ԱՐՑԱԽՈՒՄ ԿՈՂՄ ԵՆ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի կառավարությունը քիչ առաջ դրական եզրակացություն է տվել նախագծին, որը ենթադրում է ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի խորհրդարանի պատգամավոր, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ Մետաքսե Հակոբյանը: Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանի պատգամավորներն առաջարկում են «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարել: Ըստ նախագծի՝ ԼՂՀ պետական լեզուներն են լինելու գրական հայերենը եւ ռուսերենը: Օրենքի փոփոխության առաջարկում նշվում է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն եւ ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաեւ հայերեն եւ ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը։

 

-Ուզում ենք հասկանալ՝ ինչ փուլում է, քանի որ կառավարություն էր ուղարկվել, որպեսզի եզրակացություն տրվեր: Արդյոք կառավարությունը տվե՞լ է եզրակացություն, պատասխանը դրակա՞ն է, թե՞ բացասական:

-Նախագիծը երեկ հասել է ԱԺ՝ դրական եզրակացությամբ, բայց դա դեռեւս նախագիծ է, որը որոշվելու է Ազգային Ժողովում, քանի որ դեռ գլխադասային հանձնաժողովում են քննարկումներ լինելու,  ու 33 պատգամավորներն իրավուքն ունեն իրենց առաջարկներն անելու: Եթե գլխադասային հանձնաժողովը որոշի, որ առաջարակները կարող են տեղ գտնել նախագծում կամ ինչ-որ փոփոխության ենթարկվել, նախագիծը նորից պետք է հետ գնա կառավարություն, նորից եզրակացություն տրվի, ու նորից վերադառնա Աժ, որից հետո լիագումար նիստի ընթացքում  կդրվի քվեարկության:

-Տիկի՛ն Հակոբյան, իսկ ինչպիսի՞ դիրքորոշում ունեն պատգամավորները նախագծի վերաբերյալ: Մեծ աղմուկ է բարձրացել, երբ որոշվել է՝ ռուսերենն այլեւս պետք է պաշտոնական լեզու համարվի Արցախում: Ի՞նչ դիրքորոշում ունեն ընդդիմադիր պատգամավորները:

-Բնականաբար, մեծամասնույթուն կազմող 16-հոգանոց «Ազատ Հայրենիք» եւ ՔԴՄ  դաշինքը հակված են ընդունելու այն տարբերակը, որը հիմա կա, այսինքն՝ այն նախագիծը, որով պաշտոնական լեզուն նաեւ  ռուսերենն է:  Այս պահին չեմ կարող ասել «Միասնական հայրենիք»-ի  9-հոգանոց խմբակցության դիրքորոշումը, որովհետեւ իրենց խմբակցության հեղինակն էլ է համահեղինակ, ինքն էլ  է հակված նախագծի այս տարբերակին: Կարող եմ ասել, որ կոնկրետ մեր խմբակցության դիրքորոշումը, որ մենք ընտրելու ենք, որ մեր առաջարկն անցնի գլխադասային հանձնաժողովում, որտեղ ես արդեն գլխավոր ներկայացրել էի, որ նախագիծը պետք է լինի նոր խմբագրությամբ: Այսինքն՝ կմնա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն գրական հայերենը, կարելի է հայերենի հետ մեկտեղ օգտագործել նաեւ ռուսերենը: Եթե այդ տարբերակը կընդունվի, ապա ես կմնամ որպես համահեղինակ, եթե ոչ, ապա ես այդ ցանկից դուրս կգամ, եւ, ըստ հավանականության, մեր խմբակցությունը դեմ կքվեարկի:

-Իսկ կառավարությունը դրակա՞ն եզրակացություն է տվել, որ ե՛ւ ռուսերենը, ե՛ւ հայերենը լինեն պաշտոնական լեզու:

-Այսինքն՝ ձեւակերպումը լինի հետեւյալ կերպ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են հայերենը եւ ռուսերենը:

-Ըստ Ձեզ՝ ե՞րբ գլխադասային հանձնաժողովը հարցն արդեն քննարկման կդնի:

-Երեւի կսկսենք հաջորդ շաբաթվանից, որովհետեւ դեռեւս առաջակներ պետք է լինեն: Մենք դեռեւս հանրությունից էլ ենք ստանում գրավոր առաջարկներ: Տարբեր կարծքիներ են ուղարկում՝ ե՛ւ կողմ են, ե՛ւ դեմ են:  Մի փոքր էլ կսպասենք, որոշ կարծիքներ էլ ավելանան, այնուհետեւ կնշանակվի օրը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՈՒ ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Միացյալ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի գլխավորությամբ: Ըստ Արցախի նախագահի գրասենյակի՝ Արայիկ Հարությունյանը ողջունել է օրեր առաջ օրհասական խնդիրների հաղթահարման նպատակով համախմբմանն ուղղված կուսակցության հայտարարությունը, նշել, որ իրեն ներկայացված ծրագրային առաջարկներն ընդունելի են, եւ հիմքում ունենալով ազգային ու պետական շահը՝ պատրաստ է համագործակցության:

 

Օրերս կուսակցությունը, մասնավորապես, հայտարարել էր, որ «այս օրհասական պահին ժամանակի հրամայականն է Արցախում միավորել, համախմբել բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից, ու պայքարել մեր ժողովրդին հուզող ու ապագայի նկատմամբ հավատ ներշնչող անվտանգային եւ տնտեսական խնդիրների լուծման համար», եւ որ վերոնշյալ խնդիրների լուծման առաջարկները ներկայացրել են Արայիկ Հարությունյանին։ Բադասյանը Արցախի նախագահի հետ այսօրվա հանդիպմանը վերահաստատել է՝ ստեղծված իրավիճակում պետք է մի կողմ դնել քաղաքական բոլոր հավակնությունները եւ ներգրավվել ժողովրդի խնդիրների լուծման կարեւոր գործում: Հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը հունվարի 28-ին՝ Բանակի օրը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցերին պատասխանելիս, Հայաստանի վարչապետին զենքով վերացնելու կոչեր էր հնչեցրել։ Այդ հայտարարությունից հետո ԱԱԾ-ն նրան բերման էր ենթարկել եւ ձերբակալել։ Մոտ երկու շաբաթ անազատության մեջ անցկացնելուց հետո փետրվարի 10-ին դատախազի որոշմամբ նա ազատ արձակվեց։

Ղարաբաղյան վերջին պատերազմում լուրջ վնասվածք ստացած Բադասյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում։

 

 

 

ՀԵՏ ՈՒՂԱՐԿԵՑ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն  իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը: Իսկ ի՞նչ է ենթադրում Սահմանադրությունն այս պարագայում: Այստեղ գործում է Սահմանադրության 139-րդ հոդվածի դրույթները. եթե վարչապետը չընդունի այդ առարկությունը, ապա հանրապետության նախագահը  պետք է ստորագրի համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով: Նկատենք, որ պրոֆեսիոնալ զինվորականներն Արտակ Դավթյանին բազմիցս հրապարակավ համարել են ամենաանպատրաստ գեներալ, ապաշնորհ ռազմական գործիչ: Բայց քանի որ Արտակ Դավթյանը «Մարտի 1»-ի գործով ցանկալի ցուցմունքներ է տվել ՀՔԾ-ում, դրա դիմաց պարգեւ ստացավ վարչապետի կողմից երկրորդ անգամ ԳՇ պետի պաշտոնը ստանձնելու առաջարկությունը: Առաջին անգամ ազատվեց աշխատանքից, քանի որ կորոնավիրուսի բռնկուն շրջանում թաքուն որդու հարսանիքն էր արել:

Հիշեցնենք, որ վարչապետը երեկ միջնորդությունը կրկին ուղարկեց նախագահին:

 

 

 

ՉԻ ՈՐՈՇԵԼ

Դեռեւս մարտի 9-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Թեւոսյանը մանդատը վայր է դնում՝ այլ աշխատանքի անցնելու համար: Armlur.am-ը տեղեկացավ, որ Թեւոսյանին խորհրդարանում պետք է փոխարինի «Ելք» դաշինի նախկին ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը: Մենք զրուցել ենք Մկրտչյանի հետ՝ պարզելու համար՝ նա կվերցնի իր պատգամավորական մանդատը, թե ոչ: Սակայն վերջինս նշեց, թե դեռ որոշում չի կայացրել, եւ չի բացառվում, որ անձնական հարցերի պատճառով այդպես էլ հրաժարվի վերցնել պատգամավորական մանդատը:

 

 

ՆՈՐԱԾԻՆ Է ՄԱՀԱՑԵԼ

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում. Վայոց ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 25-ամյա Հասմիկ Ղ.-ն Վայքի բուժմիավորում-ծննդատանը ծննդաբերել է, ավելի ուշ նորածինը մահացել է։ Ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության խումբը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նորածնի մայրը աշխատում է Վայոց ձորի մարզի գյուղերից մեկի դպրոցում՝ որպես ուսուցչուհի:

 




Լրահոս