«ԾՆՈՂՆԵՐՍ ՎԵՐՋԱՊԵՍ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՂՋԿԱՍ ՀԵՏ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կնոջ առեղծվածային էության մասին կարող ենք խոսել անսպառ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը կանանց միամսյակի առթիվ սկսել է շարք, որով փորձում է բացահայտել հայտնի կանանց: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Արեւիկ Ալավերդյանն է:

 

-Արեւի՛կ, ի՞նչը կարող է կանանց երջանիկ դարձնել։

-Կնոջը երջանիկ եւ բացառիկ դարձնում է սերը:

-Ի՞նչ են ցանկանում կանայք: Կա՞ այդպիսի ձեւակերպում։

-Կանայք ցանկանում են լինել սիրված, հարգված եւ գնահատված: Իրականում թվում է, թե կինը շատ բարդ էակ է, եւ հնարավոր չէ լիարժեք հասկանալ, թե ի վերջո ինչ են ուզում կանայք, բայց դա այդպես չէ. կնոջը պետք է ուշադրություն եւ սեր:

-Ո՞րն է եղել Ձեր ամուսնուց ստացած ամենահիշարժան նվերը։

-Ամենահիշարժան նվերը դժվարանում եմ մտաբերել, քանի որ ամուսինս այնքան շատ է նվերներ եւ անակնկալներ անում եւ գրեթե միշտ նվիրում է այն, ինչ ցանկանում եմ:

-Կանանց միամսյակ հարկավո՞ր է։

-Կանանց միամսյակ հարկավոր չէ, մեզ պետք է  տարին տասներկու ամիս, շաբաթը յոթ օր եւ 24 ժամ:

-Արդյոք Ձեզ սիրված եւ գնահատված կին համարո՞ւմ եք։

-Ես ինձ ամենաերջանիկ կինն եմ համարում եւ ամեն օր շնորհակալ եմ լինում Աստծուն, որ ունեմ կյանքի նման ընկեր կողքիս:

-Արեւի՛կ, մեզ կին պաշտոնյաներ պակասո՞ւմ են:

-Մեզ նույնիսկ տղամարդ պաշտոնյաներ են պակասում, ուր մնաց թե խոսենք կանանց մասին:

-Արեւի՛կ, գիտեմ, որ որոշ ժամանակով վերադարձել էիք հայրենիք։ Կպատմե՞ք այստեղ այցի մասին։

-Այո, բավական երկար ժամանակ է, ինչ հայրենիքում  էինք ընտանիքով: Հայաստան էինք եկել ե՛ւ անձնական, ե՛ւ գործնական նպատակով, ինչի մասին ավելի ուշ կխոսեմ:

-Երեւանում ամենից շատ ի՞նչն էիք կարոտել։

-Երեւանում ամենից շատ կարոտել էի ընտանիքս, առաջին անգամ էր, որ այսքան երկար չէի եղել հայրենիքում: Ծնողներս վերջապես ծանոթացան աղջկաս հետ:

-Չե՞ք զղջում, որ մեկնել եք։

-Չեմ փոշմանել, որ մեկնել եմ, իհարկե, բավական երկար մնացի հայրենիքում եւ շուտով կրկին վերադառնալու եմ:

-Իսկ ապրելով հայրենիքից հեռու՝ հետեւո՞ւմ եք երկրում տիրող իրավիճակին, ինչպե՞ս եք արձագանքում։

-Քաղաքականություն երբեք էլ չեմ սիրել, բայց, իհարկե, որպես հայ, սիրտս ցավում է այն ամենի համար, ինչ կատարվեց եւ կատարվում է հայրենիքումս: Խաղաղություն եմ ուզում, բարություն, ուզում եմ նորից ոտքի կանգնի հայրենիքս, նորից ժպտա: Իմ արձագանքն իմ գործն է լինելու, եւ միշտ լինելու եմ իմ հայրենիքի կողքին:

-Իսկ ինչո՞վ եք զբաղված այս պահին, ի՞նչ նորություններ են սպասվում:

-Նորություններ կլինեն, Աստված առաջ, բայց կխոսեմ, երբ ասելիք ունենամ:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ՄԵԳԱՆ ՄԱՐՔԼԻ ՀԱՅՐԸ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը, դստերը վերջնագիր է ներկայացրել հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցից հետո. հայտնում է բրիտանական «The Guardian» թերթը։

 

Թոմասը հայտարարել է, որ կշարունակի շփվել մամուլի հետ եւ մեկնաբանություններ տալ այնքան ժամանակ, քանի դեռ Մեգանն իր հետ կապ չի հաստատի։ Հանդես գալով «Good Morning Britain» հեռուստատեսային նախագծում՝ Սասեքսի դքսուհու հայրը խոստովանել է, որ 2018թ.-ին ստել է դստերը, թե չի համագործակցել լրատվամիջոցների հետ։ Նրա խոսքով՝ ինքը Մեգանի հետ վերջին անգամ խոսել է նախքան նրա ու արքայազն Հարիի ամուսնությունը, որը տեղի է ունեցել նույն թվականի մայիսին։

«Ես ամաչում եմ իմ քայլերի համար, բայց մեդալը նաեւ հակառակ կողմ ունի։ Ոչ ոք չի փորձել պաշտպանել մեր ընտանիքի անդամներին։ Լրագրողները մեզ վրա հարձակվում էին ամեն օր։ Ամենավատն այն է, որ ես այլեւս ոչ մի լուր չեմ ստացել Հարիից եւ Մեգանից։ Եվ քանի որ նրանք չեն շփվում ինձ հետ, ես շփվում եմ մամուլի հետ։ Եթե նրանք մոտակա 30 օրվա ընթացքում ինձ հետ կապ չհաստատեն, ես կրկին կդիմեմ մամուլին։ Ես ուզում եմ խոսել նրանց հետ։ Երբ նրանք որոշեն շփվել ինձ հետ, ես կդադարեմ համագործակցել լրատվամիջոցների հետ»,- ասել է Թոմաս Մարքլը։

Մարտի 8-ին ամերիկյան «CBS» հեռուստաալիքը ցուցադրել է առաջին համատեղ հարցազրույցը, որն արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը տվել են ԱՄՆ տեղափոխվելուց հետո։ Հարին հայտնել է, որ Մեգանի առաջին հղիության ընթացքում թագավորական ընտանիքի որոշ անդամներ անհանգստություն են հայտնել իրենց ապագա երեխայի մաշկի գույնի հետ կապված։ Մեգանը խոստովանել է, որ մտածել է ինքնասպանության մասին բրիտանական մամուլի հալածանքի պատճառով։ Հայտնի է դարձել նաեւ, որ նրանք 2020թ.-ի առաջին կեսին զրկվել են թագավորական ընտանիքի ֆինանսական աջակցությունից, իսկ արքայազն Չարլզը մի քանի ամիս հրաժարվել է խոսել որդու հետ։

Մարտի 9-ին Բուքինգհեմյան պալատն արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարցազրույցի առնչությամբ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։ Թագավորական ընտանիքը վստահեցրել է, որ լրջորեն է վերաբերվում ներկայացված մեղադրանքներին եւ դրանք կքննարկի մասնավոր կարգով։

 

 

 

ԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մարտի 18-21-ը կայանալիք եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի մասնակիցների անունները: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգրի համար կպայքարեն Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ): Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր կնվաճեն միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:

 

 

 

ՄԵՆԱՄԱՐՏԸ՝ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանն ապրիլի 10-ին երկրորդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում. հայտնում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայ բռնցքամարտիկը Մոսկվայում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցի Հարավային Աֆրիկան ներկայացնող Մաեմու Ռոֆիվայի հետ, որը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 19 հաղթանակ (12 նոկաուտ): Ռոֆիվան եղել է նաեւ WBA վարկածով Աֆրիկայի չեմպիոն: Կարեն Տոնականյանը պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել էր նախորդ տարվա դեկտեմբերին՝ նոկաուտով հաղթելով բելառուս Անդրեյ Իսաեւին, ով ժամանակին եղել է WBF եւ IBF վարկածներով ինտերկոնտինենտալ գոտու չեմպիոն, նաեւ WBO վարկածով Ասիայի չեմպիոն: Հերթական պրոֆեսիոնալ մենամարտին Տոնականյանը Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ նախապատրասվում է Վլադիկավկազում՝ մարզվելով փորձառու մարզիչ Վիտալի Սլանովի գլխավորությամբ:




Լրահոս