ԻՐԱՎԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օնիկ Գասպարյանը կկարողանա պաշտոնավարել ԳՇ պետի պաշտոնում, եթե 27 պատգամավորի ստորագրությամբ Սահմանադրական դատարան դիմում ներկայացվի։ Նման վերլուծություն արել են «Արատտա» փաստաբանական թիմի անդամները՝ հղում անելով օրենքներին։ Այս տեսակետի շուրջ ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Նորայր Նորիկյանի հետ, որի համար զարմանալի էր նման տեսակետի առկայությունը:

 

«Ուզում եմ հասկանալ՝ կարող են այդ մարդիկ ներկայացնել հանրությանը, թե վիճարկվող այդ խնդիրը Սահմանադրության որ հոդվածին է հակասում, առերեւույթ  ինչն է հակասում ՀՀ Սահմանադրությանը եւ, ամենակարեւորը, որ հոդվածին է հակասում», – նշում է նա եւ նաեւ պարզաբանում, որ, ըստ էության, Օնիկ Գասպարյանն իր այսօրվա հայտարարությամբ եւս համաձայնել է սստեղծված իրավիճակի հետ:

«ՀՀ Սահմանադրության համաձայն՝ միջնորդությունը, եթե առարկությունները վերադարձվում է միջնորդող կողմին, այս դեպքում՝ վարչապետին, ապա այն իրավունք ունի կրկին ուղարկել նույն միջնորդությունը: Եվ նախագահը ունի երկու հայեցողական լիազորություն՝ ստորագրում է այդ միջնորդության հրամանագիրը, այսինքն՝ Օնիկ Գասպարյանին ազատելու մասին դիմում է Սահմանադրական դատարան. եթե Հանրապետության նախագահն այն չի ստորագրում, հետեւաբար միջնորդության բովանդակությունը մտնում է ուժի մեջ, ինչը եւ եղել է», – մեկնաբանում է նա:

Նորիկյանի խոսքով՝ կան մասնագետներ, որոնք ասում են, թե վարչապետն ունի ԳՇ պետ նշանակելու իրավունք, բայց ազատելու միջնորդություն ներկայացնելու իրավունք չունի: «Ես Ձեր ուշադրությունը հրավիրում եմ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ կետի վրա, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է: Իրավական առումով այստեղ որեւէ վեճ չկա, խնդիրը հանգուցալուծված է, կարգավորված է Սահմանադրությամբ: ՀՀ նախագահն այս հարցով չի դիմել ՍԴ, այլ դիմել է ընդհանրապես օրենքի սահմանադրականության հարցով, սակայն նա չի մասնավորեցրել՝ ամբողջ օրենքն է դիտարկում, թե օրենքի որեւէ հոդված է դիտարկում, որն է հակասում Սահմանադրությանը կամ որ հոդվածին: Հետեւաբար մենք չենք կարող զուտ ենթադրություններ անել, թե ինչի մասին է խոսքը գնում: Ես հենց սկզբից էլ ասել եմ, որ իրավական առումով որեւէ խնդիր չկա: Անհասկանալի է՝ ինչպես է ստացվում, որ նույն Սահմանադրության, նախագահի եւ վարչապետի պայմաններում Մովսես Հակոբյանին եւ Արտակ Դավթյանին ազատելու ժամանակ արգելք առկա չէր, իսկ հիմա առկա է», – հավելում է նա:

Փաստաբանը նաեւ հավելում է. «Նոյեմբերի 10-ին մենք հայտարարեցինք, որ գտնում ենք՝ ՀՀ-ում քաղաքական ճգնաժամը երբեք չի լուծվի, անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, եթե այս Սահմանադրությունը շարունակի գործել. այս Սահմանադրությունն ապացուցել է իր անգործունակությունը, ճգնաժամային իրավիճակներում այն հաղթահարելու անընդունակություն ապացուցեց, ավելին՝ ապացուցեց, որ ճգնաժամեր հաղթահարելու փոխարեն ավելի մեծ ճգնաժամեր է հարուցում, չի նպաստում պետության բնականոն զարգացմանը եւ ապացուցում է, որ գործող կառավարման համակարգն ուղղակի չարիք ու պատուհաս դարձավ մեր պետության համար, եւ նրա ճարտարապետներն ավելի մեծ վնաս չէին կարող տալ, որքան այս Սահմանադրությամբ տվեցին։ Գնալով համոզվում եմ, որ եթե մենք իսկապես ուզում ենք երկրի կառավարման համակարգը, զարգացման եւ կառավարման հունը փոխենք, առաջնահերթ պետք է Սահմանադրությունը փոխենք, նոր մտածենք Սահմանադրության ձեւավորման մասին։ Այսինքն՝ սկզբից համակարգն առողջացնենք, հետո մտածենք ընտրությունների մասին։ Եթե մինչեւ հիմա արտահերթ ընտրություններ չեն եղել, եկեք սկզբում սահմանադրական փոփոխություններ անենք, փոխենք երկրի  կառավարման համակարգը, որից հետո նոր գնանք արտահերթ ընտրությունների»։

Ն.Հ.

