ԸՆԿԵԼ ԵՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրի առջեւ ծառացած  բոլոր խնդիրները մոռացած եւ մի կողմ դրած՝ իշխանություններն օրուգիշեր նոր նախագծեր են հեղինակում լրատվամիջոցների դեմ: Բավական չէ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը «ԶԼՄ մասին» օրենքում էր փոփոխություն նախաձեռնել՝ նպատակ ունենալով լրատվամիջոցներին զրկել անանուն աղբյուրներին հղում անելու համաշխարհային իրավունքից, այժմ էլ Ֆինանսների նախարարությունը կրկին նոր նախագիծ է ներկայացրել՝ այս անգամ նպատակ ունենալով զրկել գովազդներից։ Խոսքը վերաբերում է ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորի գովազդներին: Նոր նախագծով առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածում փոփոխություն անել։ «Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով՝ բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաեւ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում», – ասվում է փոփոխության մեջ: Սակայն ուշագրավ է, որ Ֆինանսների նախարարության կողմից արդեն իսկ գովազդները սահմանափակող նախագծեր էին դրվել շրջանառության մեջ, որոնցից մեկով, օրինակ, առաջարկվում էր այս տեսակի գովազդի համար սահմանել էջի 20 տոկոսը, այսինքն՝ դեռ նախարարությունն ինքը չի կողմնորոշվում՝ ինչ անել։ Եթե որոշել են պայքարել խաղամոլության դեմ, ապա ոչ թե պետք է հովանավորեն խաղամոլություն կազմակերպողներին, օգտագործեն խաղամոլությունից գոյացած գումարները ֆեյքերի ֆաբրիկաներ պահելու համար, այլ փակեն նման կազմակերպությունները։ Սակայն խաղամոլության օջախները իշխանությունը պահպանում է, հնարավորություն տալիս նրանց գովազդ տեղադրել, օրինակ, Ֆեյսբուքում, Գուգլում, Յանդեքսում, սակայն լրատվական կայքերում կամ հյուրանոցներում դրանց գովազդը սահմանափակվում է։

Վիճակախաղերի կազմակերիչները, այսպես, թե այնպես, իրենց գումարը կստանան, խաղամոլությունը, այսպես, թե այնպես, կզարգանա մեր երկրում, սակայն լրատվամիջոցները կկրեն ֆինանսական լուրջ կորուստներ, այսինքն՝ կառավարությունը ոչ թե կանոկարգում է ոլորտը, այլ հերթական անգամ վնասում լրատվամիջոցներին:

 

 

 

Մինչ ընդդիմադիր ուժերն ու հասարակության մի մասը սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է նոր մարդկանց ներգրավել իր կողմը: Հենց դա է պատճառը, որ Փաշինյանը որոշել է ամեն շաբաթ այցելել որեւէ նախարարություն եւ խորհրդակցություն անցկացնել՝ հավակնոտ առաջարկներ անելով: Օրինակ՝ երեկ նա այցելել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն եւ խոստումներ տվել՝ փորձելով այդկերպ իր կողմը գրավել ուսուցիչներին, մտավորականներին, որոնք եւս վերջերս  պահանջում էին վարչապետի հրաժարականը: Մասնավորապես, երեկ խորհրդակցության ժամանակ Փաշինյանն ասել է, որ մասնագիտական որակավորումը հաստատած, վերահաստատած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով սկզբնական շրջանում կբարձրանա, ապա խոսել է նաեւ գիտության ֆինանսավորման ծավալների եւ ծավալների փոփոխության մասին՝ ասելով, թե հատկապես նոր միջավայրում գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել: Այսպիսով, խոսելով խնդրահարույց ոլորտների մասին եւ խոստումներ տալով՝ նա փորձում է մեղմել այն զայրույթը, որն առկա է մտավորականների, ակադեմիական հանրույթի մոտ: Գաղտնիք չէ, որ վերջիններս եւս տարբեր հայտարարություններով պահանջել են նրա հրաժարականը:

 

 

 

Օնիկ Գասպարյանը ազատված չէ ՀՀ ՊՆ ԳՇ պետի պաշտոնից եւ նա օրենքի ուժով կարող է գնալ աշխատանքի եւ կատարել իր ԳՇ պարտավորությունները: Բանն այն է, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ է ընդունել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցը, եւ Վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածը տվյալ դեպքում հստակ սահմանում է, որ եթե վիճարկման հայց է ներկայացվել վարչական ակտի դեմ, եւ դատարանը վարույթ է ընդունել, ապա օրենքի ուժով այդ ակտի կատարումը կասեցվում է մինչեւ վերջնական դատական ակտ կլինի այդ գործով: Ստացվում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է վերադառնա աշխատանքի: Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ վարչապետը հանրապետության նախագահին էր ներկայացրել առաջարկություն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: Նախագահը այն առարկություններով վերադարձրեց, փետրվարի 28-ին գրություն ուղարկվեց ՀՀ նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով, եւ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով ազատվեց պաշտոնից։ Ու հիմա ստացվում է՝ դատարան դիմելուց հետո  իրավունքի ուժով Գասպարյանը մնում է ԳՇ պետ։ Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանին Նիկոլ Փաշինյանը միջնորդել է ԳՇ պետ նշանակել, սակայն այսօր ԳՇ պետի ԺՊ-ն տեղակալն է, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը լարված է գեներալիտետի հետ։ Արդյունքում ՀՀ ՊՆ-ն իր պատմության մեջ ամենապառակտված վիճակում է այսօր եւ անկարող սահմանների պաշտպանության հարցում։

 

 

 

Հայաստանում առեւտրականները թուրքական հագուստ վաճառելու նոր տարբերակ են գտել՝ փոխում են հագուստի պիտակները: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ բանավոր զրուցում չեն թաքցնում առեւտրականները՝ նշելով, որ այլ տարբերակ չունեն: Մինչդեռ այս տարվա հունվարի 1-ից արգելվում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրումը, այդ թվում՝ հագուստ եւ կոշիկ: Չնայած արգելքին՝ տեղական շուկան շարունակում է ողողվել թուրքական ծագման կոշիկներով ու հագուստով, բայց չինական պիտակներով: Տեղեկացնենք, որ Թուրքիան իր վիճակագրության մեջ Հայաստանի հետ պաշտոնական առեւտրի վիճակագրություն ցույց չի տալիս. դա կատարվում է Վրաստանի միջոցով։ Թուրքական հագուստ, կոշիկ տնտեսվարողները բերում են վրացական կամ այլ ֆիրմայի անվան տակ։ Բայց վերջերս մեր առեւտրականները սկսել են թուրքական ծագում ունեցող հագուստ ներկրել Ռուսաստանով, որտեղ պիտակները փոխվում են չինականով, երբեմն էլ ներկրում են առանց պիտակի: Ի դեպ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «կարգո» անող ընկերություններից մեկը փոխանցեց, որ իրենք սպասում են, թե երբ են կառավարության կիրառած սանկցիաներն ավարտվելու, ինչից հետո դեպի Թուրքիա ուղղությունը կվերաբացեն:

 

 




Լրահոս