա աշխատել է  Իջեւանի բժշկական կենտրոնում, մինչեւ 2008թ.  ստացել է փոխհատուցում, սակայն դրանից հետո նրան անհայտ պատճառներով դադարեցրել են  վճարումները,  բանավոր հարցումներին պատասխանել են, որ կհաշվարկեն, կվճարեն, սակայն չեն վճարել։ Հայցվորը համարել է, որ «Իջեւանի  բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն հանդիսանում է  Իջեւանի հիվանդանոց ՓԲԸ-ի իրավահաջորդը, վնասը պետք է փոխհատուցվի իրավահաջորդի կողմից։ Հայցվորը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածներ, դատարանին խնդրել է  ՀՀ Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ  գործող  «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից որպես վնասի հատուցում 2008թ. մինչեւ 2018թ. նոյեմբերը ներառյալ ժամանակահատվածի  հաշվարկով  բռնագանձել 1 միլիոն 905 հազար 600 դրամ։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Իջեւանի ԲԿ-ն աշխատանքային պարտականությունները կատարելու հետ կապված խեղման համար  պարտավոր էր Հ. Հարությունյանին վճարել սահմանված փոխհատուցում։ Հաշվի առնելով, որ 2015-2018թթ. նվազագույն աշխատավարձը կազմել է  55 հազար դրամ, դատարանը գտել է, որ 2015թ. դեկտեմբերից մինչեւ 2018թ. նոյեմբեր ամիսը ներառյալ ժամանակահատվածի համար  բռնագանձման  գումարը կազմում է 633 հազար 600  դրամ, ինչ  վերաբերում է 2008թ. մինչեւ 2015թ. նոյեմբեր ամիս ժամանակահատվածի համար փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջին, դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական  օրենսգրքի  344 հոդվածի 3-րդ կետի պահանջը  հաշվի առնելով՝ այն չի կարող բավարարվել։ 2021թ. փետրվարի 5-ին Իջեւան քաղաքում դատավոր Արման  Կուրեխյանը վճռել է  Հ. Հարությունյանի հայցը  բավարարել մասնակի, Իջեւանի բժշկական կենտրոնից հօգուտ Հ. Հարությունյանի բռնագանձել 633 հազար 600 դրամ, Իջեւանի բժշկական կետրոնից, որպես պետական տուրքի գումար, բռնագանձել  12 հազար 672 դրամ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս