ՈՐՈՇԱԿԻ ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է խմբակցության եւ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպումից: Մենք փորձել ենք իմքայլական պատգամավորից պարզել, թե արդյոք իրենց խմբակցությունը հստակ որոշում է կայացրել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Խանդանյանը տեղեկացրեց, որ Ընտրական օրենսգրքի հետ կապված իրենց խմբակցությունը Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական եզրակացություն չի ստացել, բայց դա չի խանգարելու, որ իրենք այն առաջիկայում քննարկեն ԱԺ օրակարգում:

 

-ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկել ստեղծված իրավիճակը, արտահերթ ընտրությունների գնալու հարցը եւ այլն: Քննարկե՞լ եք, թե ինչ եք անելու, որպեսզի կարողանաք ընդդիմության հետ լեզու գտնել. հիշենք, որ Բաղրամյան-Դեմիրճյան հատվածն արդեն շաբաթներից ավելի փակ է: Ձեր խմբակցությունը ինչպիսի՞ ելք է պատկերացնում:

-Մեր խմբակցությունն ու քաղաքական ուժը վաղուց էր հայտնել, որ այս քաղաքական իրավիճակից դուրս գալու ելքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալն է: Առաջին անգամ չստացվեց կոնսենսուսի գալ խորհրդարանական ընդդիմության հետ. կան քաղաքական ուժեր, որոնք համաձայնեցին այս օրակարգին, բայց հիմանականում այն երկու խորհրդարանական ուժերը չհամաձայնեցին, եւ, ըստ էության, տվյալ պայմաններում ինքնանպատակ էր դառնում խորհրդարանական ընտրությունների գնալը: Այնուամենայնիվ, իրադարձությունների հետագա զարգացման հետեւանքով երկրորդ անգամ նման հայտ ներկայացվեց քաղաքական դաշտի կողմից, եւ, կարծում եմ, որ որոշակի առումով կոնսենսուս կա այս տեսանկյունից:

-Ընդդիմության հետ կոնսենսուս կա՞:

-«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խոսում է արտահերթ խորհրդարանական ընտրություններից, նկատում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը եւս չի խուսափում այս թեմայից:

-Հենց դա՞ էր քնարկվում վարչապետի հետ, այսինքն՝ կոնսենսուս ունենալ ընդդիմության հետ եւ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՞:    

-Հիմնականում խոսվել է երկրում ստեղծված իրավիճակի մասին, անվտանգային միջավայրի հարցերի հետ կապված քննարկում ունեցանք, բայց նաեւ խորհրդարանական ընտրությունների կարեւորության եւ կազմակերպման առանձնահատկությունների մասին:

-Բոլորին հետաքրքիր է, թե որ ժամանակահատվածում է իշխանությունը պատկերացնում իրականացնել ընտրությունները, քանի որ օրակարգում է նաեւ ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը: Կա՞ն ժամկետներ, խոսե՞լ եք ժամկետների մասին: 

-Հստակ ժամկետների մասին չենք խոսել եւ որոշում չունենք, որովհետեւ պետք է ձեւավորվի որոշակի կոնսենսուս: Եվ այդ ժամկետը եւս կոնսենսուսի մաս է, թե երբ պետք է գնանք: Այո, մեր խմբակցությունը շրջանառության  մեջ է դրել Ընտրական օրենսգիրքը, որը շատ կարեւոր դրույթներ է պարունակում եւ է՛լ ավելի ժողովրդավարական է դարձնում խորհրդարանական ընտրությունները եւ,  ընդհանրապես, ընտրությունների կազմակերպման գործընթացը: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս ժամկետներում ընդունել Ընտրական օրենսգիրքը ու գնալ  խորհրդարանական ընտրությունների:

-Հնարավո՞ր է՝ այս անգամ չփոխեք Ընտրական օրենսգիրքը եւ հին օրենսգրքով գնաք ընտրությունների:   

-Ես նախընտրում եմ եւ կուզենամ, որ ընտրությունների գնանք փոփոխված Ընտրական օրենսգրքով:

-Խմբակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի:

-Ընտրական օրենսգիրքը շրջանառության մեջ է դրվել հենց խմբակցության որոշմամբ, եւ խմբակցությունը եւս կարծում է, որ պետք է փոփոխվի Ընտրական օրենսգիրքը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ

Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայից հետո այսօր սկսվում են ադրբեջանական բանակի առաջին զորավարժությունները, որոնցում կներգրավվի մինչեւ 10 000 զինծառայող:

 

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական զորավարժությունների մեջ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար որեւէ ռիսկեր չի տեսնում, քանի որ դրանք պլանային բնույթ են կրում: Նմանատիպ վարժություններ Հայաստանում կանցկացվեն մարտի 16-ից: Ինչո՞վ են պայմանավորված այդ զորավարժությունները, եւ կա՞ արդյոք նոր պատերազմի ռիսկ: Այս հարցերի շուրջ փորձել ենք զրուցել ՌԴ ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյունոկի հետ:

-Պարո՛ն Խոդարյունոկ, արցախյան 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Ադրբեջանը միայնակ զորավարժություններ է սկսում: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ սպասել առաջիկայում: Արդյոք նոր պատերազմի վտա՞նգ եք տեսնում:

