Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Բաքուն, իր պարտավորությունների համաձայն, Հայաստանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը։
«Ադրբեջանական պետության դիրքորոշումն այս հարցում շատ բաց և պարզ է։ Համաձայն եռակողմ հայտարարության՝ մենք հայկական կողմին ենք փոխանցել բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ընթացքում և մինչև դրանց սկսվելը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը սկսել է ռազմագերիներին փոխանցել ավելի վաղ, քան Հայաստանը՝ դեռ ռազմական գործողությունների ընթացքում։
Ինչ վերաբերում է ներկայումս ադրբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողներին, Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել է, որ նրանք չեն համարվում ռազմագերիներ, քանի որ չեն գերեվարվել ռազմական գործողությունների ընթացքում։
«Այս մարդիկ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից և եռակողմ համաձայնագրի ստորագրումից բավական հետո, ավելի ճիշտ՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ին։ Նրանք զորակոչվել են Հայաստանի Շիրակի մարզից և ուղարկվել Ղարաբաղ, կատարել են հանցագործություններ, որոնց արդյունքում զոհվել են ադրբեջանցի զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Նրանց հանդեպ հետաքննությունը շարունակվում է»,- հավելել է Բայրամովը։