 

 

 

ԱՆՑԱԾ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՔԻՉ ԹՎՈՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ Է ԵԿԵԼ

Covid-19-ը Հայաստանում իր բացասական ազդեցությունն է թողել զբոսաշրջության զարգացման վրա: Թե ինչ վիճակում է գտնվում ոլորտը, այսօր պարզ է դառնում նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից:

 

Հայաստան անցյալ տարում ժամանել է 375 հազար 216 զբոսաշրջիկ, մինչդեռ 2019 թվականին մեր հանրապետություն ժամանել էր 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գերակշիռ մասը տեղավորվել է բարեկամի, հարազատի տանը կամ վարձու բնակարաններում:

Այս դեպքում խոսքը 277 հազար 666 զբոսաշրջիկի մասին է: ՀՀ-ում հյուրանոցներից օգտվելը թանկ է, այդ իսկ պատճառով 97 հազար 550 զբոսաշրջիկ է հյուրանոցներում մնացել: ArmLur.am-ը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 16 հազար 300-ով ավելացել է: Անցյալ տարվա ընթացքում ՀՀ ՌԴ-ից այցելել է 39 հազար զբոսաշրջիկ, իսկ 2019-ին՝ 22 հազար 700: Բացի այս, 1500-ով պակասել են Ֆրանսիայից, 4200՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ Ուկրաինայից 500-ով ավելացել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը ե՛ւ 2019-ին, ե՛ւ 2020-ին մնացել է նույնը՝ 1500: Ի դեպ, անցյալ տարի 200-ով ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը:

Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 1900-ով ավելացել է: Եթե 2019-ին Հայաստան այցելել է 5000 իրանցի զբոսաշրջիկ, ապա անցյալ տարի այդ թիվը կազմել է 6900: Ըստ որոշ տեղեկությունների` իրանցի զբոսաշրջիկները վերջին տարիներին նախընտրում են Վրաստանում անցկացնել իրենց հանգիստը, քան Հայաստանում: Նշենք, որ մարտի 15-ից սկսած՝ իրանցիները Հայաստան են գալիս Նովրուզը նշելու համար: Սակայն, ըստ մասնագետների, եթե կորոնավիրուս վարակի դեպքերի քանակը չնվազի, ապա Նովրուզի օրերին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը չի ավելանա:

Իսկ մինչ այդ նկատենք, որ, ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանից մեկնողների թիվը եւս նվազել է 81.5 տոկոսով: Ի դեպ, 2019-ին մեր երկրից մեկնել է 1 մլն 867 հազար 888 զբոսաշրջիկ` անցյալ տարվա 346 հազար 93-ի դիմաց:

Սակայն նրանց մեծ մասը` 344 հազար 830 զբոսաշրջիկ, մեկնել է ինքնուրույն՝ առանց զբոսաշրջային գործակալությունների միջնորդության: Ընդամենը 1263 զբոսաշրջիկի ուղեւորություն կազմակերպվել է տուրիստական գործակալությունների միջոցով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆՈՐԱԾԻՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Մարտի 7-ին  Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Այրում գյուղի  36-ամյա բնակիչը բողոքով դիմել է  ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, հայտնել, որ  նույն օրը՝ ժամը 12-ն անց 55 րոպեի  սահմաններում, «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել իր  22-ամյա կինը,  նույն  օրը՝  ժամը 17-ն անց  30  րոպեի սահմաններում, «Նոյեմբերյան» ԲԿ-ում  եղել է  իգական սեռի նորածնի  ծնունդ, սակայն 5 րոպե անց նորածինը մահացել է։ Հայաստանի լրատվամիջոցներում  տարածվել է, թե  մահացած նորածնի մայրն  աոռղջական ծանր վիճակում է։ Նոյեմբերյանի բժշկական  կենտրոնից հայտնեցին, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ծննդկանի վիճակը բարվոք է, նա  մարտի 10-ին կամ 11-ին դուրս կգրվի Նոյեմբերյանի հիվանդանոցից, իսկ նորածնի մահվան պատճառները կպարզի քննությունը։ Այդ դեպքի կապակցությամբ  Հայաստանի քննչական կոմիտեի  Տավուշի մարզային  քննչական վարչության  Նոյեմբերյանի  քննչական  բաժինը  քննություն է կատարում։

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ  ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ

Մարտի  9-ին  Հայաստան-Վրաստան  միջպետական մայրուղու Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին՝ Մայիսյան կամուրջ չհասած, մի խումբ քաղաքացիներ  մոտ կես ժամ փակել են  միջպատական ավտոճանապարհը։ Նրանք  այդ ակցիայով իրենց մտահոգությունն են հայտնել՝  Տավուշի մարզում ռուս զինվորականների գտնվելու պատճառների, Տավուշի  մարզից տարածքներ Ադրբեջանին  զիջելու անորոշության  հետ կապված, եւ պահանջել, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայանա ավտոճանապարհի փակման վայր եւ այդտեղ պարզաբանումներ ներկայացնի նշված խնդիրների վերաբերյալ:  Ճանապարհը  փակելու հետեւանքով ավտոմեքենաների  խցանում է  առաջացել։ Խցանման   մեջ կանգնած ավտոմեքենաների մեջ եղել է նաեւ  շտապ օգնության ծառայության ավտոմեքենա, այլ ավտոմեքենայի  մեջ եղել է հետվիրահատական շրջանում գտնվող քաղաքացի, եւ այդ պատճառով  ակցիայի մասնակիցներն  ավտոճանապարհը  ժամանակավոր բացել են, ինչից օգտվել են մյուս ավտոմեքենաները, այդկերպ ավտոճանապարհը բացվել է։ Դեպքի վայրում ծառայություն են իրականացրել  ոստիկանության Իջեւանի բաժնի  ծառայողները։ Տավուշի մարզպետի  մամուլի  խոսնակ  Լիլիթ Սարգսյանը հայտնեց, որ նույն օրը ավտոճանապարհ փակած քաղաքացիները հանդիպել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, մարզպետն իր դիրքորոշումն  է հայտնել, որ անթույլատրելի  է ռազմավարական նշանակություն  ունեցող ավտոճանապարհներ  փակելը, կայացել է բովանդակալից զրույց, հանդիպման մասնակիցները  ստացել  են իրենց հուզող հարցերի պատասխանները, որոնք նրանց բավարարել են։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս