Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանամերձ գյուղերում ասում են՝ 90-ականների ղարաբաղյան պատերազմի արդյունքում որոշ ադրբեջանական տարածքներ հայկական կողմին են անցել, բայց շեշտում են, որ դրանք փոխանակվել են հայկական գյուղերի հետ։ Ադրբեջանն իր հերթին Հայաստանին պատկանող տարածքներ է ձեռք բերել։
Ադրբեջանի Ղազախի շրջանին սահմանակից Ոսկեպարում պնդումներ կան, թե Գեղարքունիքի մարզի 4500 բնակիչ ունեցած Արծվաշեն գյուղը 90-ականներին փոխանակվել է Ղազախի մի քանի գյուղական տարածքների հետ։ Արծվաշենն այսօր ադրբեջանցիներով է բնակեցված, իսկ հայկական դարձած Բարխուդարլուն, Սոֆուլուն, Վերին ու Ներքին Ոսկեպարներն ու եւս 3 գյուղեր Հայաստանի վերահսկողության տակ գտնվող անբնակ տարածքներ են։
Ոսկեպարի դպրոցի զինղեկ, մասնագիտությամբ պատմաբան Նվեր Բեգլարյանի պնդմամբ՝ Տավուշի մարզին անցած այս գյուղերը միայն խորհրդային տարիներին են համարվել ադրբեջանական: Անցած օրերին իշխանությունները հերքեցին լուրերը, թե հնարավոր է՝ «Ջի-Փի-Էս»-ով սահմանազատողներ լինեն նաեւ Տավուշում, ինչը տեղի ունեցավ Սյունիքի սահմանների դեպքում։ Ոսկեպարցիները չեն ուզում անգամ մտածել դրա հավանականության մասին։ Գյուղի՝ արոտավայր դարձած տարածքների հնարավոր կորուստը լուրջ խնդիրներ կառաջացնի առանց այն էլ դատարկված գյուղի համար. ասում է ոսկեպարցի Ֆրիդիկ Բարսեղյանը։ «Եթե տվին, մեր ժողովրդից ոչ մեկ չի կարողանա անասուն պահել, մեր հողատարածքը շատ քիչ է, պլյուս դրան՝ այստեղ ահագին անտառ ունեն, էդ անտառը կվերցնեն, ժողովրդին արդեն դժվար կլինի օգտվել: Եթե հանկարծ Սյունիքի նման փորձ արվի ստեղ էլ նման ձեւով՝ GPS-ով սահման գծվի, էս գյուղերը փաստացի կհայտնվեն շատ ավելի դժնդակ վիճակում, ու չեմ էլ պատկերացնում՝ ոնց կարա ճանապարհը նրանց վերահսկողության տակ մնա», – նշել է Նվեր Բեգլարյանը:
Խոսքը Ոսկեպարի մոտով դեպի Նոյեմբերյան գնացող ճանապարհի մոտավորապես 5 կիլոմետրանոց հատվածի մասին է։ 63-ամյա Անաստասի խոսքով՝ 70-ական թվականներին խորհրդային զինանշաններ էին տեղադրել Ոսկեպարին կից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Ըստ այդ սահմանի՝ 90-ականներին կառուցված ճանապարհի այս հատվածն էլ Ադրբեջանի տարածքում է՝ Ղազախի շրջանում։ Ոսկեպարի՝ 6-7-րդ դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում կիսակառույցներ կան, որ 92-ին տեղանքը հայկական վերահսկողությանն անցնելուց հետո սկսել են կառուցել ու այդպես էլ տուն չեն դարձրել։ Հիմա տարածքը դիտարկվող է, տեսախցիկը երեւալուն պես զգուշացնում են։
Նույն իրավիճակն է նաեւ մարզկենտրոն Իջեւանին մոտ Ազատամուտում ու հարեւան Այգեհովիտում։ Այգեհովտցի Էդիկ Ղուկասյանի այգին ամենամոտն է Ադրբեջանի սահմանին։ Հիշում է՝ դեմ-դիմաց Վազաշենի այգիները, տնկարաններն ու վարելահողերն էին, որ 60-ականներին ադրբեջանական գյուղերը ոռոգելու համար ջրամբար դարձան: «Էն լիճը մեր հողի վրա է սարքած, փոխել են էլի, էն լիճը վերցրել են, բայց որտեղ են հող տվել, չգիտեմ, բայց էն լիճը մեր հողի վրա է սարքած»,- նշել է նա:
ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԵՂԵԼ
Մարտի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:57-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:57-ին), ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80? եւ արեւելյան երկայնության 43.67? աշխարհագրական կոորդինատներով, Թուրքիա` Իգդիր քաղաքից 34 կմ հարավ-արեւմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն եւ Ջանֆիդա գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ, եւ Երեւան քաղաքում` 2 բալ ուժգնությամբ:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
«ՇԱՐՈՍՈԼԱՐ» ՍՊԸ-ն մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ընկերության ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում կառուցված «Շարոսոլար» արեւային էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագին սահմանելու հայտով: Առաջարկվող սակագինը՝ 24.323 դրամ/կՎտԺ (առանց ԱԱՀ): Հեռ.՝ +394 94 66 66 33, հասցե՝ ք. Երեւան, Գրիգոր Լուսավորիչ 6/1: