ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում

 

Երեկ խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորանների մոտ՝ 2 կմ-անոց հատվածում, բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարների հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ.  Խնդրում եմ ասել՝ որտեղ պետք է դիմի քաղաքացին ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն ստանալու համար:

Ալիս Խաչատրյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ավանդների երաշխավորման հիմնադրամը:

Նորայր Պողոսյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության եւ հուսալիության ապահովումն է ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով:

Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Հիմնադրամի գործունեության նպատակը «Ֆիզիկական անձանց բանկային  ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումն ու ավանդատուների շահերի պաշտպանությունն է: Միայն դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը սահմանված է 10 մլն դրամի, իսկ միայն արտարժութային ավանդի համար` 5 մլն դրամի չափով:

Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը 5 մլն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ 10 մլն հայկական դրամով։

ՀՀ կենտրոնական բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 5 մլն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը` 5 մլն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:




Լրահոս