ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս համաքաղաքացին է:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. փետրվարի 23-ին` ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Գորիս
քաղաքի Գր.Տաթևացի փողոցում գործող սրճարանի դիմաց Գորիս քաղաքի 18-ամյա բնակիչը խոսակցություն է ունեցել համաքաղաքացու հետ, որի ժամանակ հայհոյանքներ տալու կապակցությամբ միջամտել է մեկ այլ համաքաղաքացի:
18-ամյա երիտասարդը, իր սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով դրդված՝ խուլիգանական դրդումներով, խոսակցությանը միջամտած համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել
վերջինիս կենսական կարևոր օրգաններին` դեմքի, կրծքավանդակի, որովայնի և մարմնի այլ մասերին` պատճառելով կյանքին վտանգ
սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել.
համաքաղաքացին անմիջապես տեղափոխվել է «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 18-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ)2-րդ մասի 10-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների
բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: