
Հայաստանի երեք նախագահներից Ռոբերտ Քոչարյանը եղել է ամենաամբիցիոզը, նա եղել է վերկուսակցական առաջնորդ…Այսինքն Ռոբերտ Քոչարյանը հանդիսացել է ազգը միավորող ուժ,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձին, նման դիտարկմամբ հանդես եկավ “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:Միաժամանակ՝ նա նկատեց, որ ՀՀԿ-ի վարկանիշն ավելի ուժեղ է, իսկ Քոչարյանը հետ է մնում Սերժ Սարգսյանից, Տիգրան Սարգսյանից, Գագիկ Ծառուկյանից, Լեւոն Տեր-Պետրոսյանից, Րաֆֆի Հովհաննիսյանից: Ահարոն Ադիբեկյանի խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանը չի զիջում միայն Վահան Հովհաննիսյանին:Ըստ սոցիոլոգի՝ Ռոբերտ Քոչարյանի դիրքերը թուլացնում է նաեւ Մարտի 1-ը եւ նրա ընտանիքի սոցիալական կարգավիճակը:Ադիբեկյանը հանգեց այն եզրակացությանը, որ Քոչարյանի վերադարձը պետք է լինի շատ սահմանափակ, որ մեր քաղաքական ջրերը շատ չպղտորվեն: