Երեւանում բնակարանների գները նվազել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը նախորդ տարվա դեկտեմբերին 613 հազար դրամ էր, իսկ այս տարվա հունվարին 608 հազար 500 դրամ: Այսինքն՝ 4550 դրամով էժանացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում գնանկումը կազմել է 3700 դրամ. այստեղ մեկ քմ-ն նախորդ տարվա դեկտեմբերին արժեցել է 440 հազար 200 դրամ, հունվարին՝ 436 հազար 500 դրամ:
Բնակարանների գների նվազում արձանագրվել է նաեւ մյուս վարչական շրջաններում, բացի Նոր Նորքից: Այստեղ բնակարանի մեկ քմ-ի գինը ոչ թե նվազել է, այլ՝ բարձրացել 800 դրամով՝ 292 հազար 200 դրամից դարձել է 293 հազար դրամ: Իսկ ահա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում 317 հազար 200 դրամից էժանացել է՝ դառնալով 315 հազար դրամ: Ավան վարչական շրջանում գնանկումը կազմել է 1000 դրամ:
Ըստ մասնագետների՝ վերջին ամիսներին բնակարանների սեփականատերերը ցանկանում են արագ վաճառել իրենց անշարժ գույքը, բայց գնորդ չունենալու պատճառով նրանք սկսում են աստիճանաբար նվազեցնել իրենց գույքի գինը:
Ս.Հ.