Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով:
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևները հանձնել է Գուրգեն Դալիբալթայանի և Թաթուլ Ղազարյանի ընտանիքի անդամներին:
Հանձնելով պարգևը գեներալ-գնդապետ Դալիբալթայանի որդուն՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է այն ներդրումը, որն առաջին պատերազմում հաղթանակի գործում ունեցել են Խորհրդային Միության տարբեր վայրերից հայրենիք վերադարձած հայ սպաները՝ բերելով ռազմական արվեստ, պրոֆեսիոնալիզմ և իրենց երկար տարիների փորձառությունը. «Գեներալ Դալիբալթայանն կրթություն էր ստացել թե՛ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, թե՛ Գլխավոր շտաբի ակադեմիայում, և իր ողջ փորձառությամբ օգտակար եղավ հայրենիքին՝ դառնալով մեր գլխավոր շտաբի առաջին ղեկավարն ու այնուհետև երկար տարիներ ծառայելով հայրենիքին»:
Հայրենիքի շքանշանը հանձնելով գնդապետ Թաթուլ Ղազարյանի որդուն և եղբորը՝ նախագահը նշել է, որ Թաթուլ Ղազարյանը օրինակ է դարձել իր ռազմական ընկերների, ողջ բանակի համար. «Նրա նվիրվածությունը, կարգապահությունը, որպես հրամանատար որոշումներ՝ փայլո՛ւն որոշումներ ընդունելու տաղանդը բնորոշ են իսկական հերոսին»: Դիմելով հերոսի որդուն՝ նախագահը վստահություն է հայտնել, որ նրա ընտանիքը շարունակելու է Թաթուլ Ղազարյանի գործը. «Քո պարտականությունը, տղա՛ս, շարունակելն է այն, ինչ հայրդ քեզ է ժառանգել: Իսկ հայրդ քեզ ժառանգել է նվիրումով ծառայել հայրենիքին»:
Նախագահ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը, կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման ու համակարգման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:
Նախագահը բժշկական կենտրոնի տնօրենին է հանձնել մեդալը և շնորհակալություն հայտնել աշխատանքի նկատմամբ ցուցաբերած նվիրումի համար: «Ես հպարտ եմ, որ Երևանում կա հիվանդանոց, որը ոչնչով չի տարբերվում միջազգային հիվանդանոցներից, ինչ-որ տեղ նաև առավելություն ունի, որովհետև պրոֆեսիոնալիզմին ու կարգապահությանն ավելանում է հայկական հոգատարությունը: Այսինքն, մենք գտել ենք այն մոդելը, որը լավագույններից է աշխարհում. պրոֆեսիոնալիզմ, կարգապահություն, մաքրություն և, դրա կողքին, մարդկային ջերմ հոգատարություն,-նշել է նախագահը: -Միայն այդպիսի որակի դեպքում կարող ենք լուծել ոչ միայն ամենօրյա խնդիրները, այլև պատրաստ լինել կորոնավիրուսի նման արհավիրքներին»:
Պարգևատրման արարողության ավարտին, դիմելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նրանք իրենց հետ կտանեն այն վստահությունը, որ պետությունը, հայրենիքն ու ժողովուրդը գնահատում են իրենց հարազատների և իրենց ներդրումը. «Մեր ժողովուրդն այսօր գնահատում է ձեզ: Ամեն ինչ պետք է անենք, որ յուրաքանչյուր անձ, որը նվիրումով աշխատում է հայրենիքի համար, անպայման իր շնորհակալության խոսքը ստանա: Եվ այս շնորհակալության խոսքը ձեզ, ձեր ընտանիքի համար չէ միայն: Այդ գնահատականը շատ կարևոր է մեր ժողովրդի մնացած բոլոր զավակների համար: Ամեն մարդ պետք է իմանա, որ նվիրումը հայրենիքին, հերոսական քայլը, ամենօրյա կարգապահ աշխատանքը պետք է գնահատվեն»: