ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ՝ ԱՆՈՐՈՇ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահի դրությամբ հայրենի իշխանության եւ ընդդիմության համար օրակարգային հարց է շարունակում մնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Մինչ այս պահը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության մոտ իշխանությունների անունից գնացած հրովարտակները այնպիսի տպավորություն են ձեւավորել, որ ընտրությունները տեղի կունենան հունիսին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նույնիսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երբ գնացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, հստակ ասել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն մինչեւ հունիս: Նիկոլ Փաշինյանը, սակայն, լուրջ առարկություն չներկայացնելով ժամկետի մասով, ամեն դեպքում, որեւէ մեկին հստակ չի ասում, թե երբ է հրաժարական տալու, որ խորհրդարանը լուծարվի: Ու քանի որ անակնկալներով լի իրավիճակ է, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը սկսել են պատրաստվել ընտրություններին, քանի որ կարծում են` Նիկոլ Փաշինյանն անակնկալ կերպով կհայտարարի ընտրությունների գնալու մասին, եւ իրենք չեն հասցնի նախապատրաստվել: Հիմա քաղաքական դաշտում սկսվել է ցուցակագրումների գործընթաց: Իշխանությունը եւ ընդդիմությունը հեղինակություն ունեցող մարդկանց հետ են կապվում, խնդրում միավորվել, միասնական ցուցակով մասնակցել ընտրությունների: Եթե ընդդիմությունը կարծում է, որ չպետք է ընտրակարգ փոխվի, ապա իշխանությունները նպատակ ունեն քննարկել Ընտրական օրենսգիրքը այս խորհրդարանում: Ավելին՝ «Իմ քայլ»-ի ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կիրակի օրը՝ հանդիպման ժամանակ, ընտրությունների անցկացման հստակ ամսաթիվ անգամ չեն լսել. խոսք է գնացել միայն աշնանն այն անցկացնելու հավանականության մասին: Ամեն դեպքում, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն ունի ընտրություններին գնալու իր նախընտրելի ժամանակահատվածը եւ ունի հստակ ձեւավորված օրակարգ, սակայն անգամ իր թիմի մոտ անկեղծ չի ասում այդ մասին: Սակայն նկատենք՝ եթե մտադրություն կա ընտրություններն անցկացնել հունիսին, ապա արդեն իսկ պետք է սկսի խորհրդարանի լուծարման գործընթաց: Բանն այն է, որ ՀՀ սահմանադրությունը նախատեսում է խորհրդարանի լուծարման հետեւյալ սցենարը. Սահմանադրության 149-րդ հոդվածում ամրագրված է. «Վարչապետի՝ հրաժարական ներկայացնելու դեպքում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Այսինքն՝ 14 օր անհրաժեշտ է միայն խորհրդարանի ինքնալուծարման համար: Հոդված 92-ում էլ նշված է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Եվ եթե գումարենք նաեւ գրանցումների եւ քարոզարշավի համար նախատեսված ընդհանուր մոտ մեկ ամիս ժամկետը, ապա ակնհայտ է, որ հունիսին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար իշխանություններն արդեն պետք է շտապեն:

 

 

 

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ առավոտյան եղել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում: Վարչապետը եղել է Հովանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ եկեղեցու բակում օհանավանցիները մոտեցել են վարչապետին եւ իր տիկնոջը, տարբեր հարցեր հնչեցրել, նույնիսկ տուն են հրավիրել: Ականատեսների վկայությամբ՝ վարչապետը երկար ժամանակ զրուցել է մարդկանց հետ, բարձրաձայնված հարցերին պատասխանել ու հեռացել: Կիրակի օրը՝ ցերեկը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ ՀՀ վարչապետի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պատմել է Օհանավանի ջերմ ընդունելության մասին: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետը թիմակիցներին ասել է, թե ինքը մարզեր կատարած այցի ժամանակ ջերմ ընդունելության է արժանանում, տեսնում է, որ խնդիր չունեն: Ավելին՝ վարչապետը նշել է, որ առաջիկայում ինքն ավելի ակտիվ է մարզեր այցելելու, ու ներկայացնելու են կադրերով, թե ինչպես են տարբեր համայնքներում իրեն ընդունում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանի հետ, որը հաստատեց վարչապետի այցը եկեղեցի: Գյուղապետն ասաց, որ դա պաշտոնական այց չի եղել, բայց եկեղեցու բակում բնակիչները զրուցել ու քննարկում են ունեցել վարչապետի հետ:

 

 

 

Այսօր տեղի կունենա Երեւանի ավագանու նիստ, որի ժամանակ քննարկվելու է նաեւ 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը ցույց է տալիս, թե նախատեսված գումարի որ մասն է հավաքագրվել, եւ հավաքվածի որ մասն է ծախսվել։ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ 2020թ. նախատեսված ծախսերի 36.5%-ը Երեւանի քաղաքապետարանը չի կատարել. կատարողականը կազմել է 63.5%: Նշենք, որ սրանից վատ ցուցանիշ Երեւանի որեւէ քաղաքային իշխանություն երբեւէ չի արձանագրել: Իհարկե, որպես պատճառ՝ մատնանշվում է կորոնավիրուսն ու արցախյան պատերազմը. այդ պատճառներից ձախողման էությունը չի փոխվում: Մեկնաբանության մեջ նշվում է. «Նախատեսված եւ փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ, ինչպես նաեւ COVID-19 համավարակի հետ արտակարգ եւ ռազմական դրության հետ պայմանավորված որոշ ծրագրերի չկատարմամբ»: Իսկ, ահա, 2020 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 73,364,346.2 հազար դրամ՝ ծրագրված (ճշտված) 84,941,605.9 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 86.4%: Իսկ անդրադառնալով Երեւանի վարչական շրջանների բյուջեի կատարողականին՝ նկատենք, որ ամենացածր արդյունավետությունն Արաբկիր վարչական շրջանինն է՝ 73.6 տոկոս, իսկ լավ ցուցանիշներ ունեն երկու վարչական շրջան՝ Շենգավիթն ու Աջափնյակը՝ 81.7 տոկոս:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանում գործունեություն ծավալող շատ դատավորների մոտ դժգոհությունների ալիք է բարձրացել, ինչը պայմանավորված է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի փաստացի անգործությամբ։ Խնդիրն այն է, որ իշխանությունը թիրախավորել է դատավորներին իրենց ցանկալի դատավճիռները չկայացնելու համար, իսկ ԲԴԽ-ն որեւէ ձեւով չի արձագանքում այն դեպքում, երբ այդ կառույցի գործառույթներից է դատավորներին ցանկացած միջամտությունից, այդ թվում՝ հանրային ճնշումից զերծ պահելը: Այս պահանջը այս պահին չի իրագործվում, քանի որ ԲԴԽ գիտնական-անդամները չեն ընդդիմանում իրենց ընտրած իշխանությանը, համարում են, որ նորմալ է, երբ քաղաքական իշխանությունը հրահանգներ է տալիս դատավորներին ամենատարբեր ձեւերով: Ու ստացվում է, որ դատավորները մնացել են միայնակ իրենց անկախության ճանապարհին: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ մարտի 26-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ դատավորները կբարձրաձայնեն ԲԴԽ գիտնական-անդամների՝ քաղաքական իշխանությանը ծառայելու մասին՝ նշելով, որ թույլ չեն տա իրենց նկատմամբ որեւէ ճնշում բանեցվի որեւէ կողմից: Այսպիսով, դատական համակարգում նոր փոթորկումն անխուսափելի է:




Լրահոս