Նոր էջ՝ պատերազմին մասնակցած երիտասարդների համար: Այս տարվա հունվարին մեկնարկել է «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը։ Այն նախաձեռնել և մշակել է «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ն, եւ կյանքի կոչվելու հնարավորություն է ստացել «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության աջակցությամբ։
«Մեր ընկերությունը ընդհանրապես գործում է աշխարհում 180-ից ավել երկրներում եւ այդ երկրներում մենք փորձում ենք հասարակության ներդաշնակ մասնիկ լինել, այդ պատճառով ցանկանում ենք կիսել մարտահրավերները ժողովրդի հետ ու նաեւ ստեղծել արժեքներ: Դա է պատճառը, որ հավատում ենք այս ծրագրին եւ աջակցում ենք, որպեսզի այն իրականանա»,- ներկայացրեց Գարիզետա Չախոյանը:
«Նոր Էջ» նախագիծը միտված է աջակցելու 18-30 տարեկան այն անձանց, որոնք մասնակցել են մարտական գործողություններին եւ զորացրվել են: Խոսքը 1000-ից ավել երիտասարդի մասին է:
«Մոտիվացիան՝ օգնել հասարակությանը, օգնել այդ 1000 երիտասարդներին, որպեսզի նրանք գտնեն իրենց մասնագիտությունը, կարողանան վերադառնալ իրենց բնականոն կյանքին եւ կարողանան մասնագիտության շնորհիվ ինչ որ կերպ իրենց լիարժեք զգալ այս կյանքում»,- ավելացրեց Չախոյանը:
Ծրագիրը թիրախավորում է Հայաստանում գործող այն ընկերություններին, որոնք կարևորում են պատերազմին մասնակցած երիտասարդների ինտեգրումն աշխատաշուկա: Գրանցված գործատուների թվում կան փոքր եւ խոշոր ձեռնարկություններ: Ոլորտները տարբեր են՝ բանկային, արտադրության, ինչպես նաեւ շատ հիմնարկներ, որտեղ տարբեր վարպետներ են աշխատում՝ ոսկերիչներ, դերձակներ: Ընկերությունների կողմից տրամադրված թափուր աշխատատեղերի պահանջներին համապատասխան իրականացվելու են ուսուցման և զարգացման դասընթացներ:
«Շատ տարբեր են ոլորտները, բայց մասնագիտությունները մարտական գործողություններից տուժած մասնակիցներն են ընտրելու: Այսինքն հնարավոր է նույնիսկ մարդն ընտրի կոշկարությունը կամ ոսկերչությունը ու դա սովորի, որովհետեւ դա ֆիզիկապես հնարավոր լինի անել ու դա իր համար հետաքրքիր լինի: Այսինքն, չենք սահմանափակվում միայն գործատուներով, մասնագիտությունները լրիվ տարբեր կարող են լինել, իրենք կարող են ցանկացած բան ընտրել»,- պարզաբանեց Գարիզետան:
«Նոր էջ» նախագծի գաղափարը ծնվել է պատերազմից հետո: Այն մշակվել է «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի» կողմից նախորդ տարվա դեկտեմբեր ամսին: Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի նախագահ, հիմնադիր Արփի Կարապետյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ նախագիծը մարտական գործողություններին մասնակցած եւ զորացրված այն մարդկանց համար է, որոնք ուզում են իրենց տեղը վերգտնել աշխատաշուկայում:
«Մեր նշաձողն իրականում 1000 երիտասարդն է, բայց կարծես թե արդեն 1001 է, արդեն 1001 երիտասարդ մեզ դիմել են: Իրականում չենք ուզում սահմանափակվել այդ թվաքանակով. Ուղղակի սկզբից մեզ թվում էր, թե դա շատ մեծ թիվ է ու մենք հազիվ դրան կհասնենք, բայց արի ու տես, որ բավականին մեծ է հետաքրքրությունը, եւ երիտասարդները երեւի, իրար ասելով գալիս են, դիմում են, եւ մենք շատ ուրախանում ենք»,- անկեղծացավ Արփի Կարապետյանը:
Մեր զրուցակցի խոսքով, ծրագիրը գործատուի համար է նաեւ, որովհետեւ այս նախագծի շնորհիվ իրեն տրվում է իրենց ուզած հմտություններով եւ գիտելիքներով կադր:
«Երեք կոմպոնենտ կա ծրագրում, դա գործատուներն են, երիտասարդները եւ այն բոլոր վարպետները, թրեյներները, այն բոլոր մարդիկ, որոնք որ զարգացման ոլորտում ունեն որոշակի փորձ, հմտություններ եւ պատրաստ են գալ եւ աջակցել: Մենք ունենք սեգմենտ, որը դեռեւս չի հասցրել ընդունվել, չի կարողացել դեռեւս հասկանալ իր մասնագիտական կողմնորոշումը եւ ընդհանրապես կարող է եւ չի պատկերացնում, թե ինչ է ուզում այս կյանքից մասնագիտական ոլորտում: Այդ առումով մեզ մոտ շատ կարեւոր կոմպոնենտ է կազմում ծրագրում մասնագիտական կողմնորոշումը հենց երիտասարդների»,- ներկայացրեց «Նոր Էջ» նախագիծ մշակողը:
Տեղեկացնենք, որ ծրագիրը մի քանի փուլից է բաղկացած. առաջին փուլը հետազոտման փուլն է, որն ավարտվելու է մարտի վերջ:
«Ծրագիրը մի քանի փուլից է բաղկացած. առաջին փուլը հետազոտման փուլն է, որը ավարտվելու է մարտի վերջ, մինչեւ ապրիլի 10-ը մենք ամփոփելու ենք տվյալները եւ քարտեզագրելու ենք շրջաններով մեր եղած երիտասարդներին, գործատուներին, վարպետներին, որոնք տարբեր շրջաններում տարբեր բաներ կարող են անել: Քարտեզագրումից հետո մենք անելու ենք բոլոր տվյալների համեմատական անալիզ՝ հասկանանք, օրինակ՝ այս մարզում կա այսպիսի աշխատանք եւ այսպիսի հմտություն եւ գիտելիքներ են անհրաժեշտ, հարցնենք երիտասարդներին՝ արդյոք իրենք որ ոլորտում են իրենց տեսնոմ եւ փորձենք երկու կողմին էլ բավարարել: Մենք աշխատանքի տեղավորելու խոստում չենք տալիս, որովհետեւ շատ բան կախված է նաեւ մեր երիտասարդներից, մենք դուռ ենք բացում, որպեսզի իրենք ստանան անհրաժեշտ այն հմտություններն ու գիտելիքները, որոնք պետք են գործատուին», – հայտնում է Արփի Կարապետյանը:
Նշենք, որ տղաներին առաջարկվելու է այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք շուկայում պահանջարկ ունեն. հավաքագրում են այն մարդկանց, որոնք պատրաստ են իրենց ժամանակը, էներգիան եւ գիտելիքները կիսել երիտասարդների հետ: Ի դեպ, ապրիլից արդեն սկսվելու են դասընթացները:
Մանրամասները՝ տեսանյութում