-Իմ պատկերացմամբ՝ հետագայում Ադրբեջանը կփորձի անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը միանա Ադրբեջանի կազմին՝ հենց իր պայմաններով: Ահա ես այսպես եմ պատկերացնում այս տարածքային վեճի ապագան ու լուծումը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի միացումը Ադրբեջանին:

-Միեւնույն ժամանակ տեսնում ենք հայտարարություններ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Պատերազմի հավանականությունը բացառել պետք չէ: Իհարկե, ինչպես միշտ, այսպիսի վերլուծությունների ժամանակ ոչինչ բացառել պետք չէ: Որեւէ սցենար բացառել պետք չէ, սակայն հարցն այն է, որ Ադրբեջանը, նրա ղեկավարությունը շատ ոգեւորված են 44-օրյա պատերազմի արդյունքներից: Նրանք համոզվել են, որ շատ հարցեր կարելի է լուծել հենց ռազմական ճանապարհով, եւ չի բացառվում, որ Ադրբեջանի ղեկավարության մոտ հենց այս տեսակետն առաջնային լինի:

-Իսկ ինչպիսի՞ դիրքորոշում ունի այս հարցում Ռուսաստանի Դաշնությունը:

-Ռուսաստանը հետաքրքրված չէ հնարավոր նոր կոնֆլիկտով: ՌԴ-ի համար կարեւոր են բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված չէ նոր էսկալացիայով: Միեւնույն ժամանակ, իր պարտավորություններին համաձայն, եթե նոր պատերազմ լինի, եւ այն տեղափոխվի Հայաստանի տարածք, Ռուսաստանի Դաշնությունը կկանգնի Հայաստանի կողքին:

Ն.Հ.

 

 

 

ՈՒՆԵՑՎԱԾՔՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որ հեղափոխությունից հետո ապառիկով հեռուստացույց էր գնել, վերջերս շեշտակի ձեռքբերումներ է արձանագրել: ArmLur.am-ն ուսումնասիրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարագիրը՝ փորձելով պարզել, թե ինչ ունեցվածք նա ուներ մինչեւ հեղափոխությունը՝ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում, եւ ինչ ունի այժմ՝ արդեն ԱԺ նախագահի կարգավիճակում: Առաջին անգամ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Արարատ Միրզոյանը հայտարարագիր է ներկայացրել 2017 թվականին: Այդ տարվա հայտարարագրի համաձայն՝ նա ունեցել է երկու բնակարան, KIA SORENTO մակնիշի ավտոմեքենա եւ 3 մլն դրամ գումար:

Արդեն 2018թ. նա ներկայացրել է հայտարարագիր որպես առաջին փոխվարչապետ: Այդ տարվա հայտարարագրի համաձայն՝ նա 13 մլն դրամով բնակարան է վաճառել եւ դրա փոխարեն գնել բնակարան 49 մլն դրամով: Նույն հայտարարագրի համաձայն՝ տարվա սկզբին նրա դրամական միջոցները 297 հազար էր, այնինչ արդեն տարվա վերջին առաջին փոխվարչապետի կարգավիճակում նա ուներ արդեն 9 մլն դրամ: Ավելին, մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 63 մլն դրամ: 2019թ. տարեկան հայտարարագրում Արարատ Միրզոյանի հայտարարագրած բնակարանները երկուսն են՝ Շենգավիթում եւ Աջափնյակում: Ավելին՝ նա նվիրատվություն է արել իր KIA մակնիշի ավտոմեքենան: Տարվա սկզբում ԱԺ նախագահն ուներ 8 մլն դրամ, տարվա վերջում՝ արդեն 10 մլն դրամ: Սա բանկային հաշվին առկա գումարն է, ԱԺ նախագահն ունի նաեւ 2 մլն դրամ՝ որպես կանխիկ գումար: Իսկ ԱԺ նախագահի կինը՝ Գոհար Աբաջյանը, 6 մլն դրամով KIA մակնիշի ավտոմեքենա է գնել 2019թ.: ԱԺ նախագահի կինը բանկում ունեցել է 450 հազար դրամ, իսկ կանխիկ էլ՝ 70 հազար դրամ: Այսինքն՝ 2018թ. հեղափոխությունից հետո ԱԺ նախագահը բնակարան է ձեռք բերել, նրա կինն էլ՝ նոր ավտոմեքենա:

 

 

 

ՎԱՏ ՑՈՒՑԱՆԻՇ

Այսօր Երեւանի ավագանին քննարկելու է 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը ցույց է տալիս, թե նախատեսված գումարի որ մասն է հավաքագրվել, եւ հավաքվածի որ մասն է ծախսվել։ Այս մասին նշել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: «2020թ. նախատեսված ծախսերի 36.5%-ը չի կատարվել, այն է՝ կատարողականը կազմել է 63.5%: Սրանից վատ ցուցանիշ Երեւանը չի արձանագրել երբեւէ: Համեմատության համար ուսումնասիրեցի Վանաձորի եւ Գյումրու ծախսային կատարողականները եւ ցավով պետք է նշեմ, որ մայրաքաղաքի ցուցանիշները անգամ մոտ չեն հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքների ցուցանիշներին։ Ըստ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի՝ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը»,-ասել է նա։

 




Լրահոս