«ԵԿԵՔ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ ՉՍԱՐՔԵՆՔ ԲՈԲՈ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի եւ հնարավոր զարգացումների մասին խոսել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի հետ:

 

-Պարո՛ն Ստեփանյան, ինչպե՞ս եք պատկերացնում, առաջիկայում ի՞նչ է լինելու. Բաղրամյան-Դեմիրճյան փողոցը փակ է, ընդդիմությունը չի զիջում, իր պահանջներն է ներկայացնում, իշխանությունն էլ իր հերթին է շարունակում չզիջել:  Ի՞նչ ելք եք տեսնում:

-Իրենք իրենց տեսակետն ունեն, չեմ կարող ասել՝ իրենք սխալ են անում: Բայց մենք, ինձ թվում է, պետք է պատրաստվենք ընտրություններին: Ես ելքը դրա մեջ եմ տեսնում:

-Իշխանությունը, ըստ Ձեզ, պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

-Քանի որ քննարկումներ են տեղի ունենում, կարճ ժամանակում կիմանանք, թե երբ կլինեն ընտրություններ:

-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ իշխանությունը կգնա նման քայլի մոտակա ժամանակահատվածո՞ւմ:

-Կարծում եմ՝ այո, քանի որ ուրիշ ելք չկա: Պետք է անպայման արտահերթ ընտրություններ լինեն, որ կարողանանք կարգավորել: Ուրիշ ելք չունենք: Բայց այս ճգնաժամը, փողոցային շարժումը  պետք է դադարեցնել:

-Իսկ իշխանությունը վստահություն վայելո՞ւմ է: Դուք մարզեր եք այցելում, ինչպե՞ս է հասարակությունը վերաբերվում այս իշխանությանն ու հատկապես Նիկոլ Փաշինյանին:    

-Չեմ կարող ասել, որ միանշանակ բոլորը դեմ են: 2018թ.  հեղափոխության ժամանակահատվածի ռեյտինգը չկա, բայց որոշակի ռեյտինգ ունեն: Ժողովուրդն այսօր քողարկված է, ոչ բոլորն են բացահայտ արտահայտվում: Մարզերում բոլորը քողարկված են, չեն արտահայտվում, բայց սրա ելքը միայն նոր ընտրություններն են: Պետք է ընտրություններով այս հարցը լուծվի, իսկ թե ով քանի տոկոս կհավաքի, դա արդեն ժամանակը ցույց կտա: Եթե ժողովուրդը ցանկանա՝ իշխանափոխություն լինի, պետք է ընտրությունների գնալ: Ընդդիմությունն էլ իր տեսակետն ունի:

-Ժողովուրդն ասում է, որ նախկին իշխանությունը չպետք է վերադառնա: Դուք է՞լ եք կարծում, որ նախկին իշխանությունները չպետք է վերադառնան:

-Եկեք նախկիններին չսարքենք «բոբո» ու նորից սկսենք խոսել նախկինների մասին: Նրանք կգան, թե ոչ, դա ընտրություններով պետք է որոշվի: Բռնությամբ չի լինելու նման բան:

-Նկատի ունեք հանրահավաքների միջոցով չե՞ն կարող գալ իշխանության:

-Բողոքի ակցիաներն էլ, հանրահավաքներն էլ կան, մենք տեսնում ենք, որ իրենք էլ իրենց տեսակետն ունեն: Թող փորձեն: Պառլամենտական երկիր է, եթե պետք է ստիպեն, որ  պատգամավորներն իրենց կողմ քվեարկեն, կարծում եմ, դրան չեն հասնի, որովհետեւ պառլամենտական երկրում պատգամավորները, հրաժարականից հետո եթե ինչ-որ մեկը թեկնածություն կդնի, այն ժամանակ կփորձենք քվերակությամբ ինչ-որ բան անել:

-Մտահոգություն կա, որ ընտրությունները կեղծելու են նույնիսկ ներկայիս իշխանությունները, որոնք 2018թ. չեն կեղծել, բայց հիմա պետական ռեսուրսը կներդնեն ու կկեղծեն  խորհրդարանական ընտրությունները: Դուք կարծում եք, որ այս իշխանությունը կգնա՞ ընտրակեղծարարության:

-Ոչինչ չեմ բացառում, տարբեր կուսակցություններ բոլոր ընտրատեղամասերում ունեն իրենց վստահված անձինք: Բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, չեմ կարող ասել, թե ինչ կլինի: Դա մեծ պատասխանատվության հարց է: Չեմ կարծում, որ իրենց վրա վերցնեն նման կեղծարարություն անեն: Օրենքը շատ խիստ է:

-Իսկ ընտրակաշառքի մասին ի՞նչ կասեք: Նախկինները եւս պետք է մասնակցեն   ընտրություններին, նրանց ժամանակաշրջանում  եղել է ընտրակաշառք բաժանելը: Կարծում եք, որ նրանք կօգտվեն  այս անգամ եւ նորից ընտրակաշառք կբաժանե՞ն:

-Նորից ասեմ, որ ընտրակաշառքը քողարկված հանցագործություն է. չի բացառվում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ ԴԱՏԱՐԿՎԵԼ Է

«Հայրենիքի փրկության շարժման» վերջին հանրահավաքը տեղի է ունեցել մարտի 10-ին, որից հետո շարժումը հանրահավաք չի իրականացրել, եղել են բողոքի ակցիաներ, փոքրիկ հավաք-քննարկումներ, ասուլիսներ: Չնայած այն հանգամանքին, որ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցը շարժման մասնակիցները փակ են պահում, այնտեղ որեւէ գործընթաց չի իրականացվում:

 

Վրանները տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ հսկում են, բայց այն, որ այնտեղ շատ քիչ թվով մարդիկ են, դրան կարելի է ականատես լինել գրեթե ամեն օր: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ շարժման առաջնորդները կարծել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը օրերի հարց է, որից հետո պետք է հայտարարվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, ինչի համար արդեն սկսել են նախապատրաստվել, մտնել ընտրական պրոցեսի մեջ: Բայց, արի ու տես, Նիկոլ Փաշինյանը ո՛չ հրաժարական է տալիս եւ ո՛չ էլ հայտարարում, որ գնում է արտահերթ ընտրությունների: Ավելին՝ իշխանական թեւը լծված է Ընտրական օրենսգրքի փոփոխություններ կատարելու պրոցեսին:

Ու նաեւ դա է պատճառը, որ շարժումը Բաղրամյան պողոտայում որեւէ քայլի չի գնում, պայքարն արդեն մարել է, որի վառ վկայությունն երեկ ԿԳՄՍ նախարարության առջեւ հրավիրված բողոքի ակցիան էր, որտեղ մեծաթիվ ոստիկաններ էին, իսկ ակցիայի մասնակիցները շատ քիչ էին:

Չնայած որ Բաղրամյան-Դեմիրճյան պողոտան հանրությանը չի հետաքրքրում, այն շարունակում է այժմ էլ փակ մնալ ու խոչընդոտ դառնալ հանրության ազատ տեղաշարժի, երթեւեկության համար:

ArmLur.am-ը փորձել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանից պարզել, թե ինչու է շարժումը մարել, ու ինչու որեւէ քայլ չի իրականացվում շարժման կողմից: Վանեցյանը վստահեցրեց, որ սխալ տպավորություն ենք ստացել, ամեն ինչ իր հունով ընթանում է, ու իրենց պայքարը շարունակվում է:

 

 

 

ՆՈՐ ՊԱՇՏՈՆ

Արդեն հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Առնակ Ավետիսյանն ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Առնակ Ավետիսյանին նշանակել ԱԺ աշխատակազմի ղեկավար՝ Տիգրան Գալստյանի փոխարեն: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Տիգրան Գալստյանը որոշել է վերադառնալ նախկին աշխատանքին՝ բիզնես ոլորտ: Նա իր շրջապատում ասել է, որ բիզնեսի ոլորտ է վերադառնում, քանի որ այնտեղ ֆինանսական խնդիր չի ունեցել, իսկ ԱԺ-ում չի կարողանում փող աշխատել:

 

 

 

ԱՆՀԵՏԱՑԵԼ Է

«Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիեւի դեմքին։ Աշխարհին խաղաղություն։ Թող երբեք պատերազմը չկրկնվի»,-այս խոսքերի հեղինակը դերասան Հովհաննես Ազոյանն է: Երեկ Ազոյանը նման գրառում է արել Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի սոցցանցի պաշտոնական էջում, որտեղ վերջինս լուսանկարներ էր տարածել իրենց ընտանիքի ճամփորդությունից։ Նրանք այցելել էին Հադրութի շրջան, այդ թվում` Ազոխ քարանձավ։ Ազոյանի այս հայտարարությունը քննարկվեց ու քննադատվեց սոցցանցերում, բոլորը դատապարտեցին ու իրենց ցասումն արտահայտեցին՝ Ազոյանի հայտարարության վերաբերյալ: Այս ամենից հետո վերջինս ստիպված եղավ իր սոցիալական ցանցում արձագանքել հայտարարություններին. «Թող որ բոլորի ատելությունն ու չարությունն ինձ վրա ավարտվի, խաղաղաղությունը տիրի մեր սրտերին»։

Armlur.am-ը փորձել է Հովհաննես Ազոյանից պարզել, թե ինչու է որոշել նման գրառում կատարել, ինչի համար արժանացել հանրության զայրույթին: Վերջինս կտրականապես չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նշենք, որ Հովհաննես Ազոյանը 2018 թվականի հեղափոխության գրեթե ողջ ժամանկահատվածում եղել է Նիկոլ Փաշինյանի կողքին: Հիմա էլ Ազոյանը շարունակում է պաշտպանել Նիկոլ Փաշինյանին ու քննադատել ընդդիմությանը: Armlur.am-ը Հովհաննես Ազոյանի հետ զրուցելու համար այցելել է նաեւ Սարյան փողոցում գտնվող «Ոսկեվազ» գինետուն, որը, ըստ տեղեկությունների, պատկանում է նրան: Մենք տեղեկություններ ունեինք, որ Ազոյանը գրեթե բոլոր ժամերին այնտեղ է լինում, սակայն գինետան աշխատակիցները մեզ փոխանցեցին, թե Հովհաննես Ազոյանն այլեւս որեւէ կապ չունի գինետան հետ ու իրենց ժամանակ առ ժամանակ որպես հաճախորդ է այցելում:

 




Լրահոս