ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականին փոփոխված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է ՀՀ կառավարությունը:

 

Ըստ այդմ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի» նախագիծը: Չափորոշիչը սահմանում է ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, նախադպրոցական տարիքի երեխաներին ներկայացվող որակական պահանջները (կարողունակություններ` կոմպետենցիաներ), ըստ տարիքային խմբերի՝ կրթության եւ զարգացման վերջնարդյունքները, ինչպես նաեւ նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուսումնական հաստատություններին ներկայացվող միջավայրի ձեւավորման չափանիշները:

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ է, որի հիման վրա մշակված կրթական ծրագրերի ներդրումը պարտադիր է նախադպրոցական կրթություն իրականացնող բոլոր հաստատությունների համար՝ անկախ կազմակերպաիրավական ձեւից:

Ներկայում նախադպրոցական կրթության բովանդակությունը կարգավորվում է 2011 թվականին հաստատված եւ 2018 թ.-ին մասնակի փոփոխված չափորոշչով, որում ներկայացվող որակական պահանջներն անցած շուրջ 10 տարիների ընթացքում էականորեն փոխվել են: Կրթության զարգացման այժմյան միտումները (հատկապես վաղ տարիքի երեխաների համար) ուղղված են նրանց համակողմանի զարգացմանը` կարեւորելով կրթության դերը, մասնավորապես՝ սահուն անցմանը դպրոցական կյանքին, երեխաների իրավունքների պաշտպանությանը, նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական համակարգի ներդրմանը, որը նոր մոտեցում է:

Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը, որը հնարավորություն է ընձեռում արձագանքելու երեխաների կարիքներին եւ հետաքրքրություններին, հարգելու յուրաքանչյուր երեխայի անձը, խթանելու համատեղ ուսումնառության գործընթացը: Մասնավորապես տրված է, թե նախադպրոցական կրթության ավարտին երեխաները ինչ պետք է իմանան, կարողանան անել եւ հասկանալ։

Չափորոշչով սահմանված են նաեւ երեխաների զարգացման եւ կրթական վերջնարդյունքներ,  նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը, որոնք ներառում են  շարժողական,  խոսքի եւ հաղորդակցման,   հուզական, սոցիալ-անձնային,  իմացական,  ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտները: Տրված են նաեւ խմբասենյակների ձեւավորման հիմնական պահանջները, թե ինչ սարքավորումներ եւ խաղալիքներ ու նյութեր պետք է ապահովվեն երեխայի ներդաշնակ զարգացման համար: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվող սարքերը, սարքավորումները, խաղալիքներն ու նյութերը պետք է համապատասխանեն երեխայի տարիքին եւ սահմանված առողջապահական նորմերին:

Հավելենք, որ, ըստ նախադպրոցական կրթության չափորոշչի, մշակվում են միջին եւ բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների ուսումնական ծրագրեր եւ վերապատրաստումների թեմատիկ պլաններ, ծնողական կրթության ծրագրեր:

Ակնկալվում է, որ նոր չափորոշիչը հնարավորություն կտա վաղ մանկության զարգացման ոլորտի տարբեր մասնագետներին եւ ծնողներին ունենալ նախադպրոցական տարիքի երեխաների աճի, զարգացման եւ կրթության առավել ողջամիտ ու հիմնավոր ակնկալիքներ, որոնք հիմնված կլինեն ավելի չափելի արդյունքների վրա:

Նոր չափորոշիչը միտված է նրան, որ կանոնակարգված քաղաքականություն իրականացվի նախադպրոցական եւ հանրակրթական ծառայությունների որակի ու արդյունավետության համեմատական գնահատման, ինչպես նաեւ երեխաների, ծնողների, մանկավարժական աշխատողների, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային մարմինների, կրթության հարցերով զբաղվող կազմակերպությունների, գործատուների իրազեկվածության բարձրացման ուղղություններով: Նախադպրոցական կրթության չափորոշչի հանրային քննարկումը նախատեսված է մինչեւ մարտի 26-ը: Շահագրգիռ կազմակերպություններն ու անհատները կարող են այդ ընթացքում ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները:

 

 

 

 

ՏՏ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ

Պոլիտեխնիկի պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը, դեռ ռեկտորի պաշտոնում չընտրված, հասցրել է մտահոգել ոլորտի մասնագետներին: Նշենք, որ մարտի 1-ին կայացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը, որին մասնակցելու համար հայտ ներկայացրել էր վեց թեկնածու, այդ թվում եւ՝ Գոռ Վարդանյանը:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վեց թեկնածուներից երկուսը՝ Արամ Միքայելյանը եւ Պարգեւ Բալջյանը, ելույթ ունենալուց եւ խորհրդի անդամների հարցերին պատասխանելուց հետո հանել են իրենց թեկնածությունները, իսկ Գոռ Վարդանյանը ստացել է 16 ձայն: Բայց մարտի 15-ին տեղի է ունենալու բուհի ռեկտորի ընտրության քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցելու է միայն առավելագույն ձայն հավաքած թեկնածուն՝ 30-ամյա Գոռ Վարդանյանը: Պարզվում է՝ այս երիտասարդն արդեն հասցրել է հիասթափեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին, որոնք կուտակած հարցեր ունեն, սակայն երկու անգամ է, ինչ չի հաջողվում նրանց հանդիպել Վարդանյանի հետ եւ դրանք հնչեցնել, քանի որ Վարդանյանը չի բարեհաճում ներկա գտնվել նախապես նշանակված հանդիպմանը եւ վերջին պահին հրաժարվում է գալ: Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ներկայացուցիչներ այսօր հավաքվել էին «Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում եւ սրտատրոփ սպասում էին Գոռ Վարդանյանին: Վերջինս հանդիպումից րոպեներ առաջ օգնականի միջոցով է տեղեկացրել հանդիպմանը չգալու մասին։ Բացի այս, երկու շաբաթ առաջ, երբ համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին Վարդանյանը հայտ է ներկայացրել, IT մասնագետները նրան հրավիրել են հանդիպման, սակայն երիտասարդը չի գնացել։ Ի դեպ, առաջադրված գրեթե բոլոր թեկնածուների հետ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են, իրենց հետաքրքրող հարցերի շուրջ զրուցել։ Երկրորդ անգամ էլ են Վարդանյանին կանչել հանդիպման, որը պետք է երեկ կայանար, սակայն նա դարձյալ հարկ չի համարել գալ, ինչը զայրացրել է IT մասնագետներին։ Երեկ նշանակված հանդիպումից րոպեներ անց միայն ՏՏ ոլորտի մասնագետներն իմացան, որ չի գալու Վարդանյանը, եւ իրենց վրդովմունքը հայտնեցին՝ նրա այդ պահվածքը համարելով անհարգալից։ Նրանք անգամ որոշեցին Վարդանյանի նման անպատասխանատու պահվածքի մասին նամակով դիմել համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին։ Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՏՏ ոլորտի մի քանի ներկայացուցիչներ պատրաստվում են մասնակցել մարտի 15-ին կայանալիք մրցույթի երկրորդ փուլին եւ ներկայացնել իրենց դիտողություններն ու առարկությունները Վարդանյանի թեկնածության վերաբերյալ։

 

 

 

ԴԱՏԱԽԱԶԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է  ԱԶԱՏԱԶՐԿԵԼ 

Աչաջուր գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Արման Խոջայանը, Գրիգոր Սարհատյանի կազմակերպմամբ, 2019թ. հոկտեմբերի 19-ին բենզասղոցով  ապօրինի հատել է 6 հատ հաճարենի տեսակի կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 168 հազար 300 դրամի վնաս: Լուսահովիտ համայնքի ղեկավար, 1984թ. ծնված, նախկինում դատված, դատվածությունը մարված, միջնակարգ կրթությամբ Գրիգոր Սարհատյանը Արման Խոջայանի կողմից ապօրինի  ծառահատումներ կատարելու  համար  նրան է տրամադրել իր «Ուրալ»  մակնիշի ավտոմեքենան։ Ա. Խոջայանին  եւ  Գ. Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որոնք կատարվել են խոշոր վնաս պատճառելով»): Ա. Խոջայանը  եւ  Գ. Սարհատյանը միջնորդել  են դատական քննությունն անցկացնել  արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, իրենք համաձայն են դրա հետ, դատախազը չի առարկել միջնորդության դեմ, դատարանը բավարարել է միջնորդությունը։ Ա. Խոջայանի նկատմամբ պատիժ  նշանակելիս դատարանը հաշվի  է առել, որ նա երիտասարդ է, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, բնութագրվում է դրականորեն։ Գ. Սարհատյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է սառել, որ  նա երիտասարդ է, իրեն լիովին մեղավոր է  ճանաչում, զղջում է  կատարածի համար, տառապում է հաշմանդամությամբ, որպես  նրա պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնվել այն, որ  նա խնամքի տակ  ունի  մինչեւ տասնչորս տարեկան երկու երեխա։ 2020թ. դեկտեմբերի 11-ին  Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Արման Խոջայանին եւ Գրիգոր Սարհատյանին դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան։ Այդ քրեական գործով մեղադրող Ա. Հովհաննիսյանը նշված  դատավճռի դեմ  վերաքննիչ բողոք է ներկայացրել, որում  խնդրել է նշված քրեական գործով ՀՀ քր. օր.-ի 70 հոդվածի կիրառումն ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ճանաչել անթույլատրելի, իսկ պատժաչափի մասով Ա. Խոջայանի նկատմամբ նշանակել ազատազրկման ձեւով պատիժ՝ 4 տարի ժամկետով, իսկ Գ. Սարհատյանի նկատմամբ նշանակել  3 տարի 6 ամիս  ժամետով ազատազրկում։ Վերաքննիչ դատարանում սույն  գործով  դատաքննությունը շարունակվում է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ 

Տավուշ

 




Լրահոս