Լուսանկարն արվել է Արմավիրի մարզում
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Երեւան-Արմավիր ավտոճանապարհին Երեւան ընթանալիս դեռեւս անհայտ հանգամանքներում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել շինության քարե պարսպին։ Վթարի հետեւանքով 4 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են «Վաղարշապատ» հիվանդանոց, որտեղից վիրավորներից 3-ին տեղափոխել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՎԱՐԿԵՐ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որքան ժամանակ է վարկային տեղեկատվությունը պահպանվում տվյալների բազայում:
Տիգրանուհի Աբրահամյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է («Վարկային տեղեկատվության շրջանառության եվ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետ):
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկի տրամադրումը մերժելու հիմքերը սահմանվում են բանկի ներքին կանոններով, եւ եթե բանկը մերժում է հաճախորդի` վարկ ստանալու վերաբերյալ դիմումը, ապա պետք է նշի մերժման հիմքը:
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ովքեր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք: Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի անձը կարողանա ստանալ հաշմանդամության կենսաթոշակ:
Համլետ Կիրակոսյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել`
1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով` անկախ աշխատանքային ստաժից,
2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների հետեւանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետեւյալ աշխատանքային ստաժը:
Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին:
Տարիքային խումբը եւ աշխատանքային uտաժը` օրացուցային տարիներով
մինչեւ 23 2 տարի
23-ից մինչեւ 26 3 տարի
26-ից մինչեւ 29 4 տարի
29-ից մինչեւ 32 5 տարի
32-ից մինչեւ 35 6 տարի
35-ից մինչեւ 38 7 տարի
38-ից մինչեւ 41 8 տարի
41-ից մինչեւ 44 9 տարի
44-ից բարձր 10 տարի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ: Եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին: