ՎՆԱՍ՝ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 80% պետական բաժնեմասով «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերությունը 2017 թվականի մայիսի 12-ին հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան եւ խնդրել է անվավեր ճանաչել «N» ԲԲ ընկերության հետ 2016թ. դեկտեմբերի 5-ին կնքած «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը», ինչպես նաեւ վերջինիցս բռնագանձել 1.092.593.543 ՀՀ դրամ:

 

Դատարանը 2018թ.-ի հուլիսի 27-ի վճռով մերժել է ընկերության պահանջը` պատճառաբանելով, որ «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի» հիմք են հանդիսացել կողմերի միջեւ կնքված պայմանագրերը, սակայն հայցվորը դատարան չի ներկայացրել վկայակոչած պայմանագրերը եւ չի ապացուցել պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 2018թ.-ի հոկտեմբերի 25-ի որոշմամբ, վճիռը թողել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի բերած վճռաբեկ բողոքը, 2018թ.-ի դեկտեմբերի 12-ի որոշմամբ, թողել է առանց քննության:

Մինչդեռ Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության եւ կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ թեեւ համագործակցության պայմանագիր եւ հետագայում նաեւ պայմանագրի ժամկետները երկարաձգելու վերաբերյալ համաձայնագրեր կնքվել են, դրանք առկա են եղել ընկերությունում, սակայն չեն ներկայացվել դատարանի գնահատմանը, ինչն էլ հիմք է հանդիսացել հայցը մերժելու համար:

Բացի այդ, պարզվել է նաեւ, որ Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ բողոք բերած անձը Վճռաբեկ բողոքում չի նշել Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը եւ դրա հիմնավորումը, ինչպես նաեւ ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություն, սակայն չի ներկայացրել գույքային դրության վերաբերյալ ապացույցներ:

Այսինքն՝ «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պատասխանատու պաշտոնատար անձինք, վկայակոչված քաղաքացիական գործի շրջանակներում օժտված լինելով դատարանի կողմից բաշխված բեռի ապացուցման պարտականությամբ, 2017-2018թթ. դատարան չեն ներկայացրել «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի» հիմք հանդիսացող պայմանագիրը, ինչպես նաեւ չեն շտկել Վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված թերությունները: Դրա հետեւանքով պետական բաժնեմասով ընկերությունը ոչ միայն զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից, այլեւ ծանրաբեռնվել է նաեւ շուրջ 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դրա հետեւանքով անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջանալու հանցավոր արարքի առերեւույթ կատարման հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով, հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե:

 

 

 

ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն՝ մարտի 16-ից 20-ը Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական եւ մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ՝ համազորային, զորատեսակների եւ հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ։ Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները եւ ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված եւ աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների եւ կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական հրաձգություններով: Մարտավարական եւ մարտավարամասնագիտական զորավարժություններին, ինչպես նախարարությունն է հայտնում, ընդգրկվում են շուրջ 7 հազար 500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային եւ հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաեւ օդային հարձակման միջոցներ (ավիացիա): Նշենք, որ Ադրբեջանի զինուժը եւս հայտարարել է զորավարժություններ անցկացնելու մասին։ Զորավարժությունները կմեկնարկեն մարտի 15-ին, կշարունակվեն 4 օր։

 

 

ՄԻՊ-Ը ՁԵՌՆԱՐԿ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանություն. մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման իրավական շրջանակ» ձեռնարկը: Այն վերաբերում է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ կարեւոր ու պրակտիկ գործիք է Պաշտպանի կողմից զինծառայողների իրավունքների եւ ազատությունների, Զինված ուժերում կանանց իրավունքների մշտադիտարկման համար: Ձեռնարկում ներառված են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ինչպես ներպետական օրենսդրական իրավակարգավորումներ, Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների դիրքորոշումներ, այնպես էլ միջազգային իրավական չափանիշներ՝ ներառյալ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի փաստաթղթերում եւ Եվրոպական դատարանի վճիռներում ու որոշումներում տեղ գտած դրույթներ: Դրանում ներառված են զինվորական հաշվառումից ու զորակոչի կազմակերպումից մինչեւ զինված ուժերում կանանց առաջխաղացման եւ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական իրավունքներին առնչվող հարցերին վերաբերելի իրավական չափանիշներ:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ

Մարտի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է Ադրբեջանից ստացված 7 բողոքների վերաբերյալ որոշումների մասին, որոնց համաձայն՝ կառավարությունը դիմումատուներին փոխհատուցում կվճարի ընդհանուր 56 300 եվրոյի չափով: Այս մասին հայտնում է Turan-ը՝ վկայակոչելով փաստաբան Խալիդ Ագալիեւին: Հայցատուներ Վուգար Ալիեւը եւ Աղամամեդ Մամեդովն ընդունել են կառավարության առաջարկը՝ իրենց համապատասխանաբար 6000 եւ 3800 եվրո փոխհատուցում վճարելու մասին: Ալիեւը, լինելով քաղաքական ակտիվիստ, դատապարտվել է թմրանյութերի վաճառքի մեղադրանքով: Իր բողոքում նա հայտարարել է արդար դատաքննության եւ անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման մասին: Մամեդովի բողոքը կապված է սեփականության իրավունքի խախտման հետ: Ռեւան Սաբզալիեւի, Նաթիգ Միրզոեւի եւ Դուրնիսա Ախմեդովայի՝ Ադրբեջանի  դեմ գործերով կառավարությունը նույնպես համաշխարհային համաձայնության է եկել հայցատուների հետ: Կառավարությունը համաձայնության է եկել նաեւ Ադրբեջանի դեմ Ռզամովի եւ մյուսների գործով: Իշխանությունները պարտավորվել են յուրաքանչյուր հայցատուին 3750 եվրո վճարել: Նրանք բողոք էին ներկայացրել կրոնական ժողովի ժամանակ անհիմն կալանքի կապակցությամբ: Ըստ հայցատուների՝  ոտնահարվել էին իրենց անձնական անձեռնմխելիության, կրոնի ազատության եւ արդար դատաքննության իրավունքները:

 

 

 

ՓՈՐՁՎԱԾ ՄԵԹՈԴՆԵՐ

Ռուսաստանի լրատվական դաշտում արագ տեմպերով աճում է վերջերս ստեղծված «Ազատագրում» ժողովրդական-ազատագրական շարժմանը մեդիաաջակցությունը:Բազմաթիվ հրապարակումներում գրեթե բացահայտ հայտարարվում է, որ մոսկովյան շրջանակներն աջակցում են միայն «Ազատագրում» շարժմանը: Այս շարժման առաջնորդներն են հանդիսանում Միքայել Բադալյանը եւ Սերգեյ Չամանյանը՝ «Տելեգրամ» ալիքների ադմինիստրատորներ եւ ընդդիմադիր ակտիվիստներ, որոնք իրենց դիրքավորում են որպես անկախ քաղաքացիներ, սակայն իրականում գործում են՝ Մոսկվայի շահերից ելնելով:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ի աջակցություն «Ազատագրում» շարժման առաջնորդների՝ ներգրավվել են Մոսկվայից ժամանած մասնագետներ, որոնք այժմ գտնվում են Երեւանում եւ համակարգում են շարժման գործունեությունը:

Այս ամբողջ շարժման նպատակը իշխանություններին վարկաբեկելն է եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելը: Նման բան մենք արդեն տեսել ենք Ուկրաինայում: Մոսկվան կրկին փորձում է պատժել Նիկոլ Փաշինյանին «Իսկանդերների» մասին հայտարարությունների համար եւ պատրաստ է դրա համար գնալ առավել ծայրահեղ միջոցների:

 

 

 




Լրահոս