Մարտի 1-ին ԱԺ-ում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նախաձեռնել էր աշխատանքային քննարկում «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի փաթեթի վերաբերյալ, որին հրավիրված էին մասնակցելու հայաստանյան պետական բուհերի ռեկտորները եւ ԳԱԱ նախագահը, ինչպես նաեւ պատգամավորներ: Սակայն վերջին պահին Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհրդի նախագահ Ռուզաննա Հակոբյանը բոլոր ռեկտորների անունից պատգամավորին և նրա օգնականին տեղեկացրել էր, որ ռեկտորները մտավախություններ ունեն, մարտի 1-ի օրով ԱԺ գալը վտանգավոր է` հատկապես երբ փակված էր Բաղրամյան պողոտան: Այս պատճառաբանությամբ նրանք հրաժարվել էին ԱԺ շենք մտնել:
Եւ այս ֆոնին հետաքրքիր զուգադիպությամբ վաղը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նախաձեռնել են քննարկում` նույն Բարձրագույն կրթության մասին օրինագծի շուրջ: ArmLur.am-ը փորձեց կազմակերպիչներից պարզել՝ որ ռեկտորներն են համաձայնել մասնակցելու ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը եւ ովքեր են մերժել հրավերը: Ինչո՞ւ․ որովհետեւ արդեն մի քանի օր է, արգելափակված են ԱԺ արդեն երկու մուտքերը, ոչ միայն Բաղրամյանի, այլեւ Դեմիրճյան փողոցի եւ միայն տնտեսական մուտքով են պատգամավորները ելումուտ անում:
Մխիթար Հայրապետյանի օգնական Գեւորգ Մելիքսեթյանը ArmLur.am-ին հայտնեց, որ Երեւանի պետական համալսարանի, Երեւանի պետական բժշկական համալսարանի, ՀՀ Կառավարման ակադեմիայի, Գեղարվեստի ակադեմիայի եւ Մանկավարժական համալսարանի ռեկտորները արդեն մերժել են Կրթության հանձնաժողովի առաջարկը, հրաժարվել են մասնակցել: Այսինքն` նրանք խորհրդարանի արգելափակված մուտքերով ԱԺ չեն գնա:
Իսկ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Վալերի Բրյուսով անվան պետական համալսարանի, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան համալսարանի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի ռեկտորները , ինչպես հայտնեց պատգամավորի օգնականը, իրենց համաձայնությունն արդեն տվել են:
Նշենք, որ օրինակ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանից, երբ АrmLur.am-ը հետաքրքրվեց` մասնակցելու է արդյոք վաղը կայանալիք քննարկմանը այն պայմաններում, երբ ԱԺ երկու մուտքերն արդեն շրջափակված են, Բաղրամյան պողոտան էլ փակ է կրկին, պատասխանեց, թե «Մեկ շաբաթ առաջ է հրավեր եղել, հիմա այլ իրավիճակ է, չգիտեմ կկայանա, թե ոչ: Վաղը,թե ինչ կլինի չգիտեմ, կապրենք կտեսնենք: Հանդիպումը կկայանա, թե ոչ չեմ կարող այս պահին ասել»:
Ի դեպ, այդ քննարկումը լինելու է դռնփակ ձեւաչափով:
Իսկ ինչու է նման քննարկման անհրաժեշտություն առաջացել: Բանն այն է, որ նախորդ անգամ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց Կառավարության կողմից հրատապ ճանաչված «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքին: Եւ պատճառը, ըստ էության, ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էր: Նա այս օրինագծի մասին խոսել էր դեռ մարտի 2-ին գումարված նստաշրջանի առաջին օրը՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ուշադրությունը հրավիրելով կարևոր մի հանգամանքի վրա, որ իր առաջարկները հանձնաժողովում չեն քվեարկվել, ինչը հանցագործություն է։ Եւ որպեսզի ԱԺ-ն սրբագրեր թույլ տված սխալը, կառավարության հետ համատեղ որոշվեց հետ քաշել օրենքը, նորից քննարկել, նորից քվեարկել, նոր միայն բերել ԱԺ լիագումար նիստերի դահլիճ` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար: