ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԽՍՏԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեզ մոտ մի քանի ամիս է, ինչ առկա է վարակի կայունացում, այնպես որ թվերի աճը հակահամաճարակային միջոցառումների նվազման հետ կապել պետք չէ»,- ներկայացրել է բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում կորոնավիրուսով վարակվածների թվի աճին եւ հնարավոր պատճառներին:

 

«Հակահամաճարակային միջոցառումնեը խստացնելու կարիք միանշանակ չկա, նույնիսկ եթե թվերը հասնեն 400-ի: Մենք տեսանք, որ խստացումները ոչնչի չբերեցին, իսկ դիմակները պետք է կրել այնտեղ, որտեղ անհրաժեշտ են. կրկին անցնել բացօթյա տարածքում դիմակ կրելու պարտադրանքին աբսուրդի է վերածվելու: Դիմակը իր արդյունավետությամբ 4-րդ, 5-րդ տեղում է, համաճարակի կառավարումը ավելի մեծ արդյունավետություն ունի, օրինակ, կոնտակտավորների վերահսկում, վաղ հայտնաբերում, մեկուսացում, բուժում. դա տասնյակ անգամ ավելի արդյունավետ է, քան դիմակ դնելը»,- ընդգծել է նա:

Արդյոք հնարավո՞ր են վարակի կրկնակի դեպքեր. բժիշկն ընդգծել է, որ պետք է նկատի ունենալ, որ կարող են լինել եզակի կրկնավարակի դեպքեր, բայց դրանք համաճարակի վրա ազդեցություն ունենալ չեն կարող.

«Միանշանակ է, որ չկա այդպիսի մասսայական երեւույթ, որովհետեւ արդեն մեկ տարի է՝ վարակը սկսվել է, Եվրոպայում մեծ տարածում ունեցավ, ու եթե այդ տրամաբանությամբ նայենք, կրկին պետք է վարակը ուժգնանար, բայց նման բան չկա: Պետք է հասկանալ, որ վարակը բնության օրենքներին է ենթարկվում, եւ վարակված ու առողջացած անձի մոտ 1-2 տարի պահելու է բավականին լավ իմունիտետ, որից հետո կարող է իմունիտետը թուլանալ. եթե անգամ իրենք վարակվեն, ապա շատ ավելի բարենպաստ ընթացք կունենա»:

Հովհաննիսյանի խոսքով՝ մեր մոտ թվերի աճ նկատվեց հոկտեմբերին, որին խթանեց պատերազմական վիճակը, եւ այդ ընթացքում մեծ քանակով մարդիկ վարակվեցին, ապա ալիքը նվազեց: Բացի այդ, բժշկի կարծիքով, այսօր քաղաքական իրավիճակը այնպիսին է, որ շահարկումներ կարող են լինել ցանկացած ոլորտում՝ ներառյալ առողջապահական, եւ դա հաշվի չառնել հնարավոր չէ:

«Վարակվածության պաշտոնական թիվն անցել է 170 հազարը, բայց պարզ է, որ դա մի քանի անգամ ավել է, մի քիչ դժվար է հաշվարկել, գնահատվում է, որ պետք է վարակվածների եւ ապաքինվածների թիվը մոտենար բնակչության կեսին եւ գնար վարակի կայունացման, ալիքաձեւ բռնկումներ չլինեին, հիմա տագնապային վիճակ չէ, թոքաբորբի դեպքերը շատ չեն, ԿՏ-ի (համակարգչային տոոմգրաֆիա-խմբ.) հերթեր չկան»:

Անդրադառնալով պատվաստումներին՝ բժիշկը նշեց, որ նախեւառաջ պետք է պատվաստանյութի հավասարակշռված ընտրություն կատարվի, պետք է ընտրվի մաքսիմալ արդյունավետն ու անվտանգը, որի վրա մեծ ազդեցություն չեն թողնում մարկետինգային քայլերը, եւ պետք է ճիշտ ընտրվեն թիրախային խմբերը. «Պետք է պաշտպանենք այն մարդկանց, որոնք եթե վարակվեն, ապա անբարենպաստ ելքի հավանականությունը մեծ է: Չգիտենք, թե 5 կամ 10 տարի հետո պատվաստանյութն ինչ ազդեցություն կունենա, բայց 80-անց անձանց պետք է անպայման պատվաստել, իսկ 30 տարեկաններին պատվաստելը, իմ կարծիքով, սխալ է. պետք է հասկանալ, որ խմբերն ունեն պատվաստման կարիք»:

 

 

 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՄ-ԻՆ

ԵՄ պատվաստումների ձախողումը 2021 թվականի առաջին եռամսյակում համայնքին սպառնում է շուրջ 100 միլիարդ եվրոյի ներդրումների եւ զբոսաշրջության երկրորդ սեզոնի կորստով. հաղորդում Bloomberg-ը:

 

Պատվաստումների ձախողումը Եվրոպական միությունում մտահոգում է աշխարհի խոշորագույն ներդրողներին, ովքեր տեսնում են, որ բիզնեսի վերսկսման դանդաղ տեմպը (կարանտինային միջոցառումների պատճառով ԵՄ երկրների մեծ մասում ծառայությունները եւ զբոսաշրջությունը մեծամասամբ փակ են) սպառնում է խաթարել տնտեսական աճի վերսկսումը. նշում է գործակալությունը: Բիզնեսի բացման` մեկ կամ երկու ամսով ձգձգումը սպառնում է 50 միլիարդից մինչեւ 100 միլիարդ եվրոյի կորստով Եվրոպական միության տնտեսության համար. նշում է Bloomberg-ը:

Եվրոպական ներդրումային ֆոնդերն արդեն երրորդ շաբաթն անընդմեջ կապիտալների արտահոսք են գրանցում, մինչդեռ Bank of America-ն եւ BlackRock Investment-ը նախազգուշացնում են, որ Եվրոպայում կորոնավիրուսի դեպքերի շարունակական աճը կարող է խաթարել ներդրողների երկարաժամկետ ռազմավարությունները. ընդգծում է գործակալությունը: ԵՄ-ն, որը մինչ այժմ պատվաստանյութի 8 դեղաչափ էր օգտագործում իր 100 բնակչի հաշվով, պատվաստումների մակարդակով հետ է մնում նույնիսկ ԱՄՆ-ից (33 դեղաչափ) եւ Մեծ Բրիտանիայից (25 դեղաչափ): Գործակալությունը որպես դրա պատճառներ նշում է քաղաքական տարաձայնությունները, մատակարարման խափանումները, բյուրոկրատական ձգձգումները եւ հասարակության անվստահությունը:

Գործակալությունը կարծում է, որ ԵՄ-ն ամռան վերջին հնարավորություն ունի պատվաստել իր չափահաս բնակչության 75 տոկոսը, ինչը համահունչ է Եվրահանձնաժողովի պատվաստումների ռազմավարության վերջին տարբերակին, սակայն կարող է շատ ուշ լինել, քանի որ դա չափազանց կարեւոր ամռան ամիսների կորուստ կնշանակի: Արդյունքում ԵՄ-ն կարող է կորցնել երկրորդ տուրիստական սեզոնն անընդմեջ:

Եվրահանձնաժողովի տվյալներով` առաջին եռամսյակում ԵՄ 27 երկրներ ակնկալում են Բրյուսելում կնքված պատվաստանյութերի նախնական պատվերների պայմանագրերով ստանալ հաշվարկված դեղաչափերի մոտ մեկ երրորդը` 106 միլիոն դեղաչափ: Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ մատակարարումները կկայունանան, եւ գնահատված 300 միլիոն դեղաչափին կհասնեն երկրորդ եռամսյակում, մինչդեռ երրորդ եռամսյակում ԵՀ-ն հույս ունի, որ ԵՄ-ն մոտ 900 միլիոն դեղաչափ կստանա, ինչը հնարավոր կլինի, եթե ԵՄ շուկա նոր արեւմտյան պատվաստանյութեր ներմուծվեն, մասնավորապես` Johnson & Johnson ընկերությունից, որի հետ Եվրահանձնաժողովը նախորդ տարի եւս պատվաստանյութերի նախնական պատվերի պայմանագիր էր կնքել:

 

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Բերդ համայնքի մաս կազմող  սահմանամերձ Այգեպար գյուղը հիմնվել է 1930-ական թվականների վերջին ծխախոտի ֆերմենտացիոն գործարանի  հենքի վրա։ Այգեպարը շատ մոտ է գտնվում Ադրբեջանի Թովուզի շրջանին, գյուղը տուժել է 2020թ. հուլիսի 12-14-ը ադրբեջանական հրետակոծության  եւ գնդակոծության հետեւանքով։  650 բնակիչ ունեցող Այգեպարի հիմնախնդիրներից է գյուղի գերեզմանատան տարածքում հուղարկավորությունների համար ազատ հողատարածքներ չլինելը։  Բերդ քաղաքը  եւ  Բերդի տարածաշրջանի 16 գյուղերը ընդգրկող  Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն այգեպարցիներին խոստացել էր, որ հիմնահարցը լուծում կստանա։ Համայնքի  ղեկավարն այդ կապակցությամբ  բանակցել  է Ռուսաստանի Դաշնությունում  բնակվող, Մովսես գյուղի բնակիչներ  Մաքսիմ Վանեսյանի եւ  Սերոբ Վանեսյանի հետ, որոնց հետ պայմանավորվածությունների շրջանակում Ս. Վանեսյանը համայնքին աջակցելու նպատակով իր  հողատարածքը տրամադրելու պատրաստակամություն է հայտնել: Նրա  կողմից  տրամադրվող  հողատարածքը  կծառայի  որպես Այգեպարի  գերեզմանոցի նոր տարածք: Բերդ համայնքից հայտնում են, որ  առաջիկայում կսկսվեն գյուղի գերեզմանատան նոր տարածքի  համար  փաստաթղթային ձեւակերպումները։ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը Այգեպարում հուղարկավորությունների կազմակերպման նպատակով  իր հողատարածքը համայնքին տրամադրելու համար Սերոբ Վանեսյանին  պատվոգրով  է պարգեւատրել։

 

 

ՎԵՐՋԱՊԵՍ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ

Իջեւան քաղաքի շուկայի մոտ ավտոմեքենաների եւ հետիոտների տեղաշարժը տարիներ շարունակ կանոնակարգված չէ, ինչի հետեւանքով միջպետական ավտոճանապարհի այդ հատվածում  հաճախ  խցանումներ  են առաջանում: 2015թ. Տավուշի մարզպետ  Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ  Իջեւանի շուկայի դիմաց մեքենաների  երթեւեկն ապահովելու համար արգելապատնեշ  տեղադրվեց, ինչը նվազեցրեց  խցանումները, սակայն հետիոտների անցման համար նախատեսված տեղով բնակիչները մեկ-մեկ հատելով  միջպետական ճանապարհին խոչընդոտներ են ստեղծում մեքենաների երթեւեկի համար: Մարզպետ Հ. Աբովյանը նախատեսում էր  2017 թ.-ին  հետիոտների ստորգետնյա կամ վերգետնյա անցում կառուցել,  բետոնե  արգելապատնեշների  երկարությունը ավելացնել, սակայն դրանք չիրականացան։  2017թ. մայիսի 10-ին Իջեւանի բնակիչները, ի նշան բողոքի, փակել էին միջպետական ավտոճանապարհը, նրանց պահանջներից մեկը նշված բետոնյա արգելապատնեշները հանելն էր։  Իջեւան համայնքի  ավագանին  2021թ. մարտի 4-ի նիստում որոշել է  քաղաքային շուկայի դիմաց երթեւեկությունը կարգավորող լուսացույցներ տեղադրել  եւ Իջեւանի փողոցներում գծանշումներ կատարել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս