Գյուղատնտեսության նախկին նախարարի կինը դիմել է դատարան. Սերժ Սարգսյանի գործով նոր որոշում կկայացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կինը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա դիմել է դատավորին, որպեսզի իր ամուսնու մասով հարուցված քրեական գործով քրեական հետապնդումը դադարեցվի:
Բանն այն է, որ Սերգո Կարապետյանը այս տարի մահացավ կորոնավիրուսի հետեւանքով, իսկ նրա մասով դատարանում քրեական գործ կա, որում ներգրավված է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Վաղը կկայանա նիստը եւ ըստ  ArmLur.am-ին հասած լուրերի՝ դատավոր Վահե Միսակյանը նախկին գյուղատնտեսության նախարարի կնոջ դիմումի հիման վրա կդադարեցնի քրեական հետանդումը Սերգո Կարապետյանի նկատմամբ:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումար վատնելու վերաբերյալ քրեական գործից Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Սերգո Կարապետյանի, Սամվել Գալստյանի և Գևորգ Հարությունյանի մասով անջատված գործով նախաքննության ավարտ էր հայտարարել եւ գործը քննվում էր դատարանում:

«Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը», – ասված է ՀՔԾ հաղորդագրությունում։

Ըստ ՀՔԾ-ի՝ Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝ ՔՕ 38(հանցակցություն)-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Հատուկ քննչական ծառայությունը Հայաստանի երրորդ նախագահին մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու մեղադրանք է առաջադրել անցած տարվա դեկտեմբերի 4-ին։ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։




Լրահոս