ՄԻՊ-Ը ԽԱԽՏՈՒՄՆԵՐ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի գործունեությունը դատապարտյալների համար առաջացնում է խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն։ ArmLur.am-ին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից՝ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ այդ վիճակն անթույլատրելի է:

 

«Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մի քանի տարի շարունակ բողոքներ են հասցեագրվում, որոնք նույնաբովանդակ են եւ վերաբերում են հանձնաժողովի որոշումներին, դրանց հիմնավորվածության ու պատճառաբանվածությանը։ Խոսքը վերաբերում է նաեւ միեւնույն իրավիճակներում իրարից խիստ տարբերվող ու կամայական որոշումներ կայացնելու բողոքներին: Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կապակցությամբ առկա են օրենսդրական եւ գործնական խնդիրներ, մասնավորապես՝

1) պատժի կրման նպատակով ուղղիչ հիմնարկը որոշելիս կամ փոխելիս հաշվի չի առնվում անձի մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը,

2) տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները հիմնականում պատճառաբանված չեն,

3) քրեակատարողական օրենսդրությամբ հստակ կարգավորված չեն:

4) տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության սկզբունքները եւ տեղաբաշխման հիմքում դրվող չափանիշները, օրինակ՝ ազատությունից զրկված անձի՝ մերձավոր ազգականներին հնարավորինս մոտ տեղաբաշխվելու առաջնայնությունը՝ որպես անձի վերասոցիալականացման կարեւոր գործոն, հաշվի չի առնված:

Այս խնդիրները բարձրացվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017, 2018 եւ 2019 թվականների գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում: Դրանք արտացոլվելու են նաեւ 2020 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցում:

Թեեւ 2020 թվականին ընդունվել է ՀՀ արդարադատության նախարարության հրամանով հաստատված Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կարգում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող, ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված նախագիծը, վերոնշյալ խնդիրները լուծում չեն ստացել, ինչի մասին են վկայում նաեւ 2020 եւ 2021 թվականներին ազատությունից զրկված անձանց կողմից մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները՝ կապված Տեղաբաշխման հանձնաժողովի անհիմն, չպատճառաբանված եւ համանման իրավիճակներում տարբեր որոշումների կայացման հետ:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ առկա վիճակն անթույլատրելի է. օրենսդրությունը պետք է հստակ կարգավորի, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվում քրեակատարողական հիմնարկը, ինչպես նաեւ ուղղիչ հիմնարկի տեսակը (ռեժիմը) փոխելիս, եւ ինչ չափանիշներով է որոշվում մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը: Սա պետք է հստակ լինի հենց դատապարտյալների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան կանխատեսել իրենց կողմից դրսեւորած վարքագծի հետեւանքները՝ կապված ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու հետ:

Օրենսդրական կարգավորումների թերությունները, ինչպես նաեւ Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումների պատճառաբանվածության ուղղակի պահանջի բացակայությունը չի կարող որեւէ կերպ արդարացնել Տեղաբաշխման հանձնաժողովի բացարձակ հայեցողությունն ու բացառել վերջինիս հաշվետվողականությունը: Դա մեծացնում է մարդու իրավունքների խախտումների եւ կամայականության ռիսկերը»,- ասված է հայտարարության մեջ:

Տեղաբաշխման հանձնաժողովը քննարկում է դատապարտյալների՝ օրենքով սահմանված կարգով պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելու, ինչպես նաեւ հիմնարկի տեսակը փոխելու հարցերը:

 

 

 

ՔԱՑԱԽԱԹԹՈՒ Է ԽՄԵԼ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵԼ

Կինը քացախաթթու է խմել եւ ինքնասպան եղել, պատճառը ամուսնու հայտնաբերած գրությունն է: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Արման Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ծեծել է իր կին Սուսաննա Թեւոսյանին, ինչպես նաեւ դաժան վերաբերմունքի եւ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով Սուսաննա Թեւոսյանին անզգուշությամբ հասցրել է ինքնասպանության: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել:

 

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Արման Սիմոնյանը 1998 թվականից ամուսնացած է եղել Վեդի քաղաքի բնակչուհի Սուսաննա Թեւոսյանի հետ: Ապրելով համատեղ ամուսնական կյանքով՝ 2018 թվականի դեկտեմբերի վերջերից ամուսինների կյանքում սկսվել է անհաշտություն: Բանն այն է, որ 2019 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Արմանը իր վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի դռան հայելու արանքում գտել է կնոջ ամուսնական անհավատարմության վերաբերյալ գրություն, կնոջը կասկածել է իրեն դավաճանելու մեջ եւ սկսել է կնոջ նկատմամբ բռնություն կիրառել ու նսեմացնել նրան:

Մասնավորապես, 2019թ. ապրիլի 29-ից կնոջ նկատմամբ դրսեւորել է դաժան վերաբերմունք եւ պարբերաբար նվաստացրել նրա անձնական արժանապատվությունը, այն է՝ հիշյալ գրությունը գտնելուց հետո Արման Սիմոնյանը գնացել է իրենց մթերային խանութ, որտեղ աշխատել է Սուսաննա Թեւոսյանը, եւ ծեծել է նրան: Այնուհետեւ՝ 2019թ. մայիսի կեսերից, Արման Սիմոնյանը Սուսաննա Թեւոսյանից պահանջել է ներկայացնել իրենց տնտեսած գումարները, որոնք Ս. Թեւոսյանը չի կարողացել ամբողջությամբ ներկայացնել, որից հետո Արման Սիմոնյանը, Սուսաննա Թեւոսյանի կողմից ամուսնական անհավատարմության վերաբերյալ իր ունեցած կասկածներում համոզվելով, ենթադրելով, որ վերջինս իրենց տնտեսած գումարները տվել է ենթադրյալ սիրեկանին, կնոջը նվաստացրել է, երեքից ավելի անգամ տարբեր օրերի տանը եւ խանութում իր եւ Սուսաննա Թեւոսյանի որդիներ էդիկ Սիմոնյանի եւ Արթուր Սիմոնյանի ներկայությամբ զրպարտել է կնոջը ամուսնական անհավատարմության մեջ՝ միաժամանակ հայտնելով իրենց տնտեսած գումարները սիրեկանին տալու հանգամանքի վերաբերյալ իր կասկածի մասին։ Այնուհետեւ՝ 2019թ. մայիսի 20-ին, Արման Սիմոնյանը, Սուսաննա Թեւոսյանի բջջային հեռախոսում տեսնելով Սուսաննա Թեւոսյանի եւ Գուրգեն Բադալյանի միջեւ կատարված հաղորդագրությունները, խանութում կրկին ծեծել է կնոջը:

Այս ամենից հոգեկան ծանր վիճակում գտնվող Սուսաննան 2019թ. մայիսի 23-ին՝ ժամ 15:20-ի սահմաններում, Վեդի քաղաքի Գայի փողոցի 7 հասցեում գտնվող խանութում ինքնասպանություն է գործել՝ քացախաթթու խմելով:

Վերջինիս շտապ տեղափոխվել են «Վեդի բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ այնուհետեւ «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ նույն օրը՝ ժամը 22։25֊ին, օրգանիզմի ընդհանուր էկզոգեն թունավորման քացախաթթվով թունավորվելու հետեւանքով նրա կյանքը փրկել չի հաջողվել. վերջինս մահացել է:

 

 

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

Վարչական դատարանը մարտի 10-ին վարույթ է ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի դիմումը` իրեն պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Տիրան  Խաչատրյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ 24.02.2021 թվականի «Տիրան Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Գործին որպես երրորդ կողմ ներգրավվել են ՀՀ վարչապետը եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը: Դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, հետեւաբար այն պետք է ընդունել վարույթ: Գործի դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել նախնական դատական նիստ: Նախնական դատական նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին:  Հայցը ներկայացվել է մարտի 3-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին:

 

 

 

ՄԵԾԱՄՈՐԻ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՈՒՄ ԴԻԵՐ ԿԱՆ

«Պատերազմից հետո չկան այնպիսի փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն փորձաքննվել»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ են վնասված: «Դրանցից ԴՆԹ անջատել եւ փորձաքննություն անցկացնելը բավական բարդ է: Իհարկե, կունենանք մի փոքր թիվ, որը չենք կարողանա անջատել: Կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում չի հաջողվի փորձաքննել»,- ասել է Ավանեսյանը: Ըստ նախարարի՝ արձանագրվել է 2200-ից ավելի ճանաչում, 180 հարազատ էլ դեռ պատասխանի է սպասում: «Մենք ունեցել ենք 2400 անձ, որոնք ԴՆԹ անալիզ են հանձնել: Փորձանմուշների թիվը, որոնց հետ աշխատելը բարդ է, հասնում է 210-ի: Դիեր կան, որոնք դեռ պահպանվում են Մեծամորի դիահերձարանում: Հատուկ սառնարաններում պահպանվում են մարմիններ: Չեմ կարող ասել, թե կոնկրետ Մեծամորում քանի մարմին կա»,-նշել է նախարարը: Միաժամանակ, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ԴՆԹ-ի հետ կապված սարքերի խնդիր չի եղել:

 

 

 




Լրահոս