Ֆինանսների նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն անելու նախաձեռնությամբ, որը իրականում նպատակ ունի վնասել լրատվամիջոցներին, այլ ոչ թե կանոնակարգել ոլորտը կամ ծառայել բուն նպատակին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորի գովազդներին:
Նոր նախագծով առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածում փոփոխություն անել եւ սահմանել, որ առհասարակ արգելվում է գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ համացանցով: «Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով՝ բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաեւ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում», – ասվում է փոփոխության մեջ: Եվ հերթական անգամ այս նախագիծը ստեղծելիս իշխանությունները չեն քննարկել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Այն հանրային քննարկման է դրվել մարտի 4-ին եւ մինչեւ այժմ ստացել է 13 դեմ եւ 6 կողմ ձայներ: Նախագծի մեկնաբանության մեջ նշված է. «Հաշվի առնելով ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում հանրային օգուտի բացակայությունը եւ հանրային վնասի առկայությունը, ինչպես նաեւ շահումով խաղերի, խաղատների եւ խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն եւ լրացումներ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում»:
Նկատենք՝ հեղափոխությունից հետո սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունները փորձում են այսկերպ սահմանափակել լրատվամիջոցներով գովազդը, որը, բնականաբար, բերելու է վատ հետեւանքների եւ ֆինանսական միջոցների կորստի: Կառավարությունը որոշել է գովազդներից զրկել լրատվամիջոցներին: Ընդ որում, այդ նպատակը նրանք հետապնդում են իշխանության գալու հենց առաջին օրվանից, եւ, որպես օրինակ, բավական է հիշել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նախագծերը, այժմ էլ այդ գիծը ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունն են շարունակում: Գաղտնիք չէ, որ լրատվամիջոցները ֆինանսավորվում են հենց գովազդների միջոցով, եւ խոսքը նաեւ վիճակախաղերի գովազդին է վերաբերում: Եվ ստացվում է՝ վիճակախաղերը մեր երկրում գոյություն ունեն, գործում են, իսկ դրանց գովազդը հենց կայքերով պետք է սահմանափակվի: Ընդգծում ենք, որ կայքերում դրանց սահմանափակումը չի բերելու ինտերնետ տիրույթում գովազդի սահմանափակման կամ բացառման, քանի որ համացանցը հնարավորություն է տալիս առանց սահմանափակման ցանկացած սոցցանցում տեղադրել գովազդ եւ ստանալ դրա արդյունավետությունը: Այսինքն՝ վիճակախաղերի կազմակերիչները, այսպես, թե այնպես, իրենց գումարը կստանան, խաղամոլությունը, այսպես, թե այնպես, կզարգանա մեր երկրում, սակայն լրատվամիջոցները կկրեն ֆինանսական լուրջ կորուստներ, որոշները կփակվեն, եւ այդպես ՀՀ գործող կառավարությունը կհասնի իր իրական նպատակին:
Ն.Հ.
ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գործընկերներիս հետ քննարկումներից հետո որոշեցի էական փոփոխություններ մտցնել զրպարտության եւ վիրավորանքի մասին օրենսդրական նախաձեռնության մեջ»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ, ասել է նախաձեռնության հեղինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Մասնավորապես, սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում զրպարտանքի եւ վիրավորանքի համար փոխհատուցման չափն ավելացել է մինչեւ 3 մլն դրամ՝ ավելի վաղ առաջարկված 1 միլիոնից 5 միլիոն դրամի փոխարեն: Զրպարտության դեպքում փոխհատուցման չափը կհասնի մինչեւ 6 մլն դրամի՝ ավելի վաղ առաջարկված 2 միլիոնից 10 միլիոն դրամի փոխարեն: Բավական երկարատեւ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ԽՈՍԵԼ ԵՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Զրուցակիցները քննարկել են ս.թ. ապրիլի 30-ին Ռուսաստանի Կազան քաղաքում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի եւ օրակարգի հետ կապված հարցեր:
ԱՐՏԱՀԵՐԹ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Մարտի 19-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում սահմանադրական օրենք է առկա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթն է, որը քննարկվելու է առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության եւ ապա նաեւ երկրորդ ընթերցմամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է, որ Բարձրագույն դատական խորհրդին օժտեն դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ, եւ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Նախագծի ընդունման պարագայում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, ՀՀ արդարադատության նախարարից եւ Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաեւ ֆիզիակական եւ իրավաբանական անձինք: Հետաքրքիր է, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է այս հարցը քննարկել առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության եւ առանց նախնական քննարկման: Հետաքրքիր է, որ մարտի 23-ին գումարվելու է ԱԺ հերթական նիստ, եւ այս նախագիծը կարող էին քննարկել հենց այդ նստաշրջանում, սակայն իշխող ուժը որոշել է դրա համար արտահերթ նիստ գումարել՝ հաշվի չառնելով հրատապ մյուս նախագծերը:
ԼՂՀ-Ն՝ ՀԱՋՈՂ ՕՐԻՆԱԿ
Ռուս-թուրքական տարածաշրջանային համագործակցության վերջին հաջող օրինակը Լեռնային Ղարաբաղն է: Այս մասին հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Սա շատ բարդ վիրահատություն է։ Հենց այդպես էլ ես կցանկանայի այն անվանել, քանի որ դրանում առկա են բազմաթիվ փաստարկներ, տարրեր, մոտիվներ։ Երբ թշնամանում են երկու եղբայրական ժողովուրդներ, մեր երկու հարեւանները, նրանք, ում հետ ապրել են, եւս մեկ անգամ կկրկնեմ, եւ այսուհետ էլ կապրենք խաղաղության, համերաշխության եւ բարեկամության մեջ … Մյուս կողմից՝ Թուրքիայի միացումն այս գործընթացին: Դրա համար էլ պետք էր խոսել եւ զբաղվել նաեւ թուրք գործընկերների հետ։ Մեր նախագահը տիտանական ջանքեր է գործադրել, որպեսզի այդ ամենը տեղի ունենա։ Ընդ որում, համոզել անհրաժեշտ էր բոլորին։ Արդյունքը, որին այսօր հասել ենք, այն է, որ մարդիկ դադարել են սպանել միմյանց։ Երկրորդ՝ ես հույս ունեմ, որ հիմա ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն անցնեն երկկողմ շփումների եւ խոսեն միմյանց հետ։ Եվ այստեղ, իհարկե, շատ բան կախված է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններից։ Կան նաեւ նոր խաղացողներ, հին հարեւանները հայտնվում են, բայց նրանք հայտնվում են իրենց առաջարկներով, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, երկաթուղուն, հիդրոէներգետիկային, տրանսպորտային հաղորդակցությանը: Ես նկատի ունեմ Իրանը»,- ասել է Շոյգուն։
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը վստահեցնում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ՀՀ վերադարձվեն: «Ռազմագերիների հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հստակ է եւ պարզ՝ նրանք պետք է վերադարձվեն: Գործընթացը պետք է իրականացվի ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, այլեւ հիմնվելով միջազգային կոնվենցիաներով հաստատված մարդու իրավունքների պաշտպանության վրա»,-նշել է դեսպանը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ մարմինը, որտեղ հնարավոր է քննարկում, բանակցություններ իրականացնել՝ հարցին որեւէ դիվանագիտական լուծում տալու առումով:
«Երբ խոսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, պետք է հասկանանք, որ գործ ունենք բանակցություններ ապահովող կառույցի հետ, որը պատրաստ է միջնորդել եւ օգնել երկու կողմին էլ: ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջնորդության միակ մարմին լինելու մասին նշեց նաեւ Շվեդիայի արտաքին գործերի նախարարը (որպես ԵԱՀԿ գործող նախագահ-հեղ.) Հայաստան կատարած իր այցի շրջանակում: Մինսկի խմբի համանախագահներն այժմ բանակցությունների մեջ են, որպեսզի աշխատանքային այց իրականացնեն տարածաշրջան»,- ասել է Ժոնաթան Լաքոտը: