Արցախի ՄԻՊ գրասենյակում ընդունել են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանը և Պաշտպանի աշխատակազմի գործադիր քարտուղար Գեղամ Ստեփանյանը մարտի 12-ին ընդունել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է երկու կառույցների միջև 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո արդյունավետ համագործակցության կարևորությունը, որը հնարավորություն է տվել Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների վերաբերյալ բարձրաձայնել միջազգային հարթակներում, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության և նրանց հայրենիք վերադարձնելու հարցը:

Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքացիական զոհերի հարազատների և քաղաքացիական վիրավորների իրավունքների, ինչպես նաև տեղահանված անձանց գույքային իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանությունը ապահովելու ուղղությամբ:




Լրահոս