ՄԻԱԿ ԵԼՔԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ՝ հասկանալու, թե ինչ դիրքորոշում ունի ընդդիմության եւ իշխանության հետագա անելիքների մասին:

 

-Պարո՛ն Խաժակյան, ինչպե՞ս եք պատկերացնում Բաղրամյան պողոտայի ելքը: Փաստորեն, մարդիկ հոգնել են, շատերը չեն գնում, հիասթափված են: Ի՞նչ է լինելու:

-Այս իրավիճակի ելքը մեկն է՝ Փաշինյանի հրաժարականը: Լույս տեսավ Լեւոն Տեր-Պետրոսյանի մտքերն իրավիճակի վերաբերյալ, եւ, թերեւս, նա՝ Փաշինյանին լավագույնս ճանաչող մարդ, իրավիճակին ճիշտ գնահատական տվեց: Քանի դեռ նա հրաժարական չի տվել եւ գուցե  նաեւ որոշ ժամանակով երկրից չի հեռացել, իրավիճակը չի հանդարտվելու, եւ միայն նրա հրաժարականով է պայմանավորված իրավիճակի հանդարտեցումը: Ըստ որում, երբ մենք քննարկում ենք արտահերթ ընտրությունները որպես լուծում, հասկանում ենք, որ արտահերթ  ընտրությունը լուծվում է այն պարագայում, եթե դրանից հետո իշխանափոխությունը լիարժեք տեղի ունենա: Քանի որ ճգնաժամի անունը Փաշինյան է, «Իմ քայլը» դաշինք է, եւ այն կարող է հանգուցալուծվել միայն իրենց հեռանալու պարագայում:

-Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը կգնա՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

-Դժվարանում եմ ասել, որովհետեւ փաստացի երկու ընդդիմադիր խմբակցություններ Ազգային Ժողովում հստակ արտահայտեցին իրենց կամքը, հիմա էլ փորձ է արվում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ինչ-որ երկար ու բարակ քննարկումներ ծավալել: Եթե իրենք իսկապես շահագրգռված են, ապա այստեղ մեկ-երկու օրվա ընթացքում հրաժարականը տեղի ունենա: Եթե ոչ, կնշանակի, որ հերթական պատճառաբանություններն էին գտնում իրենց իշխանությունը երկարաձգելու համար:

-Պարո՛ն Խաժակյան, վերջին շրջանում ահազանգեր ենք ստանում աշխատող մայրերից, որոնց ուզում են, որ իրենց երեխաները մանկապարտեզ հաճախեն: Տեղեկություններ կան, որ մանկապարտեզի ընդունելությունը կազմակերպելու վերաբերյալ որոշումը քաղաքապետի սեղանին դրված է, սակայն  քաղաքապտն աշխատանքի չի հաճախում, որպեսզի ստորագրի: Այս մասին ի՞նչ գիտեք:

-Ես գիտեմ, որ այս մասով կան օբյեկտիվ պատճառներ, որոնք պայմանավորված են Առողջապահության նախարարության սահմանած չափանիշներով, ըստ որի՝ խմբերը սահմանափակվում են, եւ ավանդական հերթերին գումարվել են նաեւ այս հանգամանքով պայմանավորված հերթերը: Եվ որքան  հասկանում եմ, իրավիճակի հանգուցալուծում դեռեւս չկա: Երբ Առողջապահության նախարարությունը  թույլտվություն տա, դա տեղի կունենա, բայց հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի տարածման վերջին մտահոգիչ թվերը՝   դժվարանում եմ ասել, թե այդ որոշումը հեշտ կտրվի: Կանխատեսելի է, որ խմբերն առաջիկա ժամանակահատվածում կմնան այն քանակությամբ, ինչպես եղել է:

-Վերջերս մի լուսանկար տարածվեց համացանցում, որում պատկերված էր,  որ նոր բերված  միկրոավտոբուսը փչացել է: Արդյոք սարքին չե՞ն նոր բերված ավտոբուսները: 

-Այդտեղ իմանալու շատ բան չկա. կա նախընտրության հարց: Կան մոդելներ, որոնց հուսալիության չափերը տարբերվում են այլ, օրինակ՝ եվրոպական արտադրության մեքենաներից, եւ դա բնական է, այն արտացոլված է նաեւ գնի մեջ:  Յուրաքանչյուր մարդ, որը գնում է, օրինակ, գերմանական արտադրության մեքենա, գիտի, որ դա տարբերվում է կորեական կամ ռուսական արտադրության  մեքենաներից: Մեր ձեռք բերածը տեսանելի է, որ իր հուսալինությամբ շատ չի տարբերվում: Ինչո՞ւ. որովհետեւ մեր քաղաքում եղել են տասնյակ հարյուրավոր գազելներ, որոնք իրենց հուսալիության ցածր լինելը ապացուցել են տարիների ընթացքում: Ուստի պետք չէր պարզապես նման ձեռքբերում կատարել, պետք էր բարձր որակի ձեռքբերումներ անել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՈՐԻՑ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է

Նիկոլ Փաշինյանի եղբորորդի, Տավուշի մարզից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը նախկինում քաղաքական, հասարակական գործունեության մեջ, համացանցում ակտիվ էր, Իջեւան  եւ Նոյեմբերյան քաղաքների, Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղի բարեկարգման գործում ակտիվ  դերակատարում ուներ, այդ նպատակով բարեգործների էր ներգրավում եւ իր կատարած աշխատանքների  մասին  մշտապես  տեղեկատվություն  զետեղում  համացանցում։

 

2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ  ընտրությունների արդյունքում Տավուշի մարզի թիվ 13 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի  ռեյտինգային 7 թեկնածուներից ամենաշատ՝ 17 հազար 155  քվե ստացել էր ՀՀ տարածքային կառավարման եւ  զարգացման  նախարարության  վարչական  վերահսկողության եւ համայնքային  ծառայության աշխատակից, նախարարի խորհրդական, «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության անդամ Սիփան Փաշինյանը։ 2020թ. աշնանը՝ Արցախում տեղի  ունեցած պատերազմից հետո, Սիփան Փաշինյանի ակտիվությունը  նվազեց, նա սոցցանցի իր էջում վերջին գրառումը կատարել է 2020թ.  դեկտեմբերի 17-ին։  2021թ. փետրվարի 22-ին լրացավ  2005թ. Դիլիջան համայնքի ղեկավար, 2016թ. Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի  պաշտոնական  լիազորությունների ժամկետը, ռազմական դրության պայմաններում  համայնքի ղեկավարի  եւ ավագանու  ընտրություններ չեն անցկացում։  2021թ. փետրվարի 26-ին,  վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դիլիջան համայնքի ղեկավարի  ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց 1984թ. ծնված, միջնակարգ մասնագիտական կրթությամբ Դավիթ Սարգսյանը, որը 2016թ. ընտրվել  է  Դիլիջան համայնքի ավագանու անդամ: Նա ավարտել է  Դիլիջանի պետական քոլեջը, տնտեսագետի  եւ  հաշվապահական  հաշվառման մասնագետի որակավորում ունի, հեռակա կարգով սովորում է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետում, անկուսակցական Դ. Սարգսյանը զբաղվել է մասնավոր եւ հանրային գործունեությամբ: Նրան համայնքի ղեկավարի  ժամանակավոր   պաշտոնակատար  նշանակելու գործում նշանակալից դեր է ունեցել նրա մտերիմ ընկեր Սիփան Փաշինյանը։  ՀՀ  սահմանադրության  չկայացած հանրաքվեի քարոզարշավի ժամանակ  Դավիթ Սարգսյանը եղել է Դիլիջան քաղաքում «Այո»-ի շտաբի ղեկավար։ Սիփան Փաշինյանն այժմ օգնության  ձեռք է մեկնել  իր ընկեր Դավիթ Սարգսյանին։

Դիլիջանի համայնքապետարանի  ինտերնետային պաշտոնական կայքը հայտնում  է,  որ Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի եւ բարեգործի համագործակցությամբ շարունակվում են Դիլիջան համայնքի Մյասնիկյան եւ Շահումյան փողոցի լուսավորության վերականգնման աշխատանքները: Գիշերային լուսավորության լապտերները փոխարինվում են ժամանակակից գերխնայող (LED) լապտերներով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐԻՑ Է ԶԵՆՔ ԳՆԵԼ

Ղարաբաղյան երկրորդ պատերազմին նախորդած չորս տարիներին Հայաստանը սպառազինություն է ձեռք բերել հիմնականում Ռուսաստանից, իսկ Ադրբեջանը՝ Իսրայելից։ Մասնավորապես սա են վկայում աշխարհում սպառազինության վաճառքի ընդհանուր միտումները վերլուծող ամենահեղինակավոր կառույցներից մեկի՝ Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) կողմից նախօրեին հրապարակված զեկույցի տվյալները։ Դրանց համաձայն՝ 2016-ից 2020 թվականներին Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինության 94 տոկոսը ռուսաստանյան արտադրության է եղել։ Զեկույցի հեղինակների հաշվարկով՝ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը միջազգային շուկայում Հայաստանից շուրջ երկուսուկես անգամ ավելի շատ սպառազինություն է ձեռք բերել։ Դրա 69 տոկոսը, փորձագետների հաշվարկով, իսրայելական, իսկ 17 տոկոսը ռուսական ծագում է ունեցել։ «Ռուսաստանից Ադրբեջանը հիմնականում զրահատեխնիկա եւ հրետանային համակարգեր է ձեռք բերել», – հավելում են զեկույցի հեղինակները՝ արձանագրելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից 2016-2020 թվականներին իրականացված զենքի ձեռքերումները չեն գերազանցել սպառազինության համաշխարհային շուկայի ընդհանուր ծավալի մեկ տոկոսը։

 

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հայաստանի խորհրդարանի խոսնակը անձամբ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Մարալ Նաջարյանի գերությունից ազատման գործում կարեւոր աջակցություն ցուցաբերելու համար: Մարալ Նաջարյանն ադրբեջանական բանակի կողմից գերեվարվել էր 2020 թվականի  նոյեմբերի 10-ին Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանը 2020թ. մարտի 10-ին ազատ է արձակվել եւ տեղափոխվել Լիբանան:

 

 




Լրահոս