ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԵՆ ՊԱՍԻՎ Է ՊԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական Le Monde պարբերականն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային Շուռնուխ գյուղի բնակիչների ներկայիս կյանքին՝ ներկայացնելով նրանցից ոմանց մտավախությունները: «Ահա արդեն երկու ամիս է, ինչ Ստեփան Մովսեսյանը ստիպված է ուշադիր լինել, թե ուր է ոտք դնում: Մեկ սխալ քայլ, եւ 72-ամյա գյուղացին կհայտնվի Ադրբեջանում: Համենայնդեպս, այդպես են  պնդում ադրբեջանցի զինվորները: 2020 թվականի դեկտեմբերի 27-ին նրանք հայտնվել են գյուղում իրենց GPS-ով եւ կտրուկ հայտարարել, որ իրենց է պատկանում սահմանին տեղակայված տան կեսը, ինչպես նաեւ ճանապարհի մի կողմում գտնվող 11 տները»,- գրում է ֆրանսիացի լրագրողի հոդվածը:

 

Այժմ լեռան ստորոտին գտնվող գյուղում լարված իրավիճակ է: Ստեփան Մովսեսյանը ստիպված է հարմարվել նոր հարեւաններին: Երբ նա դուրս է գալիս պատշգամբ, հայացքն ընկնում է դրոշների ու զինվորականների շարանի վրա. ադրբեջանցիները տեղակայվել են կիսաքանդ կառույցում, ռուս խաղաղապահները տեղակայվել են ճանապարհի մյուս կողմում, իսկ իր այգում այժմ օրուգիշեր երկու հայ սահմանապահներ են հերթապահում:

Սարսափահար բնակիչները վախենում են դուրս գալ տնից եւ անգամ հիվանդանոց գնալ, քանի որ դրա մի քանի կիլոմետր երկարությամբ տարածքը հայտնվել է Բաքվի վերահսկողության տակ: Ներքին Հանդ գյուղում կրակոցներ են հնչել դպրոցից 500 մետր հեռավորությամբ: «Զինվորներն օդ են կրակել, սակայն դա ոչինչ չի փոխում. շատ վտանգավոր է»,- հեղինակը մեջբերում է Թաթոյանի խոսքը:

«Չնայած խնդրի մասշտաբներին՝ հայկական կառավարությունը իրեն զարմանալիորեն պասիվ է պահում այն վտանգավոր իրավիճակում, որ Բաքուն դե ֆակտո ինքնուրույն է գծում սահմանը: Իրավիճակն է՛լ ավելի է հարուցում հայերի դժգոհությունը, որոնք առանց այդ էլ կառավարությանն են մեղադրում պարտության համար»,- գրում է հոդվածագիրը: «Վարչապետը նույնիսկ չի եկել այստեղ, իսկ ադրբեջանցիները հայտարարում են՝ սա մերն է, եւ ոչ ոք չի հակադարձում»,- նշում է Գորիսի փոխքաղաքապետը:  Արտգործնախարար Արա Այվազյանն ասում է, որ հասկանում է մարդկանց, սակայն կոչ է անում համբերել: Ինչ էլ որ լինի, պատերազմը չի ավարտվել, եւ Շուռնուխում հայ զինվորականներ չկան, միայն սահմանապահներ են: Բաքվի հետ համաձայնության գալը կարող է տարիներ տեւել, սակայն արտաքին գործերի նախարարը մտահոգություն չի դրսեւորում եւ լարվածության կանխման հարցում հույսը դնում է ռուս զինվորականների վրա:

Սակայն այժմ սեփական տներից դուրս հանված մարդիկ ստիպված են ժամանակավոր կացարան փնտրել: Արմեն Հարությունյանն այժմ բնակվում է հրապարակում՝ նախկին քաղաքապետարանի մոտ գտնվող կառույցում, որը քանդվել է առաջին արցախյան պատերազմի ժամանակ:

Մի քանի ժամում նա կորցրել է ամեն ինչ. կովերին նա տեղավորել է հարեւանի տան տարածքում, սակայն վախենում է դրանց բաց թողնել, որպեսզի չգնան հին տեղը:

Ինչպես աղբյուրը նկատում է, բեմերից լսվող բոլոր ելույթները միեւնույն ուղերձն են բերում. «Դուք պետք է մնաք այստեղ ապրելու»: Պահպանել հողը՝ հուսալով, որ մի օր այստեղից դուրս կմղվեն ադրբեջանցիները: Դրա համար սահամանմերձ բնակավայրերը կընդայնվեն: Շուռնուխում մինչեւ տարեվերջ պետք է նոր թաղամաս հայտնվի, որտեղ կտեղաբաշխեն նրանց, որոնք զրկվել են տներից, ինչպես նաեւ արցախցիներին, այդ թվում եւ Մանյա Ավետիսյանին ու նրա հարսին՝ Մարիամին, որոնք փախել են մարտերից:

 

 

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է

Երեւանի ավագանին հերթական նիստի ժամանակ ընդունել է «Երեւանի զարգացման 2020 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» նախագիծը: Այն զեկուցել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրման ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Արամ Հովսեփյանը՝ նշելով, որ 2020 թվականին շարունակվել են փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները, եզրաքարերի եւ մայթերի բազալտե եւ բետոնե սալիկների տեղադրման աշխատանքները:

 

«Շարունակական բնույթ են կրել նաեւ շենքերի մուտքերի հարթ եւ թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Նախորդ տարվա ընթացքում փոխարինվել է 500 վերելակ: Մշտական ուշադրության կենտրոնում են եղել մայրաքաղաքի բնակիչների սոցիալական պաշտպանության խնդիրները, շարունակական են եղել պետական եւ համայնքային սոցիալական ծրագրերի իրականացման աշխատանքները՝ ուղղված քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովմանը եւ այլն: Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերի կանխարգելման եւ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պայմաններում սոցիալապես անապահով ընտանիքներում իրականացվել է կարիքների գնահատում»,- ասել է նա: Հաշվի առնելով համավարակը եւ պատերազմական դրությունը՝ ծրագրի իրականացման ժամկետը երկարացվել է մինչեւ 2021 թվականի օգոստոսը:  «Իմ քայլը» խմբակցության ավագանի Գրիգոր Երիցյանը հետաքրքրվել է, թե ծրագրի բնապահպանական մասով ինչ աշխատանքներ են իրականացվել: «Մասնավորապես նախատեսված էր Սարալանջի 10 հա անտառաշերտի, ինչպես նաեւ Ծիծեռնակաբերդի 8 հա անտառաշերտի վերականգնում: Պլանավորվում էր նաեւ որոշ այգիների բարեկարգում՝ Նոր Արաբկիր զբոսայգու, Սարյանի, Աբովյանի պուրակների»,- նշել է Երիցյանը:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով հարցին, ասել է, որ պուրակների հետ կապված աշխատանքները կատարված են Օղակաձեւ այգու 6-րդ հատվածում, Քանաքեռ ԳԷՍ-ի մոտ գտնվող պուրակում, Սարյանի պուրակում, ինչպես նաեւ 16-րդ թաղամասի մոտ գտնվող այգում: «Ձեր նշած աշխատանքները նույնպես իրագործվել են, ուղղակի ծավալներով չեմ կարող ասել, թե որքան մասն է արվել, եւ որքանն է մնացել»,- ասել է քաղաքապետը: Ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: Նախագիծն ընդունվել է 37 կողմ, 5 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով:

 

 

 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ ԱՊՐԻԼԻ 1

Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին եւ հաշմանդամություն ստացած քաղաքացիներին տրվող աջակցության դիմումների լրացման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 1-ն է։ Այս մասին հաղորդում են ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարությունից: 2020 թվականի արցախյան պատերազմի հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների անդամներն ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձինք (անչափահաս շահառուի դեպքում՝ օրինական ներկայացուցիչը) սոցիալական աջակցություն ստանալու նպատակով պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնեն e-request.am հարթակի կամ mlsa.am պաշտոնական կայքէջի՝ «Գրեք նամակ» բաժնի միջոցով մինչեւ 2021 թվականի ապրիլի 1-ը։ Հաշմանդամության սահմանման նպատակով կարող են դիմել բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա):

Բուժհաստատության կողմից տրամադրված ուղեգրի առկայության դեպքում (ձեւ 088) քաղաքացին կարող է դիմել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոն հաշմանդամության խմբի սահմանման համար։

Վերոնշյալ միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձեւով՝

1) առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3,000,000 դրամ,

2) երկրորդ խմբի դեպքում` 2,000,000 դրամ,

3) երրորդ խմբի դեպքում` 1,000,000 դրամ,

4) հաշմանդամ երեխայի դեպքում՝ 3,000,000 դրամ,

5) քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին՝ 5,000,000 դրամ։

Զոհերի ընտանիքներին տեղեկացնում ենք, որ միջոցառման շրջանակում ընտանիքի անդամներ են համարվում՝

1) ամուսինը,

2) զավակը (զավակները),

3) ծնողը (ծնողները) կամ օրինական ներկայացուցիչը,

4) դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը եւ եղբայրը, ինչպես նաեւ զոհված քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը եւ եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը եւ եղբայրը սոցիալական աջակցության իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:

 




Լրահոս