
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլե Էգբերգ Միկկելսենը (նստավայրը՝ Կիև):
Շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել նրան՝ ակնկալելով, որ նա իր փորձառությունը կծառայեցնի երկու երկրների միջև կապերի զարգացմանը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Դանիան հարաբերությունների խորացման մեծ ներուժ ունեն: Փոխգործակցության համար հեռանկարային են համարվել մասնավորապես գիտության, տեխնոլոգիաների, ինչպես նաև բնապահպանական և մի շարք այլ ոլորտներ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև պատերազմից հետո ստեղծված իրողություններին և մարդասիրական մի շարք խնդիրների: Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել միջազգային գործընկերների աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի, ինչպես նաև անհետ կորած անձանց հայտնաբերման հարցերում: