«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Մարդու գործունակության գնահատման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնության նպատակն է սահմանափակ հնարավորություններով անձանց համար ստեղծել հասանելի պայմաններ եւ հավասար հնարավորություններ:
Այս մասին Ազգային ժողովում Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ անհատի գործունակության գնահատման մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Հանձնաժողովի նիստում այս օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելիս նախարարը, մասնավորապես, նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին նոր օրենքը որոշելու է նշված անձանց ապահովման, խրախուսման, իրավունքների պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակը եւ կարգավորելու է նրանց իրավունքների պահպանման սկզբունքները:
«Օրենքի նպատակն է սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար հավասար հնարավորությունների, հասանելի պայմանների ստեղծումը, խտրական դրսեւորումների վերացումը»,- պարզաբանել է Առաքելյանը:
Նա միաժամանակ նշել է, որ, գործող օրենսդրության համաձայն, հաշմանդամության սահմանումը պայմանավորված է մարդու առողջական վիճակով: Իսկ այս օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է կարգավորում, որը թույլ է տալիս գրանցել անհատական սահմանափակումները եւ օգնության անհրաժեշտությունը՝ այդ անհրաժեշտության գնահատման հիման վրա:
«Օրենքի համաձայն՝ պետությունը մասնավոր հատվածից եւ պետական հաստատություններից հասանելիություն է պահանջում հատկապես շինարարության ոլորտում: Անհրաժեշտ է կենտրոնանալ սահմանափակ հնարավորություններով մարդկանց կարիքների վրա եւ դրա հիման վրա նրանց տրամադրել պետական աջակցություն: Գործող նորմերի համաձայն`հաշմանդամության երեք խումբ կա` առաջին, երկրորդ, երրորդ, եւ սահմանափակ հնարավորություններով երեխաներ: Սրա փոխարեն կլինեն սահմանափակ գործունակության աստիճաններ՝ թեթեւ, միջին, ծանր եւ խորը»,- ընդգծել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը:
Այլ խոսքով՝ այս 4 կարգավիճակները որոշվելու են անհատական գնահատման հիման վրա, որը կփոխարինի հաշմանդամության գոյություն ունեցող խմբերը: Մարդու գործունակության հնարավորությունների գնահատման հիման վրա աջակցությունը տրամադրվելու է անհատական ծրագրերի ճանապարհով, որոնք մարդուն թույլ կտան առավելագույնս վերացնել այդ սահմանափակումները եւ ինտեգրվել հանրային կյանքին:
Երկարատեւ քննարկումներից հետո հանձնաժողովը քվեարկությամբ դրական եզրակացություն է տվել այս օրենսդրական նախաձեռնությանը: Հարցը քննարկվելու է Ազգային ժողովի լիագումար նիստում:
905 848 ՀԱՏ ԴԱՍԱԳԻՐՔ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի բյուջետային ծախսերի «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով եւ ուսումնական գրականությամբ ապահովում» միջոցառման շրջանակում դասագրքերի ձեռքբերման ցանկը: Ըստ այդմ՝ հաստատվել են տարրական դասարանների 38 անուն դասագիրք, վարժությունների եւ աշխատանքային տետրեր: Նախարարի հրամանով հաստատվել է նաեւ ազգային փոքրամասնությունների համար նախատեսված 10 անուն դասագիրք, մասնավորապես՝ «Եզդիերեն այբբենարան» «Քրդերեն այբբենարան», «Եզդի գրականություն», «Եզդիերեն» եւ «Քրդերեն»: Ընդհանուր առմամբ ձեռք կբերվի 905 848 հատ դասագիրք, վարժությունների եւ աշխատանքային տետրեր, որոնց տարեկան գումարը կազմում է 919 170 109 ՀՀ դրամ: Դասագրքերը տպագրելու են «Էդիթ Պրինտ», «ՄԱՆՄԱՐ», «Արեւիկ հրատարակչություն», «Զանգակ-97», «Տիգրան Մեծ», «Աստղիկ գրատուն», «ՍՊԻԿԱ» հրատարակչությունները եւ «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամը:
854 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում մարտի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 854 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 180 141 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 784 266, վերջին մեկ օրում` 4181 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 9105 պացիենտ. մեկ օրում ավելացել է 636-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 166 913 անձ, վերջին մեկ օրում՝ 211 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3282 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 841 է:
ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան եւ Խնածախ համայնքներում, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքների հարակից բնակավայրերում: ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաեւ ՌԴ ԱԻՆ եւ ՊՆ սակրավորները ռազմամթերքի հայտնաբերման նպատակով շարունակում են Արցախի տարածքում իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ:
ԳԵՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ Ներկայացուցչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրանկ Փալոնը, Դեյվիդ Վալադոն եւ Ջեքի Սփիերը ներկայացրել են բանաձեւ, որը կոչ է անում Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց: Բանաձեւին իրենց աջակցությունն են հայտնել Ներկայացուցիչների պալատի 31 անդամ: Բանաձեւում նշվում է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ստորագրած եռակողմ հայտարարությամբ կողմերը պարտավորվում էին ազատ արձակել բոլոր գերիներին, ու թեպետ Հայաստանն ամբողջությամբ կատարել է իր պարտականությունը, Ադրբեջանը կեղծում է ռազմագերիների կարգավիճակը՝ փորձելով արդարացնել նրանց գերի պահելու իր ցանկությունը: Բանաձեւի եզրափակիչ հատվածում ասվում է. «Ներկայացուցիչների պալատը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց: Հորդորում է ԱՄՆ պետքարտուղարությանը բոլոր մակարդակներում, այդ թվում եւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում, աշխատել Ադրբեջանի հետ՝ հասկացնելով, թե որքան կարեւոր է հավատարիմ մնալ սեփական պարտավորությունների կատարմանը՝ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության եւ միջազգային իրավունքի՝ անհապաղ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց»:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն անընդունելի է համարում ԼՂ վերջին պատերազմից ավելի քան 100 օր անց հարյուրավոր հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց Ադրբեջանում պահվելը: «Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել այս գերիներին. որքան ուշացնի դա, այնքան ավելի շատ ցույց կտա իր անարգանքը միջազգային օրենքների եւ մարդու իրավունքների նկատմամբ: Ադրբեջանն արդեն իսկ մեղավոր է վերջին պատերազմում գործած սարսափելի վայրագությունների համար, եւ սա ավելի է խորացնում խնդիրը»,- ասել է Շիֆը՝ նշելով, որ ԱՄՆ-ը բոլոր դիվանագիտական խողովակներով պետք է ապահովի հայ գերիների վերադարձը:
Բիլիրակիսի գնահատմամբ՝ պատերազմից ամիսներ անց հայ ռազմագերիներին փակի տակ պահելու ադրբեջանական կողմի քայլը Ժնեւի կոնվենցիայի եւ միջազգային օրենքի հստակ խախտում է: