21 օր է անցել ամերիկյան արտադրության, հայկական գրանցմամբ «Բոինգի» Իրանում հայտնվելուց հետո։ Եվ չնայած տարատեսակ խոստումներին, ինքնաթիռը դեռ Իրանում է, իսկ վերադարձի մասին որևէ հստակություն չկա։
Հիշեցնենք՝ փետրվարի 23-ն էր, երբ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը տեղեկություն հրապարակեց օդանավի Իրանում հայտնվելու մասին։ Նույն օրը Հայաստանի քաղաքացիական ավիացիան հաղորդագրություն տարածեց` պարզաբանելով, թե տեխնիկական աշխատանքներ էին ընթանում, և դրանք շարունակելու նպատակով օդանավը պետք է տեղափոխվեր Ուկրաինայի «Հոստոմել» օդանավակայան։ Փետրվարի 20-ին, սակայն, օդանավն անհայտ պատճառներով հայտնվել է Իրանի «Մեհրաբադ» օդանավակայանում։
Եվ ահա, մինչեւ մարտի 4-ը բոլորը լուռ էին, մինչ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ այն խախտեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով, թե իրանական կողմի հետ կա համաձայնություն՝ օդանավը հենց այդ օրը Հայաստան վերադարձնելու վերաբերյալ։
Եվ չնայած այս խոստումներին եւ տարբող աշխատանքներին, փաստ է մեկ բան՝ 21 օր անց օդանավը դեռ Հայաստան չի վերադարձվել: Իսկ փոխվարչապետի գրասենյակից այլեւս չեն ցանկանում այս հարցով մեկնաբանություն տալ՝ սլաքներն ուղղելով դեպի Քաղաքացիական ավիացիայի կեմիտե, վերջիններս եւս լուռ են: Եվ ավելին, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն արգելել է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումն Իրանին, այս խնդիրը հայտնվել է նաև ԱՄՆ ուշադրության ներքո, և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է այս հարցին առնչվող բոլոր կողմերին անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը` հիշեցնելով, որ նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում։
Հավելենք, որ այս գործով զբաղվում է նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը, այժմ ընթանում է նախաքննություն։