Կառավարությունը որոշել է դադարեցնել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը։ Պաշտոնական պարզաբանումը տարածվեց մամուլում շրջանառվող այն լուրերից հետո, թե Քլարկ-Հաթինգին Հայաստանի իշխանությունները «պերսոնա նոն գրատա» են հայտարարել՝ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի համար լրտեսություն անելու պատճառով։ Մինչդեռ հատկանշական է, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը չի հաստատում այդ պնդումները եւ սահմանափակվում է կարճ մեկնաբանությամբ։
Քլարկ-Հաթինգին պաշտոնից հեռացնելու որոշման պատճառը, ըստ ԱԳՆ-ի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի՝ իր մանդատի իրականացման գործում թույլ տված թերացումներն ու ոչ համագործակցային աշխատելաոճն է եղել։
«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել նրա պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Վերոնշյալ որոշման մասին տեղեկացել են ՄԱԿ մշտական համակարգողը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները», – հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Կազմակերպությունից նաեւ չեն մանրամասնում, թե մասնավորապես ինչն է եղել կառավարության որոշման պատճառը, միայն ասում են, որ գրասենյակի ղեկավարին հեռացնելու որոշումը գործադիրը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ է համաձայնեցրել։
ՅՈՒՆԻՍԵՖ-ից չեն արձագանքում նաեւ մամուլում տարածվող լուրերին, թե Մարիան Քլարկ-Հաթինգը պաշտոնից հեռացվում է՝ Ադրբեջանի ու Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու պատճառով։
«Այս պահին հիմնվում ենք ԱԳՆ-ի տարածած հայտարարության վրա, ինչ որ տիկին Նաղդալյանն է հայտնել, դրանից ավելին հիմա չենք կարող ավելացնել: Մենք իրեն միշտ ճանաչել ենք որպես բարձր որակավորում ունեցող եւ փորձառու մասնագետ, որը նվիրված է եղել իր գործին, եւ մինչեւ Հայաստան գալը նա աշխատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար Մալայզիայում, Սոմալիում, Գանայում, Մադագասկարում, մի շարք այլ երկրներում», – ասաց Զառա Սարգսյանը:
Հայաստանի գլխավոր դատախազությունից էլ հայտնում են, որ գերատեսչությունը տվյալներ չունի Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի` Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում է դրա մասին հրապարակումները:
Մարիան Քլարկ-Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը ղեկավարում է անցած տարվա հուլիսից։ Մինչ այդ էլ՝ 2016-ից 2020 թվականներին, որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ, պաշտոնավարել է Մալայզիայում։ Նա, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության, տարբեր տարիների կազմակերպությունում իրականացրել է տարբեր աշխատանքներ, իսկ մինչ ՅՈՒՆԻՍԵՖ*ին միանալը Քլարկ*Հաթինգն աշխատել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտի գնահատման բաժնում։ Ի դեպ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից հայտնեցին, որ Մարիան Քլարկ-Հաթինգը Հայաստանում գործունեությունն ավարտելուց հետո մեկնելու է այլ երկիր աշխատանքը շարունակելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գնաց այս տեղեկությունների հետքերով, եւ ուժային կառույցներին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչով զբաղվել է ԱԱԾ հակահետախուզությունը, սակայն զարմանալի դանդաղկոտությամբ այս մասին տեղեկությունը տարածվեց պատերազմից միայն չորս ամիս անց ու այդպես էլ հայտնի չդարձավ՝ ԱԱԾ-ն երբ է նրա լրտեսությունը բացահայտել: Եւ տարօրինակ է, թե ինչու նրա նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել, այլ միայն Կառավարության որոշմամբ նա պաշտոնանկ արվեց: Ինչպե՞ս է նա կարողացել անարգել դուրս գալ Հայաստանից: Ամեն դեպքում, մեզ հայտնի չէ, թե Մարիան Քլարկ-Հաթինգը ուր է եղել 44-օրյա պատերազմի օրերին, ինչ տեղեկությունների է տիրապետել, ինչու նա այդ ընթացքում երբեւէ չի արձագանքել Ադրբեջանի տարբեր վայրագություններին երեխաների նկատմամբ այն դեպքում, երբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր առաքելություններից է երեխաների իրավունքների պաշտպանությունը: Եվ այս իրավիճակում հարց է առաջանում՝ արդյոք մենք ունե՞նք Ազգային անվտանգության ծառայություն, որը պետք է զբաղվի մեր երկրի անվտանգության սպառնալիքները չեզոքացնելով, նաեւ լրտեսներին բացահայտելով, թե՞ այլեւս այդ կառույցի գլխավոր առաքելությունը «ֆեյք» բռնելն է կամ սատանաներ որսալը:
Ն. Հ.
ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից իր հասցեին հնչած վիրավորանքների համար դիմել է Ազգային ժողովի նախագահին եւ պահանջել պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար սահմանված կարգով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով։ «Արման Բաբաջանյանն իր կողմից հնչեցված արտահայտություններով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իմ՝ որպես ԱԺ-ում հարցի քննարկման մասնակցի հանդեպ, դրսեւորել պատգամավորին ոչ վայել վարքագիծ»,-ասվում է ԲԴԽ-ի դիմումի մեջ, որն ուղղված է ԱԺ նախագահին։ Հիշեցնենք, որ մարտի 3-ին՝ ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ, պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասել էր, թե նա ուղղակի չգիտի՝ ինչ «ղալաթ» է բերել իր գլխին նոյեմբերի 15-ի հայտարարությամբ։ «Եկել եք, սատանի մայլեն քյանդրբազություն եք անում, բոլոր տեսակի Ձեր պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն»,- հայտարարել էր պատգամավորը։
ՄԻՊ-Ը ԴԻՄԵԼ Է
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը զեկուցումով է հանդես եկել Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած քննարկմանը՝ ներկայացնելով Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, ՄԹ խորհրդարանի բոլորը կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը եւ այլք։ Արման Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով:
ԸՆՏՐՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ
«Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ մարտի 4-ին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Շնորհավորում ենք Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, մաղթում ուժ, կորով եւ արդյունավետ աշխատանք՝ ի շահ քաղցկեղ ունեցող երեխաների։
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱԳՆ-ԻՑ
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը: «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը՝ որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի մշտական համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշել է Աննա Նաղդալյանը:
ԴԱՎԹՅԱՆԻ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարություններով ավագ սպա: Տեղեկությունը հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը՝ որպես գլխավոր շտաբի պետ, պաշտոնավարել է 2018 թվականի մայիսից մինչեւ 2020թ.-ի հունիս։
ՃԱՆԱՊԱՐՀ ԷԻՆ ՓԱԿԵԼ
Երեկ, իջեըանցիները փակել էին Երեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում սահմաններին: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով իրենք ընդամենն ուզում են, որ մարզպետարանից հաստատեն, որ հողերի, սահմանի հետ կապված հող տալու խնդիր չկա: Այսօր մտահոգություն է առաջացել, որ տարածքներ կարող է հանձնեն թշնամուն: «Երբ ասում են՝ Տավուշի մարզի տարածքից ոչ մի մետր չեն տալու թշնամուն, ուզում եմ հասկանամ, թե իրենց ասած Տավուշի մարզը որտեղից է սկսվում եւ որտեղ է ավարտվում: Մարզպետը ոչ մի անգամ չի ասել, որ օրինակ, Բարխուդարլուն մնալու է Տավուշի տարածքում, ինչպես եղել է միշտ: Սրանով փորձում ենք անհնազանդության ակցիաներ իրականացնել, որ ուշադրության կենտրոնում պահենք հարցը»,-նշել է մասնակիցներից մեկը: