ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմության շարժումը «մարել է», Բաղրամյան պողոտան՝ դատարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայրենիքի փրկության շարժման» վերջին հանրահավաքը տեղի է ունեցել մարտի 10-ին, որից հետո շարժումը հանրահավաք չի իրականացրել, եղել են բողոքի ակցիաներ, փոքրիկ հավաք-քննարկումներ, ասուլիսներ: Չնայած այն հանգամանքին, որ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցը շարժման մասնակիցները փակ են «պահում», բայց այնտեղ որեւէ գործընթաց չի իրականացվում:

Վրանները տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ «հսկում» են, բայց այն, որ այնտեղ շատ քիչ թվով մարդիկ են, դրան կարելի է ականատես լինել գրեթե ամեն օր: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն շարժման առաջնորդները կարծել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը օրերի հարց է, որից հետո պետք է հայտարարվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, ինչի համար արդեն սկսկել են նախապատրաստվել, մտնել ընտրական պրոցեսի մեջ: Բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանը ոչ հրաժարական է տալիս, եւ ոչ էլ հայտարարում, որ գնում է արտահերթ ընտրությունների: Ավելին իշխանական թեւը «լծված» է «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ կատարելու գործընթացին:

Ու նաեւ դա է պատճառը, որ շարժումը Բաղրամյան պողոտայում որեւէ քայլի չի գնում, պայքարն արդեն «մարել» է, որի վառ վկայությունն այսօր ԿԳՄՍ նախարարության առջեւ հրավիրված բողոքի ակցիան էր, որտեղ մեծաթիվ ոստիկաններ էին, իսկ ակցիայի մասնակիցները շատ քիչ թվով էին:
Չնայած, որ Բաղրամյան-Դեմիրճյան պողոտան հանրությանը չի հետաքրքրում, այն շարունակում է այժմ էլ փակ մնալ ու խոչընդոտ դառնալ հանրության՝ ազատ տեղաշարժի, երթեւեկության խաթարման համար:

ArmLur.am-ը փորձել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանից պարզել, թե ինչու է շարժումը «մարել» ու ինչու որեւէ քայլ չի իրականցվում շարժման կողմից: Բայց Վանեցյանը վստահեցրեց, որ սխալ տպավորություն ենք ստացել, ամեն ինչ իր հունով ընթանում է ու իրենց պայքարը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս