«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՏԱՐԵԴԱՐՁ ԷՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նշել է ծննդյան 33-ամյակը: Դերասանուհին տարեդարձի անակնկալների եւ սպասելիքների մասին անկեղծացել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:

 

«Նախ սկսեմ այնտեղից, որ մեր ընտանիքի բոլոր անդամների ծննդյան տարեդարձները սկսվում են գիշերը՝ ժամը 24-00-ին: Տարեդարձս նշելու եմ, ինչպես միշտ, ընտանիքիս, հարզատներիս հետ միասին, հատուկ հրավերներ, որպես այդպիսին, չկան. ով կցանկանա գալ իմ տարեդարձին, կարող է սիրով միանալ ինձ: Տարեդարձիս էլ նախապես ոչինչ չէի պլանավորել անել, եւ այնպես չէ, որ պատրաստվում էի ինչ-որ հատուկ բան անել: Կարծում եմ՝ սա այն տարին չէ, որ ես տարեդարձիս առթիվ ռեստորան փակեմ, «կայֆեր» անեմ այն դեպքում, երբ հարյուրավոր ծնողներ վայրկյան առաջ սպասում են, թե երբ են մի լուր ունենալու իրենց անհետ կորած զավակներից: Տարեդարձս նշել եմ տանը, եւ այն  մարդիկ, ովքեր հիշում  են, եկել են, եւ, փառք Աստծու, տանս դռները բաց են, իսկ այն մարդիկ, ովքեր հիշել են, բայց որոշակի պատճառներից ելնելով՝ չեն կարողացել գալ, դարձյալ շնորհակալ եմ, որ հիշել են, հիշում են, իսկ մնացածը ինչպես կցանկանան»,- նշել է դերասանուհին:

Նաիրա Մովսիսյանը մեզ հետ զրույցում անկեղծանալով հատում ընդգծում է, որ 33-ամյակին առանձնահատուկ է սպասել. «Ես իմ կյանքում սարսափելի շատ եմ սպասել 33-ամյակիս, այնպես, ինչպես սպասել եմ 20-ամյակիս: 33-ը Քրիստոսի տարիքն է, սա այն տարիքն է, որ դու պետք է արարես, ստեղծես, ստեղծագործես, եւ չեմ սիրում, երբ զանգահարում եւ ասում են՝ 19 տարեկան դարձա՞ ր,թե՞ 20. չէ՛, ես հենց 33-եմ: Թող յուրաքանչյուր 33 տարեկան կին այն արտաքին ու ներքին ներաշխարհն ունենա, ինչպես ես: Այս տարվա հետ կապված իրականում չափազանց շատ մեծ ակնկալիքներ ու սպասելիքներ ունեմ, քանի որ ինձ համար այդ թիվն այքան կարեւոր եւ սպասելի էր: Անկեղծ ասած, շատ եմ սիրում նվերներ ստանալ եւ նվիրել՝ անկախ նրանից՝ տարեդարձս է, թե ոչ. իհարկե, սիրում եմ նաեւ շատ նվիրել: Ինձ համար կարեւոր է նաեւ, թե ես ինչ նվեր եմ ստանալու: Եթե նախապես իմանում եմ, շատ ավելի լավ եմ ինձ զգում: Աշխատանքի բերումով ուրախանում եմ, երբ  ինձ դիմահարդարման պարագաներ են նվիրում, առհասարակ սիրում եմ  շատ գրքեր, օրագրեր, ոչ ստանդարտ նվերներ ստանալ»:

Դերասանուհին հուզմունքով նշում է, որ հատկապես իրեն ուրախություն է պատճառնում դստեր շնորհավորանքը,  որը թնակ եւ ջերմ զգացողություններ է պարգեւում նրան:

«Ինձ համար շատ թանկ է նաեւ դստերս շնորհավորանքը, շատ խառնվում է իրար, հուզվում, ուրախանում է, որ մոմ ենք վառելու, ինքը փչելու է»,-ժպիտով ասում է նա:

Նաիրա Մովիսիյանն այս տարվա հետ մեծ երազանքներ եւ նպատակներ է կապել. «Այս կյանքում երազանքներս շատ են, կարեւորը՝ նպատակները իրագործվեն, որոնցից ամենակարեւորը ընտանիքն է, որտեղ պետք է տիրի առողջություն, երջանկություն եւ համերաշխություն: Ցանկանում եմ, որ այս տարի լինի բուռն ստեղծագործական տարի, բոլոր դժվարությունները հաղթահարելի են, կլինեմ, ինչպես միշտ, տարբերվող եւ կրեատիվ»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ԳՐԵՄՄԻ-2021»-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՍՊԱՍՎԱԾ ՄՐՑԱՆԱԿԻՆ 

Ամերիկյան գլխավոր երաժշտական մրցանակի՝ «Գրեմմիի» հանձնման հանդիսավոր արարողությունը 2021-ին տեղի է ունեցել մարտի 14-ին Լոս Անջելեսում:

 

63-րդ մրցանակաբաշխությանը «Տարվա լավագույն երգ» անվանակարգում «Գրեմմիի» է արժանացել հիփ-հոփ երգչուհի H.E.R.-ի «I Can՚t Breathe» ստեղծագործությունը:

«Տարվա լավագույն ալբոմ» է համարվել Թեյլոր Սվիֆթի «Folklore»-ը:

«Տարվա ձայնագրություն» անվանակարգում սպասված մրցանակը շնորհվել է Բիլլի Այլիշի «Everything I Wanted» գործին: Նրա՝ «No Time To Die»  ստեղծագործությունն էլ «Գրեմմի» է ստացել «Լավագույն երգ, որը գրվել է վիզուալ մեդիայի համար» անվանակարգում:

