ՎԱՏՆՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐՈՎ ՔՐԳՈՐԾԵՐ ԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի  եւ Ամասիայի բաժիններ օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ Շիրակի  մարզի  գյուղական երկու համայնքների նախկին ղեկավարների աշխատած ժամանակահատվածում համայնքապետարանում թույլ են տվել ֆինանսատնտեսական  բնույթի  մի շարք չարաշահումներ, առերեւույթ յուրացվել կամ վատնվել են համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների համար, ինչպես նաեւ ուսման վարձերի փոխահատուցման նպատակով համայնքային բյուջեներից դուրս գրված դրամական միջոցները:

 

Մասնավորապես, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ ՀՀ Շիրակի  մարզի  Զույգաղբյուր  գյուղի  նախկին  համայնքապետ Գ.Ս.-ի՝ 2008-2016 թվականներին  որպես համայնքի ղեկավար աշխատած ժամանակահատվածում համայնքի բյուջեից, ավագանու որոշումների հիման վրա, որպես ուսանողների ուսման վարձ,  դուրս է գրվել ընդհանուր 2.4մլն ՀՀ դրամ գումար, որից հատկացումներ են կատարվել նաեւ համայնքի բնակիչ չհանդիսացող անձանց, համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների հարազատներին, ինչպես նաեւ համայնքի բնակիչ հանդիսացող, բայց դպրոցը դեռեւս չավարտած անձին: Սակայն նշված գումարից մոտ 1.8մլն ՀՀ դրամ գումարի որպես ուսման վարձ փոխանցման վերաբերյալ փաստաթղթային հիմքերը, այդ թվում՝ գումարների ելքի օրդերները, բացակայում են:

Բացի այդ, Շիրակի մարզի Զույգաղբյուր համայնքի նախկին ղեկավար Գ. Ս.-ն երեխաների հանգիստը կազմակերպելու նպատակով համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր շուրջ 2մլն ՀՀ դրամ գումար, ինչը, որպես սոցիալական աջակցություն, չարդարացված կերպով տրամադրել է համայնքի թվով 6 բնակիչներին, այդ թվում՝ իր հետ ազգակցական կապեր ունեցող անձին, համայնքապետարանի աշխատակիցներին, ավագանու անդամին, սակայն այդ կապակցությամբ կազմված եւ հաստատված փաստաթղթային հիմքեր առկա չեն: Նշված գործողությունների հետեւանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Իսկ մյուս դեպքում նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Արեգնադեմ համայնքի նախկին ղեկավար Ա.Հ.-ի պաշտոնավարման ընթացքում՝ 2010-2015թթ., ավագանու որոշումների հիման վրա, նշված համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություններ տրամադրելու նպատակով համայնքի բյուջեից անվանական 27 բնակիչների տվյալներով դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 1.4մլն ՀՀ դրամ գումար, սակայն նշված բնակիչներն իրենց տրամադրված գումարները չեն ստացել, նրանց այդ գումարները չեն հատկացվել։

Վերը նկարագրվածի հանգամանքները լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ լիարժեք պարզելու նպատակով, նաեւ նկատի ունենալով, որ նշված համայնքների նախկին ղեկավարներն առարկել են վաղեմության ժամկետներ անցնելու հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու դեմ՝ նշված դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես, Զույգաղբյուրի համայնքապետարանին առնչվող դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական  օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի, 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Արեգնադեմի համայնքապետարանին վերաբերող դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով:

Քրեական գործերն ողարկվել են ՀՀ  քննչական  կոմիտեի  Շիրակի   մարզային   քննչական   վարչություն`  նախաքննություն կատարելու  հանձնարարությամբ:

Ն.Պ.

 

 

 

ՄԻՊ-Ը ՆՈՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

Մարդու իրավունքների պաշտպանը նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի խոսքից՝ որպես հայատյացության դրսեւորում։

ՄԻՊ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Սրանք հատվածներ են Ադրբեջանի նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ելույթից: Այս ելույթը ստիպում է ուղղակի հարց տալ` ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում, ու ինչպե՞ս է խաղաղությունը լինելու այս պայմաններում, երբ երկրի նախագահն է հպարտությամբ ընդգծում, որ Հայաստանի ու նրա բնակչության նկատմամբ ատելությամբ է լցված մի ողջ սերունդ:

«Երիտասարդ սերունդը մեծացել է (…) թշնամու հանդեպ ատելության զգացումով եւ հենց այդ երիտասարդ սերունդն է մեր հողերը ազատագրել օկուպանտներից»։

«Հիմա Հայաստանը մեկուսացված վիճակում է, իսկ մենք մեր հարեւանների հետ շատ արդյունավետ, բարեկամական, ջերմ հարաբերություններ ենք կառուցել, եւ դա էլ էր պատրաստություն։ Ես ուզում եմ բացահայտ ասել՝ եթե այս ոլորտում աշխատանքներ չտարվեին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կարող էին դժվարություններ առաջանալ։ Իսկ Հայաստանը ինքն իրեն մեկուսացրեց։ Այսինքն՝ մենք նրանց մեկուսացրինք տարածաշրջանային բոլոր նախագծերից, նավթագազային ծրագրերից, մենք կործանել ենք նրանց տնտեսությունը եւ հպարտությամբ կարող ենք ասել այդ մասին։ Ցանկացած անկախ տնտեսական փորձագետ կարող է ասել, որ դրա հիմնական գործոնը մենք ենք։ Մենք Հայաստանը դարձրինք անորոշ, անկայուն եւ ապագա չունեցող մի երկիր։ Այնտեղ առաջացան դեմոգրաֆիկ խնդիրներ, ինչը հանգեցրեց տնտեսական շուկայի սահմանափակմանը»։

«Հիմա Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի գործարկմանը, բայց չեն հաջողելու։ Մենք հասնելու ենք մեր բոլոր նպատակներին այնպես, ինչպես նրանց վռնդել ենք մեր հողերից»։ Բոլոր նյութերի բարձր պրոֆեսիոնալ մասնագիտական վերլուծության ու թարգմանության հարցում պրոֆեսիոնալ աջակցության համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը երախտագիտություն է հայտնում ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի մասնագետներին, մասնավորապես` դեկան Ռուբեն Մելքոնյանին  եւ դասախոս Մարիամ Մելքոնյանին»։

 

 

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

Արգելվել է փայտանյութի եւ դրանից պատրաստված Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի ծածկագրերին համապատասխանող որոշ ապրանքների արտահանումը ՀՀ տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ. հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ ՀՀ կառավարության՝ 2021 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 281-Ն որոշմամբ՝ արգելվել է փայտանյութի եւ դրանից պատրաստված Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերին համապատասխանող որոշ ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ: Որոշումը ուժի մեջ է մտնում 2021 թվականի մարտի 15-ից եւ գործում է վեց ամիս ժամկետով։ Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքներ.

l վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ այլ համանման ձեւերով,

l ասեղնատերեւ տեսակներից,

l սաղարթավոր տեսակներից,

l անտառանյութեր՝ չմշակված, կեղեւը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած,

l փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր եւ սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած եւ այլ եղանակով չմշակած, գործիքների եւ համանման արտադրատեսակների համար նախատեսված, ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող, ծեղ եւ համանման փայտանյութ։

 

 

 

ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ներգրավված է որպես մեղադրյալ:  «Քրեական գործի, մեղադրանքի բովանդակության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն տվյալ պահին չի կարող տրամադրվել՝ ելնելով նախաքննության տվյալների գաղտնիության իրավական սկզբունքից»,- ասել է Խաչատրյանը:

 

 




Լրահոս