ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը: Հարցին՝ որո՞նք են ՀՀ նախագահ Սարգսյանի՝ հրամանագիրը չստորագրելու պատճառները, Այվազյանը պատասխանել է.
«Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որն իր հետևանքներն է ունեցել նաև Հայաստանի ներքաղաքական դրության վրա: Այժմ մենք բախվում ենք ներքին դժվարությունների, բայց ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը, գուցե ոչ կատարյալ, սակայն ժողովրդավարական երկիր է: Վերջին տարիներին այս առումով մենք նշանակալի ձեռքբերումներ ենք ունեցել։ Մենք ընտրել ենք զարգացման հենց այս ուղին, և չենք պատրաստվում հետքայլ կատարել դրանից: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին գործընթացներին, ապա դրանք խստագույնս համահունչ են Սահմանադրության դրույթներին: Իմ համոզմամբ՝ ներկայիս դժվարությունները կարող են հաղթահարվել երկխոսության, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հասարակության համախմբման և միասնականության միջոցով՝ հանուն մեր պետական և ազգային շահերի պահպանության և պաշտպանության»:
Լրագրողը խնդրել է մեկնաբանել իր արտահայտությունը, թե «Արցախի ստեղծված իրավիճակն է պատճառ հանդիսացել Հայաստանում քաղաքական ճգնաժամի և հեղաշրջման փորձի համար», ինչին Այվազյանը պատասխանել է.
«Իհարկե, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներն իրենց բացասական ազդեցությունն ունեցան Հայաստանում ներքին կայունության վրա, սակայն ես ամենևին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ»:
«Եթե հեղաշրջման փորձ չէր, ապա ի՞նչ էր դա» հարցին նախարարն արձագանքել է.
«Դա Գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր։ Պարզապես արվել է քաղաքական հայտարարություն, որն ինքնին ռազմական հեղաշրջման փորձ չէ: Այս առնչությամբ նմանատիպ գնահատականներ եղան տարբեր երկրներ և միջազգային կազմակերպությունների կողմից: Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան: Եվ Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավարություն, իսկ ներկայիս իրավիճակը, ինչպես ասացի, կհարթվի մեր հասարակության ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»:
Նկատենք, որ երբ Օնիկ Գասպարյանը փետրվարի 25-ին տարածեց հայտարարություն և պահանջեց ՀՀ վարչապետի հրաժարականը, ընդամենը 30 րոպե հետո Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այդ հայտարարությանը այն որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ:
Եվ ստացվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հակադրվում է վարչապետին: