52 ՄԻԼԻԱՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ԱՆՀԱՅՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձեւով փոխանցվել է կառավարությանը։ Աղմուկը բարձրացավ, երբ պատերազմից հետո մամուլում շրջանառվեցին լուրեր, որ կառավարությանը փոխանցված գումարը ոչ նպատակային է ծախսվել։

 

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նիստում որոշել է խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության եւ ներգրավված այլ կողմերի հետ պատերազմի ընթացքում հավաքագրված եւ օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։ Հիմնադրամը հաղորդագրություն էր տարածել, թե հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները եւ ապահովվի հանրության վստահությունը:

Սակայն մինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, թե պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել, նախագահ Արմեն Սարգսյանը, ով նաեւ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, հայտարարում է, որ հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից եւ շահարկումներից վեր կառույց:

«Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ խորապես մտահոգ եմ, որ մեր հայրենակիցների եւ բարեկամների կողմից հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով որոշ անհանգստություն եւ դժգոհություն է առաջացել հիմնադրամի գործունեության վերաբերյալ, որն արտահայտվել է եւ՛ գրավոր, եւ՛ բանավոր, եւ՛ նույնիսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առանձին անդամների կողմից: Հիշյալ փաստը նաեւ շահարկումների առիթ է դարձել: Փորձելու ենք ձեզ հետ միասին շատ կոնկրետ եւ պրակտիկ պատասխաններ գտնել եւ լուծել հարցը, որպեսզի հիմնադրամը կարողանա եւ՛ շարունակել իր գործունեությունը, եւ՛ իրագործել այն կարեւոր ծրագրերը, որոնց համար ստեղծված է: Ամեն ինչ պետք է անենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը լինի բյուրեղային եւ որեւէ ձեւով վտանգված չլինի», – ընդգծել է նախագահը:

Հավելենք, որ Սարգսյանը դեռ տարեվերջին պահանջել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ կառավարությունը հստակ, մանրամասն, թափանցիկ ու հրապարակային հաշվետվություն ներկայացնի։ Արտահերթ ու հեռավար անցկացված նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ այլ պաշտոնյաներ, եկեղեցական, հասարակական եւ բարեգործական կառույցների ներկայացուցիչներ։

Ռոբերտ Քոչարյանը տարածած հայտարարությունում նշում է, որ վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները իրեն վստահություն չեն ներշնչել։ Ըստ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ստեղծված իրավիճակում որեւէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները։ Այս իրավիճակից միակ ճիշտ ելքը տեսնում է 52 միլիարդ դրամի ձեւակերպումը՝ որպես կառավարության պարտք հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։

Նշենք, որ հիմնադրամի շուրջ աղմուկը բարձրացավ 2020 թվականի նոյեմբերի 19-ից հետո, երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում հայտարարեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չէ, մի մասն էլ պատերազմի ընթացքում տրամադրվել է կառավարությանը։ Այս հայտարարությունը շահարկումների առիթ դարձավ, եւ մեղադրաքներ հնչեցին հիմնադրամի հասցեին՝ նվիրատուների վստահությունը չարաշելու վերաբերյալ։

Ն.Հ.

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ

Հայաստան ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես կատարվելու են Ադրբեջանով Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի վերանորոգման պատճառով. հայտնել է «Գազպրոմ էքսպորտը»: Մարտի 16-ին ռուսական ընկերությունը Ադրբեջանի տարածքով գազի փոխադրման կարճաժամկետ պայմանագիր է կնքել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ. փոխանցում է «Կոմերսանտը»: «Պայմանագրով նախատեսվում է, որ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գլխավոր գազատարի ռուսական տեղամասում պլանային-նախազգուշական վերանորոգման աշխատանքների ժամանակահատվածում գազը սպառողներին կառաքվի Ադրբեջանի տարածքով մինչեւ Վրաստանի սահման»,- հայտնել է «Գազպրոմ էքսպորտը»: Աշխատանքներն ընթանալու են մոտ 3 շաբաթ, որոնց ավարտից հետո գազի փոխադրումը կկատարվի նախկին երթուղով՝ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանով: «Գազպրոմը» 2020 թվականին Հայաստան է մատակարարել 2,209 մլրդ խմ գազ, 2021-ի հունվարին մատակարարումներն աճել են 9 տոկոսով՝ հասնելով մինչեւ 310 մլն խմ: 2020 թվականի դեկտեմբերին «Գազպրոմ էքսպորտը» եւ «Գազպրոմ Արմենիան» Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը երկարացրել են միայն 2021 թվականի առաջին եռամսյակի համար:

 

 

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Է ՍՏԵՂԾՎԵԼ

Արցախի Հանրապետության կառավարության՝ 2021թ. մարտի 12-ի N 214-Ն որոշմամբ՝ հաստատվել է Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը եւ կարգավիճակ տալու հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորում է անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։ Այս մասին տեղեկացրել են Արցախի անվտանգության խորհրդից։ Կարգով ներկայացվում են անձին մարտական գործողությունների մասնակից համարելու չափորոշիչները, որոնց համապատասխանելու դեպքում, հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով անձին տրամադրվում է համապատասխան կարգավիճակ։ Կարգով սահմանվում են միջգերատեսչական հանձնաժողով ներկայացվող հետեւյալ փաստաթղթերը.

l դիմում եւ մարտական գործողությունների մասնակցի 2×3 սմ չափսի 3 լուսանկար,

l անձի, որի կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու նպատակով, զինվորական ծառայության մեջ չգտնվելու ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած լինելու հանգամանքները հաստատող փաստաթղթեր, (Կյանքին պատճառված վնաս է համարվում անձի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորելը։ Առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացած վնասվածքի կամ խեղման հետեւանքով զինծառայողի աշխատունակության կորուստը)

l մարտական ուղի՝ տրված մարտական գործողություններին մասնակցած ստորաբաժանման հրամանատարի (պետի) կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ մարտական գործողություններին մասնակցած այլ անձանց կողմից տրված գրավոր վկայությունները,

l մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի պատճառական կապը հաստատող Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված համապատասխան փաստաթղթեր։

 

 

 

ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

2021թ. մարտի 4-ին «Սիթի Օֆ Սմայլ» («Ժպիտների Քաղաք») բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նա 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ «Սիթի Օֆ Սմայլ («Ժպիտների Քաղաք») հիմնադրամի առաքելությունն է լինել քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաների ու մինչեւ 25 տարեկան երիտասարդների եւ նրանց ընտանիքների կողքին, օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվար ճանապարհը։

Վերջերս Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես գյուղի  հոգեւոր հովիվ Տեր Աբել քահանան Երեւան քաղաքում օրհնության խոսքով բացել էր քաղաքական ընդդիմության հանրահավաքը, Գարեգին Երկրորդ կաթողիկոսը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հարցրի, թե ճիշտ էր արդյոք աղմկահարույց պատմությունների մեջ հայտնված, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա  Հակոբյանի  ղեկավարած հիմնադրամը  իր կողմից գլխավորելը, ճիշտ են խոսակցությունները, որ այդ հիմնադրամը ղեկավարելու համար  իրեն խոստացել են Ամենայն հայոց կաթողիկոսի աթոռը։ Նա հայտնեց, որ ինքը երեխաների կյանքը փրկող, մանկական քաղցկեղի դեմ պայքարող հիմնանդրամի հետ համագործակցում է դեռ 2014թ., երբ այդ կենտրոնը գտնվում էր Մուրացան փողոցում։ Նա հայտնեց, որ նախկինում այդ հիմնադրամը կոչվում  էր «Նվիրիր կյանք», հետո դարձավ «Սիթի Օֆ Սմայլ» (Ժպիտների Քաղաք»), առաքելությունը  նույնն է՝ քաղցկեղով  հիվանդ երեխաներին  կյանք նվիրել: Տավուշի թեմի առաջնորդն ասաց՝ 2020թ, աշնանը՝ Արցախում տեղի ունեցած պատերազմի ժամանակ, «Սիթի Օֆ Սմայլ» («Ժպիտների քաղաք»)» հիմնադրամի գործունեությունը  պասսիվացավ, սակայն այժմ գործունեությունը վերսկսվել է: Բագրատ Սրբազանն ասաց, որ 2020թ. դեկտեմբերին  Աննա Հակոբյանը հիմնադրամի տնօրենի պաշտոնից հրաժարական տվեց, մարդասիրական կազմակերպությունում իր առաքելությունը կապ չունի եկեղեցական  աստիճանակարգում իր առաջխաղացման հետ, ինքը զբաղվում է մարդասիրական աառքելությամբ։ Իրապես Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նախկինում սերտ կապերի մեջ էր Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բերդավան գյուղի  քաղցկեղով տառապող, երջանկահիշատահակ, անչափահաս բնակչուհու հետ, հիմա էլ սատարում է Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի անչափահաս բնակչուհուն, ով տառապում է  մանկական քաղցկեղով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս