ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԲՈՐԲՈՔԵՑ ԿՐՔԵՐԸ          

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 25-ից մինչ օրս՝ 13 օր, ՀՀ ՊՆ ԶՈՒ  գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հարցն այդպես էլ լուծում չի ստանում: Ինչպես հայտնի է, այդ օրը Գլխավոր շտաբը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, հայտարարություն էր տարածել՝ ասելով, թե ԶՈւ սպաները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դրանից հետո վարչապետը միջնորդություն էր ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու հարցով, որը մեկ անգամ նախագահն արդեն հետ ուղարկեց Փաշինյանին, սակայն փետրվարի 28-ին նա կրկին նույն միջնորդությունն ուղարկեց  Արմեն Սարգսյանին, որը վերջինս ո՛չ ստորագրեց, ո՛չ էլ ուղարկեց Սահմանադրական դատարան, եւ մինչեւ օրս ԳՇ պետի պաշտոնանկության հարցը հանգուցալուծում չի ստացել: Բանն այն է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի («Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով … նախատեսված հարցերի վերաբերյալ գործերի քննությունը») 1-ին մասին համապատասխան` այդ հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է հանրապետության նախագահը իր առարկություններն իրավասու մարմնի կողմից չընդունվելու պահից եռօրյա ժամկետում, եթե գտնում է, որ իրեն ներկայացված առաջարկությունը/ միջնորդությունը հակասում է Սահմանադրությանը:  Նախագահին Սահմանադրությամբ տրված ժամկետն ավարտվել է, քանի որ վերջինս եռօրյա ժամկետում չի դիմել Սահմանադրական դատարան: Եվ, չնայած դրան, տարբեր մասնագետներ այս հարցը տարբեր կերպ էին մեկնաբանում, քանի որ հարց է, թե ՀՀ նախագահը կարող է համապատասխան օրենքի դրույթների սահմանադրականության վիճարկման համար դիմել Սահմանադրական դատարան, այլ ոչ թե հենց վարչապետի միջնորդության մասով, թե ոչ:  Երեկ՝ 18:00-ի դրությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ չէր դիմել Սահմանադրական դատարան: Սակայն, ամեն դեպքում, նկատենք՝ եթե անգամ նա դիմի, ապա դա ոչ թե խնդրի լուծում է լինելու, այլ պարզապես հարցի հետաձգում, մինչեւ Սահմանադրական դատարանը 10 օրվա ընթացքում համապատասխան որոշում կայացնի:

Այսինքն՝ Օնիկ Գասպարյանի շուրջ կրքերը էլի կշարունակեն բորբոքվել, ու բացված վերքը չի սպիանա։

 

 

 

Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ իր մանդատի իրականացման գործում թերացումների եւ ոչ համագործակցային աշխատելաոճի համար դադարեցվել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը: Թեեւ համացանցում լուրեր էին տարածվել, թե հայաստանյան գրասենյակի արդեն նախկին ղեկավարը լրտեսություն է արել՝ հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի, սակայն ՀՀ ԱԳՆ-ն դա պաշտոնապես չհաստատեց՝ ազատման իրական պատճառի մասին այդպես էլ չխոսելով: «Ժողովուրդ» օրաթերթը գնաց այս տեղեկությունների հետքերով, եւ ուժային կառույցներին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչով զբաղվել է ԱԱԾ հակահետախուզությունը, սակայն զարմանալի դանդաղկոտությամբ այս մասին տեղեկությունը տարածվեց պատերազմից միայն չորս ամիս անց, ու այդպես էլ հայտնի չդարձավ՝ ԱԱԾ-ն երբ է նրա լրտեսությունը բացահայտել: Եւ տարօրինակ է, թե ինչու նրա նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել, այլ միայն կառավարության որոշմամբ նա պաշտոնանկ արվեց: Ինչպե՞ս է նա կարողացել անարգել դուրս գալ Հայաստանից: Ամեն դեպքում, մեզ հայտնի չէ, թե Մարիան Քլարկ-Հաթինգը ուր է եղել 44-օրյա պատերազմի օրերին, ինչ տեղեկությունների է տիրապետել, ինչու նա այդ ընթացքում երբեւէ չի արձագանքել Ադրբեջանի տարբեր վայրագություններին երեխաների նկատմամբ այն դեպքում, երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր առաքելություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը: Եվ այս իրավիճակում հարց է առաջանում՝ արդյոք մենք ունե՞նք Ազգային անվտանգության ծառայություն, որը պետք է զբաղվի մեր երկրի անվտանգության սպառնալիքները չեզոքացնելով, նաեւ լրտեսներին բացահայտելով, թե՞ այլեւս այդ կառույցի գլխավոր առաքելությունը «ֆեյք» բռնելն է կամ սատանաներ որսալը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տարբեր շրջանակներից տեղեկություններ է ստանում այն մասին, որ Ամուլսարում առաջիկայում հանքի շահագործման թույլտվությունը վերջնականապես կհաստատվի: Ավելին, ըստ տեղեկությունների, նույնիսկ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին այս ժամանակահատվածում «Գեոպրոմայնինգ» ընկերությունը բանավոր խոստանում է, որ առաջիկայում Ամուլսարը շահագործվելու է, եւ ազատվածները կարող են այնտեղ տեղավորվել աշխատանքի: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե որքանով է իրական Ամուլսարի շահագործման հարցը: Վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ նրա մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը փոխանցեց, որ նախարարը օրերս է հայտարարել, որ խնդրել է ժամանակ փորձագիտական շրջանակների հետ ավելի մանրամասն հարցը քննելու ու ըստ էության դրան պատասխանելու համար: «Ես բոլոր շրջանակների հետ աշխատելու եմ բաց, շիտակ ու թափանցիկ, ու չի լինելու մի փաստարկ, որը չքննարկվի, ես դա երաշխավորում եմ անձամբ ու ի պաշտոնե»,- օրերս հայտարարել էր նախարարը: Իսկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, նույն թեմայի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան, ասաց. «Ամուլսարի մասով որեւէ բան չեմ կարող ասել, նման տեղեկություն չունեմ, բայց հանքի տնօրինության հետ եմ խոսում, տեղյակ եմ, որ այն մարդիկ, ովքեր աշխատանքը կկորցնեն, հանքի տնօրինությունը նրանց առաջիկայում իրենց հիմնարկներում՝ Արարատում, Ագարակում, փորձելու է հնարավորինս տեղավորել աշխատանքի»: Նշենք, որ, չնայած խոստումներին, այս պահի դրությամբ մոտ 110 աշխատակից գործազուրկ է:

 

 

 

Հայաստանը Թուրքիայից բավականին մեծ քանակությամբ լոլիկ, վարունգ է ներկրել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա ընթացքում Թուրքիայից Հայաստան է մտել 1 մլն 732 հազար 400 տոննա լոլիկ, իսկ 2019 թվականին Հայաստանը ներմուծել էր 2 մլն 893 հազար 100 տոննա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշ քանակությամբ լոլիկ ներմուծվել է նաեւ Իրանից՝ 241 տոննայի չափով: Բացի այս, Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ նախորդ տարվա ընթացքում ներկրվել է նաեւ վարունգ՝ 1 մլն 913 հազար տոննայի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստան ծիրան է ներմուծվել ոչ միայն Իրանից, Վրաստանից, այլեւ Թուրքիայից: Օրինակ՝ ՀՀ թուրքական ծիրան նախորդ տարվա ընթացքում ներմուծվել է 2045 տոննա: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ Իրանից ներմուծվել է 2726 տոննա, Վրաստանից՝ 7528 տոննա ծիրան: Նշենք, որ թուրքական եւ իրանական ծագմամբ լոլիկի ու վարունգի ներկրումը մեծ հարված է տեղական արտադրությանը: Քանի որ ներկրված լոլիկն ու վարունգը շուկայում եւ սուպերմարկետներում բավականին էժան գնով են վաճառվում, հայ արտադրողները տուժում են: Բանն այն է, որ գյուղացիները վարկեր են վերցնում, լուրջ ծախսեր են կատարում, ձմռան ամիսներին ջեռուցում են ջերմատները, որ լոլիկ եւ այլ մշակաբույսեր աճեցնեն, մի քանի ընկերություններ, դրսից ներկրելով անհայտ բաղադրության լոլիկ ու վարունգ, տեղի արտադրողին դուրս են մղում շուկայից, աղքատացնում, իսկ իրենք լուրջ շահույթ են գեներացնում:

 




Լրահոս