Գերմանացի ևս մեկ պատգամավոր է մեղադրվում Ադրբեջանի հետ կոռուպցիոն գործարքի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանը, որն իշխող Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի անդամ է, հրաժարական է տվել Ադրբեջանի հետ առնչվող կոռուպցիոն մեղադրանքների պատճառով։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Քաղաքական գործչի նկատմամբ կասկածների պատճառը նրա կողմից հրատարակվող թերթում Ադրբեջանի, Թայվանի ու Վիետնամի մասին գովազդային նյութերի հրապարակումն է։ Ինքը՝ պատգամավորը կտրականապես հերքել է իր հասցեին բոլոր մեղադրանքները Die Welt-ին տված հարցազրույցում։

«Այդ գովազդները ոչ մի կերպ չեն ազդել իմ կողմից կայացվող քաղաքական որոշումների վրա։ Ես առանձնապես դա կարևորում եմ»,- ասել է Հաուպտմանը։ Նա նաև նշել է, որ երբեք Ադրբեջանից գումար չի ստացել, իր կատարած բոլոր այցելությունները կա՛մ վճարվել, կա՛մ հաստատվել են Բունդեսթագի կողմից, նաև ոչ մի նվեր չի ընդունել։ Հաուպտմանն Ադրբեջանի հետ իր սերտ կապը բացատրել է նրանով, որ իր քաղաքական գործունեությունն ուղղված է այդ թվում արտաքին առևտրի խնդիրներին։

Ի դեպ՝ Հաուպտմանը միակ պատգամավորը չէ, ում մեղադրում են Ադրբեջանի հետ կոռուպցիոն գործարքների պատճառով։ Մեկ շաբաթ առաջ Բունդեսթագը անձեռնմխելիությունից զրկել էր նույն իշխող դաշինքի անդամ Աքսել Ֆիշերին։ Պատգամավորը, ենթադրաբար, ներառված է ԵԽԽՎ-ում «ադրբեջանցի լոբբիստների» խմբում և երկար տարիներ խոչընդոտել է, որ Բաքուն մեղադրվի մարդու իրավունքների խախտումների մեջ։




Լրահոս