Կանանց շրջանում ռեկորդային թվով «Գրեմմի» մրցանակի է արժանացել Բեյոնսեն: Նրան մրցանակ է շնորհվել «Լավագույն երաժշտական տեսանյութ» անվանակարգում «Brown Skin Girl» երգի համար, «Լավագույն երգ R&B ժանրում» անվանակարգում էլ նա հաղթել է «Black Parade» երգով: «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում  երգչուհի Megan Thee Stallion-ի հետ «Savage» երգի կատարման համար Բեյոնսեն դարձյալ մրցանակի է արժանացել: Բեյոնսեն ընդհանուր առմամբ ունի 28 «Գրեմմի»:

«Լավագույն փոփ կատարում զուգերգով կամ խմբով» անվանակարգում մրցանակը հանձնվել է Լեդի Գագայի եւ Արիանա Գրանդեի «Rain On Me» երգին:

«Լավագույն ռեփ ալբոմ» է համարվել Nas-ի «King’s Disease» սկավառակը:

«Լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Դուա Լիպայի «Future Nostalgia» ձայներիզին:

«Լավագույն ռոք կատարում» անվանակարգում մրցանակը հանձնվել է Ֆիոնա Էփլին  «Shameika» ստեղծագործության համար:

«Լավագույն քանթրի ալբոմ» է ճանաչվել Միրանդա Լամբերթի «Wildcard»-ը, իսկ «Լավագույն  քանթրի կատարում» անվանակարգում հաղթել է Վինս Գիլը՝ «When My Amy Prays» երգով:

«Լավագույն լատինական կամ ուրբան ալբոմ» անվականագրում մրցանակի է արժանացել Բեդ Բանիի «YHLQMDLG»-ը:

«Համաշխարհային լավագույն երաժշտական ալբոմ» է դարձել Բուրնա Բոյի «Twice as Tall»-ը:

«Ժամանակակից քրիստոնեական երաժշտության լավագույն ալբոմ» է համարվել Քանյե Ուեսթի «Jesus Is King»-ը:

 

 

 

ՀԱՎԱԿՆՈՒՄ Է «ՕՍԿԱՐ»-Ի

Ամերիկացի դերասան Էնթոնի Հոփկինսը հավակնում է «Օսկար» մրցանակի «Լավագույն դերասան» անվանակարգում։ Նա կարող է մրցանակի արժանանալ ռեժիսոր Ֆլորիան Զելերի «Հայրը» (2020թ.) ֆիլմում դերակատարման համար։ Հավակնորդների շարքում են Չեդվիկ Բոուզմանը ռեժիսոր Ջորջ Վոլֆի «Մա Ռեյնի. բլյուզի մայրը» ֆիլմում աշխատանքի համար, Ռիզ Ահմեդը Դարիուս Մարդերի «Մետաղի ձայնը» ֆիլմում կատարած դերի համար, Հարի Օլդմանը ռեժիսոր Դեւիդ Ֆինչերի «Մանկ» ֆիլմում դերակատարման համար, Սիթվեն Յանը Լի Այզեկ Չունի «Մինարի» ֆիլմում կատարած դերի համար։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գլխավոր մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակի համար կպայքարեն Լի Այեզկ Չունի «Մինարի», Էմիրալդ Ֆենելի «Խոստումնալից աղջիկը», Դեւիդ Ֆինչերի «Մանկը», Ֆլորիան Զելերի «Հայրը», Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը», Քլոի Չժոուի «Քոչվորների երկիրը», Դարիուս Մարդերի «Մետաղի ձայնը», Շաքի Քինգի «Հուդան եւ սեւ մեսիան» ժապավենները։

 

 

 

ԴՈՒԲԼԻ ՀԵՂԻՆԱԿ

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ դառնալով «Ուեսկայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի վերջին խաղում (4:1), սահմանել է հերթական ռեկորդը: 33-ամյա Մեսին պատմության առաջին ֆուտբոլիստն է, որն առաջնությունում նվազագույնը 20 գոլ է խփում 13-րդ մրցաշրջանում անընդմեջ: Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա գոլերի թիվը հասցրել է 21-ի եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Բացի այդ, 12 մրցաշրջան անընդմեջ արգենտինացի հարձակվողը կատարում է նվազագույնը 10 գոլային փոխանցում: Այս մրցաշրջանում նա դարձել է 7 գոլային փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին կրկնել էր «Բարսելոնայի» պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած Չավի Էրնանդեսի ռեկորդը: Մարտի 15-ին նա 767-րդ խաղն անցկացրեց «Բարսելոնայում», որի կազմում խփել է 661 գոլ եւ նվաճել 36 տիտղոս:

 

 

 

ՎՆԱՍՎԱԾՔ

Ղազախական «Աստանայի» ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը վնասվածք է ստացել. hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել ղազախական ակումբի մարզումը: «Աստանան» պատրաստվում է «Կասպիյի» դեմ Ղազախստանի առաջնության երկրորդ տուրի խաղին, որը տեղի կունենա մարտի 19-ին: Բարսեղյանը վնասվածք է ստացել «Թուրանի» դեմ նախորդ խաղում: Տիգրան Բարսեղյանը եւ «Աստանայի» նորեկ Վարազդատ Հարոյանն օրեր առաջ հրավեր էին ստացել Հայաստանի հավաքականից, որն այս ամիս կսկսի պայքարը Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ընտրական փուլում կմեկնարկի Լիխտենշտեյնի հավաքականի հետ արտագնա հանդիպումով, որը տեղի կունենա մարտի 25-ին:

 

 




Լրահոս