Մարտի 10-ի ուշ երեկոյան Դոհայի օդանավակայանում հանդիպել են Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները: Երեկ նրանք Քաթարի արտգործնախարարի հետ եռակողմ բանակցությունների են մասնակցում Սիրիայի հարցով:
Քաթարում կայացած ռուս-թուրքական երեկվա բանակցություններին Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են նաեւ Ղարաբաղի թեման:
«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել եմ այսօր ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, Ղարաբաղը, Լիբիան եւ Սիրիան», – «Թվիթեր»-ում երեկ ավելի ուշ գրել էր Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը Դոհա էր ժամանել Ղրղըզստանի մայրաքաղաքից, իսկ Սերգեյ Լավրովը՝ Սաուդյան Արաբիայի: Նրանց բանակցություններն անցել են փակ դռների ետեւում: Լրագրողներին միայն հաջողվել է լսել, թե ինչպես է Ռուսաստանի ԱԳ նախարարը Չավուշօղլուին կատակով հարցնում՝ արդյոք նա իր համար հուշանվեր բերել է Բիշքեկից, թե ոչ, եւ դիտել է արդյոք՝ ինչպես են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները մասնակցել «Ակկույու» ատոմակայանի երրորդ բլոկի շինարարության մեկնարկի արարողությանը: Սա, ի դեպ, Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հեռավար հանդիպումն էր ղարաբաղյան պատերազմից հետո, բայց նրանք պայմանավորվել են նաեւ ոչ հեռավար հանդիպման մասին. թե կոնկրետ երբ կկայանա այդ հանդիպումը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը չի մանրամասնել:
«Ակկույու»-ն Թուրքիայի առաջին ատոմակայանն է. այն ռուսական կողմը կառուցում է Թուրքիայի համար Միջերկրական ծովի ափին՝ ամբողջովին ռուսական ֆինանսավորմամբ: 2022 թվականին կմեկնարկեն չորրորդ՝ վերջին էներգաբլոկի կառուցման աշխատանքները, իսկ երկու տարուց՝ 2023-ին, կավարտվեն առաջին էներգաբլոկի աշխատանքները:
Ռուսաստանի եւ Թուրքիայի իշխանությունները հույս են հայտնել, որ ատոմակայանի առաջին էներգաբլոկը կսկսի գործել Անկարայի համար նշանավոր տարում, երբ նշվելու է Հանրապետության 100-ամյա հոբելյանը:
Հակառակ ռուս եւ թուրք փորձագետների կանխատեսումների՝ ղարաբաղյան պատերազմը ռուս-թուրքական հարաբերությունները չի վնասել, գոնե հրապարակավ: Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ հարաբերությունները ռազմավարական եւ բարեկամական են, թեեւ կան որոշ տարաձայնություններ: Ընդ որում, տարաձայնությունների շարքում Մոսկվան չի նշում Անկարայի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում:
Երեկ Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հակառակը, ընդգծել էր, թե, չնայած Ղրիմի հարցում տարաձայնությունների առկայությանը, Մոսկվան եւ Անկարան ունեն ռազմավարական փոխգործակցություն, եւ, որպես օրինակ, նշել էր փոխգործակցությունը Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի շրջանակներում:
Ռուսաստանի համար թերեւս ամենակարեւոր Ղրիմի հարցում Մոսկվայի եւ Անկարայի մոտեցումները խիստ տարբեր են. Անկարան պարբերաբար հայտարարում է, թե չի ճանաչում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ, ավելին՝ թուրք գործիչները չեն մոռանում նաեւ հայտարարել, որ Ղրիմը պատմական Թուրքիայի տարածքն է:
Մոսկվայի ու Անկարայի շահերը պարբերաբար բախվում են նաեւ Սիրիայում, որտեղ երկու երկրներն էլ ունեն զինված ուժեր եւ Սիրիայում պաշտպանում են հակամարտող երկու տարբեր կողմերի: Այնուամենայնիվ, Կրեմլի խոսնակը երեկ հայտարարել էր. «Չնայած բարդ պահերին, որոնք տեղի են ունեցել Սիրիայում, երկու նախագահներին միշտ հաջողվել է փոխզիջում գտնել: Մենք բարձր ենք գնահատում նույնիսկ բարդ իրավիճակներում փոխզիջումներ գտնելու մեր գործընկերների քաղաքական կամքը»:
Ն.Հ.
ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն առաջիկայում կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Այս մասին դիվանագետը գրել է թվիթերյան իր էջում։ Լինդեն նաեւ տեղեկացրել է, որ այցի նախաշեմին տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների հետ։ «Օգտակար ճեպազրույց ունեցա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ Հայաստան եւ Ադրբեջան առաջիկա այցիս նախաշեմին», – գրել է ԵԱՀԿ գործող նախագահը։ Սա կլինի այս պաշտոնում Լինդեի առաջին այցը հակամարտող երկրներ։
ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
«Երեկ կառավարության նիստին մասնակցել են նաեւ հանրապետության մարզպետները. առաջիկայում այդ պրակտիկան կշարունակենք»,- կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հընթացս միջավայրին ծանոթացան մեր գործընկերները, հետագայում ավելի ակտիվ եւ արդյունավետ կդարձնենք նրանց մասնակցությունը»,- ասել է նա:
ԼԱՎ ՁԵՎԱՉԱՓ
«Այն ուժերը, որոնք իսկապես ցանկանում են, որ երկրում այս վիճակը հանգուցալուծվի, պիտի պատրաստակամ լինեն ընդունելու նման հրավերներ»,- ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով նախագահականում վարչապետի եւ ընդդիմադիրների միջեւ նախատեսվող հանդիպմանը։ «Նախագահի հրավերը նշանակում է մեկ բան՝ նստել սեղանի շուրջ եւ քննարկել վիճակը, իսկ դա կառուցողական նախաձեռնություն է։ Մենք ընդունել ենք այդ հրավերը, պարոն Մարուքյանը կմասնակցի այդ հանդիպմանը։ Նախագահն իր քայլն է արել. գնդակը բոլոր քաղաքական ուժերի եւ փողոցում ընդդիմադիրների դաշտում է, ինչպես նաեւ վարչապետի։ Եթե մարդիկ չեն ուզում, որ վիճակը խորանա, ապա պետք է խոսել։ Եթե ուզում են խոսել, նախագահի հրավերը շատ լավ ձեւաչափ է, որպեսզի պարզաբանվեն շատ հարցեր»,- նշել է պատգամավորը։
ՔՆՆԱՐԿՈՒՄ
Քաթարում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը թուրք գործընկերոջ՝ Մեւլութ Չավուշօղլուի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններ, ինչպես նաեւ վերջին իրադարձությունները Ղարաբաղում, Լիբիայում եւ Սիրիայում։ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի Մերսին նահանգի Գյուլնարի շրջանում տրվել է «Աքքույու» ատոմակայանի 3-րդ էներգաբլոկի կառուցման մեկնարկը։ Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սոցցանցի իր էջում հայտնել էր, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել հենց օդանավակայանում, որտեղ ռուսական պատվիրակությունը ժամանել էր Սաուդյան Արաբիայից, իսկ թուրքականը` Ղրղզստանից:
ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդգար Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ քաղաքապետարանին կից «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, 02.06.2020թ. Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ստացել է հանձնարարական «ԲՀՍ» ՀՈԱԿ-ին բոլոր գերեզմանատներում գերեզմանատեղիների չափագրումներ կատարելու եւ դրանք գրանցամատյաններում առկա տվյալների հետ համադրելու նպատակով հանձնաժողով ստեղծել: Էդգար Գասպարյանը 11.06.2020 թվականին իր հրամանով կազմել է հանձնաժողով, որի անդամներն են հանդիսացել Արթուր Ղուկասյանը, Անդրանիկ Ազիզյանը, Նունե Սեւոյանը, Գայանե Միրզոյանը, հանձնաժողովի աշխատանքների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Բագրատ Գրիգորյանի վրա, իսկ հրամանի կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվեր կազմակերպության տնօրենի կամ ժամանակավոր պաշտոնակատարի, այսինքն՝ իր կողմից:
Այնուհետեւ էդգար Գասպարյանն իր կողմից ստեղծած հանձնաժողովի անդամներին չի ծանուցել իրենց վրա դրված պարտականությունների վերաբերյալ, եւ վերջիններս չեն իրականացրել իրենց առջեւ դրված առաջադրանքները եւ պարտավորությունները, որի հետեւանքով Հայաստանի Հանրապետության եւ «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առեւտրային բազմակերպության օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է էական վնաս:
ԼԱՎ ԲԱՆ ՉԵՆ ՀՈՒՇՈՒՄ
Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանին կպարտադրի «միջանցք» բացել Սյունիքում, միեւնույն ժամանակ բազմիցս հայտարարել, որ ադրբեջանցիները վերադառնալու են «պատմական տարածք՝ Զանգեզուր, Երեւան եւ այլն»: Այս մասին նշել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սա ոչ այլ ինչ է, քան սպառնալիք՝ ուժի կիրառման սպառնալիք, որն արգելված է ՄԱԿ կանոնադրության 2֊րդ հոդվածով։ Եթե սրան ավելացնում ենք մարտի 15, 16֊ից (Մոսկվայի (Կարսի) չարաբաստիկ պայմանագրի կնքման օրեր) նախատեսվող ադրբեջանական զորավարժությունները, որոնք կրկին միջազգային իրավունքի տեսանկյունից ուժի ցուցադրման ակտ են եւ, հետեւաբար, ուժի կիրառման սպառնալիք, ապա պատկերն ավելի է հստականում։ Իսկ եթե մի քիչ ավելի ուշադիր ենք լինում տարածաշրջանում եւ մեր ռազմավարական գործընկերոջ շուրջ կատարվող իրադարձություններին, ապա կանխատեսումներն առաջիկայում լավ բան չեն հուշում՝ հաշվի առնելով մի քանի ամիս առաջ թուրք-ադրբեջանական տանդեմի կատարած միջազգային հանցագործությունները՝ ագրեսիա, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչություն, վարձկաններ եւ այլն»։