ՏՏ մասնագետներին զայրացրել է Պոլիտեխնիկի պրոռեկտորի պահվածքը. ինչ է սպասվում մարտի 15-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոլիտեխնիկի պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը դեռ ռեկտորի պաշտոնում չընտրված, հասցրել է մտահոգել ոլորտի մասնագետներին: Նշենք, որ մարտի 1-ին կայացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը, որին մասնակցելու համար հայտ ներկայացրել էր վեց թեկնածու, այդ թվում եւ Գոռ Վարդանյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վեց թեկնածուներից երկուսը՝ Արամ Միքայելյանը և Պարգև Բալջյանը, ելույթ ունենալուց և խորհրդի անդամների հարցերին պատասխանելուց հետո հանել են իրենց թեկնածությունները։ Իսկ Գոռ Վարդանյանը ստացել է 16 ձայն: Բայց մարտի 15-ին տեղի է ունենալու բուհի ռեկտորի ընտրության քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցելու է միայն առավելագույն ձայն հավաքած թեկնածուն՝ 30-ամյա Գոռ Վարդանյանը: Բայց պարզվում է՝ այս երիտասարդն արդեն հասցրել է հիասթափեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին, որոնք կուտակած հարցեր ունեն, սակայն երկու անգամ է, ինչ չի հաջողվում նրանց հանդիպել Վարդանյանի հետ եւ դրանք հնչեցնել: Քանի որ Վարդանյանը չի բարեհաճում ներկա գտնվել նախապես նշանակված հանդիպմանը եւ վերջին պահին հրաժարվում է գալ: Օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ներկայացուցիչներ այսօր հավաքվել էին «Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում եւ սրտատրոփ սպասում էին Գոռ Վարդանյանին: Իսկ վերջինս հանդիպումից րոպեներ առաջ օգնականի միջոցով է տեղեկացրել հանդիպմանը չգալու մասին։ Բացի այս, երկու շաբաթ առաջ, երբ համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին Վարդանյանը հայտ է ներկայացրել, IT մասնագետները նրան հրավիրել են հանդիպման, սակայն երիտասարդը չի գնացել։ Ի դեպ, առաջադրված գրեթե բոլոր թեկնածուների հետ ՏՏ ոլորտի ներկայուցիցիչները հանդիպել են, իրենց հետաքրքրող հարցերի շուրջ զրուցել։ Երկրորդ անգամ էլ են Վարդանյանին կանչել հանդիպման, որը պետք է այսօր կայանար, սակայն նա դարձյալ հարկ չի համարել գալ, ինչը զայրացրել է IT մասնագետներին։

Այսօր նշանակված հանդիպումից րոպեներ անց միայն ՏՏ ոլորտի մասնագետներն իմացան, որ չի գալու Վարդանյանը և իրենց վրդովմունքը հայտնեցին՝ նրա այդ պահվածքը համարելով անհարգալից։ Նրանք անգամ որոշեցին Վարդանյանի նման անպատասխանատու պահվածքի մասին նամակով դիմել համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին։ Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՏՏ ոլորտի մի քանի ներկայացուցիչ պատրաստվում են մասնակցել մարտի 15-ին կայանալիք մրցույթի երկրորդ փուլին և ներկայացնել իրենց դիտողություններն ու առարկությունները Վարդանյանի թեկնածության վերաբերյալ։




Լրահոս