ՊՈՒՏԻՆԸ ԽՈՍԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլը հայտնել է, որ մարտի 11-ին եւ 12-ին Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ:

 

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն` հեռախոսազրույցների ժամանակ քննարկվել են եռակողմ համաձայնագրի իրագործման գործնական ասպեկտները, եւ արձանագրվել է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ իրավիճակը տարածաշրջանում մնում է կայուն եւ հանգիստ: Նաեւ նշված է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը բարձր են գնահատել ռուսական խաղաղապահների գործունեությունը Լաչինի միջանցքի երկայնքում: Բացի այդ, Կրեմլը հայտնում է, որ Բաքվի եւ Երեւանի հետ քննարկել է նաեւ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցեր:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչին երեկ՝ ճեպազրույցի ժամանակ, հայ լրագրողը խնդրել էր մեկնաբանել Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ Զանգեզուրն ադրբեջանական տարածք է, եւ որ «պատմական ադրբեջանական տարածքում պետք է ստեղծեն միջանցք դեպի Նախիջեւան»:

«Չե՞ք կարծում այսօր, որ Ալիեւի հայտարարությունը միջազգային նորմերի կոպիտ խախտում է եւ ոտնձգություն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ, եւ արդյոք միջանցքի մասին հայտարարությունը չի՞ հակասում եռակողմ համաձայնագրին»,- հարցրել է հայ լրագրողը: Ի պատասխան՝ Մարիա Զախարովան ասել է. «Կախված այն թեմային, որ Դուք բարձրաձայնեցիք, մենք եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում արձանագրում ենք ընդհանուր առմամբ կոնստրուկտիվ մոտեցում թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերից»:

Նա հավելել է, թե Մոսկվան ակնկալում է, որ նման դրական մոտեցում եւ փոխընդունելի մոտեցումները գտնելուն ուղղված հայտարարություն մեծամասամբ կհնչեն նաեւ պաշտոնական մեկնաբանություններում եւ մամուլում:

Սա Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հերթական անհասցե հայտարարությունն է: Մոսկվան ընդհանրապես պատերազմն ավարտվելուն պես փորձում է շրջանցել բոլոր սուր անկյունները, անպատասխան թողնել բոլոր նման հարցերը եւ ուշադրություն չդարձնել եռակողմ պայմանագրի տեքստի՝ պաշտոնական Բաքվի եւ Երեւանի տարընթերցումներին: Նախկինում Մոսկվան ընդգծում էր` համաձայնագրում չկա Նախիջեւանի միջանցքի մասին որեւէ բառ, այսօր նույնիսկ սա չի անում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում մարտի 15-ին մեկնարկող զինավարժություններին, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը պնդում է, որ դրանք տարածաշրջանային կայունության համար վտանգ չեն ներկայացնում. «Դրանք պլանային զինավարժություններ են եւ որեւէ վտանգ տարածաշրջանի կայունության համար չեն ներկայացնում»:

Հավելենք` այսօր Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակից մեծամասամբ խոսում են պաշտոնական Բաքուն եւ Անկարան: Մոսկվան փորձում է չբարձրաձայնել տարաձայնություններն ու խնդիրները` պարբերաբար շեշտելով, թե այս փուլում կարեւորն այն է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղությունը տարածաշրջանում:

Ավելի վաղ, հիշեցնենք, Զախարովան հայտարարել էր, թե առաջիկայում Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան, սակայն այցը դեռ չի կայացել, եւ որեւէ հայտարարություն այս կապակցությամբ Մինսկի խումբը չի արել, իսկ «Ազատությանը» տված հարցազրույցում Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը նշել էր, թե Մինսկի խմբի համանախագահների առաջնային խնդիրներից է այսօր ոչ միայն կողմերին մեկ սեղանի շուրջ նստեցնելը, այլեւ Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությունը: Ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում է, թե ղարաբաղյան խնդիր այլեւս գոյություն չունի, եւ հրաժարվում է բանակցել Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Պաշտոնական Մոսկվան էլ հայտարարում է, որ կարգավիճակի շուրջ պետք է բանակցել, սակայն հետո:

Ն.Հ.

 

 

ԱՄՈՒՍԻՆՆԵՐ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ

Գյումրիում ամուսիններ են դանակահարվել։ Գյումրու բժշկական կենտրոնից ArmLur.am-ին հայտնել են, որ տղամարդու վիճակը կայուն է, կնոջը տեղափոխել են Երեւան։ Հիվանդանոցից հայտնել են, որ երեկ իրենց մոտ է տեղափոխվել 1981 թվականին ծնված երիտասարդ՝ որովայնի ու կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Նա վիրահատության է ենթարկվել, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը կայուն է։ Նրա կինը՝ ծնված 1986 թվականին, հիվանդանոց է տեղափոխվել ձախ վերին վերջույթի բազմակի կտրած-ծակած վերքերով, երկրորդ-երրորդ մատների ծալիչ-ջլերի վնասմամբ։ Հիվանդանոցից հայտնեցին, որ կնոջը տեղափոխել են մայրաքաղաք՝ միկրովիրաբույժի հսկողության տակ։

 

 

ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ

Ինչո՞ւ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հարվածի տակ: Այս վերնագրով հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ասում է՝ պետությունն ապահովում է մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճը ֆինանսավորումը։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրվում են պաշտպանի գործունեության երաշխիքները՝ այդ թվում սոցիալական եւ ֆինանսավորման։ «Յուրաքանչյուր տարի Պաշտպանի եւ նրա աշխատակազմի, ինչպես նաեւ Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով»,-ասվում է հայտարարության մեջ:

 

 

 

ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ, համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի  դեկտեմբերի 28-ի N 2195-Լ որոշման,  Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ավարտել է ծրագրի մշակումը եւ պատրաստ է իրականացնել պիլոտային նախագծի ներդրում։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կոշիկի արտահանմամբ զբաղվող կազմակերպություններին հրավիրում է մասնակցել փորձնական ծրագրին:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է

Աշխատանքային այցով Բաքվում գտնվող Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հասանովը հյուրին տեղեկացրել է ադրբեջանական բանակի հաջող ռազմական գործողությունների մասին։ Ըստ նույն աղբյուրի՝ դեսպանը իր հերթին ցավակցել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների եւ խաղաղ բնակիչների ընտանիքներին, նշել, թե ադրբեջանական բանակն այդ պատերազմի ընթացքում «էական փորձ է կուտակել»։ Եվրամիության հատուկ ներկայացուցիչն Ադրբեջան է այցելում այդ երկրի զինված ուժերի լայնամասշտաբ զորավարժությունների նախաշեմին։ Հայտնի չէ՝ Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպմանը եվրոպացի դիվանագետը քննարկել է արդյոք 44-օրյա արյունալի պատերազմից չորս ամիս անց շուրջ 10 հազար զինծառայողի մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների թեման։

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանին հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձեւաչափով տեսաուղերձը: Նման հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Տեսաուղերձից առաջ էլ խորհրդին է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանի ավելի ծավալուն գրավոր զեկույցը: Թե՛ տեսաուղերձում, թե՛ գրավոր զեկույցում նշվում է, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը խոշտանգել են ու դաժան վերաբերմունքի ենթարկել հայկական կողմի զինծառայողներին եւ քաղաքացիական անձանց: Դրանից բացի, ադրբեջանական զինծառայողները խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի տեսանյութերում օգտագործում են նույն բառերը, ինչ գործածվում են ադրբեջանական պաշտոնական ելույթներում: Հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից, ու դա հաստատված է ՄԻԵԴ-ի վճիռներով:

Զեկույցում հատուկ է շեշտվում ադրբեջանական իշխանությունների կողմից գերիների՝ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ազատ արձակման ու վերադարձի արհեստական ձգձգման մասին՝ չնայած միջազգային մարդասիրական իրավունքի բացարձակ պահանջներին, ինչը պատճառում է հոգեկան տառապանք նրանց ընտանիքներին, ու էմոցիոնալ խորը ցավ՝ հայաստանյան հասարակությանը:

 

 

 




Լրահոս