Այսօր Հայաստանում մեկնարկում են լայնածավալ զորավարժություններ: 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամն է Հայաստանը անցկացնում նման զորավարժություններ: Ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարությունը, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ զորավարժություններ անցկացվելու են Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում։
Հայաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն, մինչև մարտի 20-ը շարունակվելիք զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները և ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները։ Անցկացվելու են մարտական հրաձգություններ, ընդգրկվելու են շուրջ 7,5 հազար զինծառայողներ, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ, ներգրավվելու են օդային հարձակման միջոցներ:
Զուգահեռաբար երեկ Ադրբեջանում մեկնարկել են քառօրյա լայնածավալ զորավարժություններ՝ մոտ հարյուր միավոր տանկերի և այլ զրահատեխնիկայի, հրթիռային համակարգերի, օդուժի ու անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ։
РИА Новости-ին այսօր հաղորդել է, որ այդ զորավարժություններին մասնակցում են մոտ տասը հազար զինծառայողներ։ Ռուսաստանի արտգործնախարարությունից լրատվական գործակալությանը փոխանցել են, թե տարածաշրջանային կայունության ու անվտանգության տեսանկյունից ադրբեջանական զորավարժությունները ռիսկային չեն համարում, քանի որ դրանք կրում են պլանային բնույթ։