Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանն ու դերասան Արտյոմ Կարապետյանը շուտով նոր զուգերգ կներկայացնեն իրենց երկրպագուներին։ Այս մասին ArmLur.am-ը զրուցել է Գոռ Հակոբյանի հետ, որը մեզ հետ զրույցում կիսվել է տեսահոլովակի գաղափարի եւ Արտյոմի հետ համագործակցության մասին:
«Անկեղծ ասած, մի հաղորդման հյուր էինք հրավիրված ես եւ Արտյոմը, իմիջայլոց այսպես մեծ տարիքում առաջին անգամ էի նրան տեսնում, որպես դերասան նրան տեսել եւ շփվել եմ դեռ մանուկ հասակում, անգամ նկարվել եմ հետը, երբ իրենք դեռ Գյումրիում էին աշխատում: Եվ այդ հաղորդումից հետո արդեն սկսեցինք ավելի մտերիմ շփվել, որից հետո որոշեցի զանգահարել Արտյոմին ու առաջարկել միասին ունենալ համատեղ դուետ: Զանգեցի նրան, պարզվեց, որ նա իրականում սպասում էր այդ զանգին, եւ շատ արագ համաձայնեց, որից հետո սկսվեց մեր, այսպես ասած, համատեղ համագործակցությունը, սկսեցինք աշխատել երգի վրա: Իրականում երգի միտքը, գաղափարը, թե ինչի մասին պետք է լինի, վաղուցվանից մտքումս ունեի, որ այն պետք է լինի հումորային մի բան, որը պետք է ինչ-որ մեկի հետ ձայնագրեի: Այդ միտքս օգտագործեցի, երգը ձայնագրեցինք, որից հետո արագ տեմպերով անցանք տեսահոլովակի նախապատրաստման աշխատանքներին եւ այն նկարահանեցինք: Անկեղծ ասած, շատ մանրամասներ տեսահոլովակի հետ կապված չեմ ցանկանում հայտնել, քանի որ շուտով տեղի է ունենալու տեսահոլովակի պրեմիերան»,- մեզ հետ զրույցում մանրամասնել է Գոռ Հակոբյանը:
Երգչի խոսքով՝ «Համոյա» տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 29-ին՝ ժամը 19:00-ին, Գոռ Հակոբյանի յութուբյան պաշտոնական ալիքում: Տեսահոլովակում նկարահանվել են նաեւ տարբեր դերասանուհիներ, որոնք առանձին կերպարներ են մարմնավորում: Տեսահոլովակում նկարահանվել է նաեւ ճանաչված դերասան Լեւոն Հարությունյանը:
Իսկ ինչո՞ւ «Համոյա». դերասանն ընդգծում է. «Երգի անունը «Համոյա», բայց խոսքը Համո անունի մասին չէ, այլ նշանակում է՝ համաձայն է, միտքը ընդհանուր դա է: Իրականում փորձել են հումորային, թեթեւ, սիրուն երգ գրել, որը համահունչ կլինի այսօրվա կոմերցիոն պահանջարկին, քանի որ մեր ազգն ավելի շատ կոմերցիոն երաժշտության կողմնակիցն է, եւ վիճակագրությունն էլ ցույց է տալիս, որ ոչ կոմերցիոն երաժշտությունը, այն, ինչը որ մեզ դուր է գալիս, մեզ հաճելի է, պարզապես դնում ենք բարձի տակ պահում ենք, այսինքն՝ այն չի աշխատում, իհարկե ինձ այդքան էլ հոգեհարազատ չլինելով հանդերձ այդ երաժշտության տեսակը: Իմ կարծիքով՝ երգը վարակիչ է լինելու, եւ հաստատ երեխաների կողմից էլ այն շատ սիրվելու է, բոլորը երգելու են, որովհետեւ ես իմ տղաների վրա իմ գրած երգերը փորձում եմ, եւ եթե այդ երգերը ամբողջ օրվա ընթացքում երգում են, ուրմեն այն հաստատ հաջողություն կունենա»:
Մեր զրուցակցի խոսքով՝ եթե այս երգը հաջողության հասնի եւ բարձր վարկանիշ ապահովի, ապա սեպտեմբեր ամսին Գոռ Հակոբյանը եւ Արտյոմ Կարապետյանը հանդես կգան նոր զուգերգով:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՐՏԱՇԱՏԻ ԹԱՏՐՈՆԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 2021 թվականը մեկնարկել է բուռն ստեղծագործական գործունեությամբ:
Թատրոնում առաջնախաղեր են պատրաստում ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկների համար: Թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանի առաջարկով էլ անդրադարձել են նաեւ մենաներկայացումներին:
Զրույցում Կամո Նաղդալյանը տեղեկացնում է, որ մարտի 11-ին թատերասերներին են ներկայացրել Չեխովի «Ծխախոտի վնասների մասին» մոնոներկայացումը, որի ռեժիսորը Ռոբերտ Առաքելյանն է, իսկ դերակատարը՝ Վյաչեսլավ Հայրապետյանը: Այն խաղալու են նաեւ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում:
«Հանդիսատեսը բավականին լավ ընդունեց ներկայացումը: Մեր թատրոնում տասնյակ տարիներ մոնոներկայացումներ չեն բեմադրվել: Սա մեզ համար նորություն էր: Մի քիչ մտավախության կար, որ գուցե ինչ-որ բան այնպես չստացվի, բայց հաջողեցինք: Ներկայացումը խաղացել ենք թատրոնի փոքր դահլիճում: Գաղափարն իմն էր, բայց ռեժիսորն արագ արձագանքեց: Արդյունքում եւս մեկ մենաներկայացում ենք պատրաստում»,- նշել է տնօրենը: Ապրիլին նախատեսում են թատերասերներին ներկայացնել Համաստեղի «Զրույց շունի մը հետ» գործը, որը կրկին բեմադրել է Ռոբերտ Առաքելյանը, իսկ դերակատարը Անահիտ Բադալյանն է. այն եւս ներկայացվելու է «Արմմոնո»-ին: Նվիրվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ըստ տնօրենի՝ թատրոնի խաղացանկը պետք է բազմաժանր լինի: Անդրադառնալով փոքրիկների համար նախատեսված տիկնիկային ներկայացումներին՝ Նաղդալյանն ընդգծում է, որ այժմ աշխատում են բեմ բարձրացնել «Կարմիր գլխարկը»: Երեխաները սիրով են դիտում նաեւ «Երեք խոզուկները» բեմադրությունը:
Ապրիլի սպասված առաջնախաղերից է Քեն Լյուդվիգի «Պրիմադոննաները» պիեսի հիման վրա բեմադրվող մեծահասակների համար ներկայացումը, որի ռեժիսորը Երեւանից հրավիրված Արմեն Մարգարյանն է: Կատակերգության փորձերն ընթանում են: Տնօրենը համոզված է, որ նոր խոսք կլինի, ստացված ներկայացում:
ԿՐԿՆԵԼ Է ՌԵԿՈՐԴԸ
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակի շնորհիվ կրկնել է ռեկորդ: Չեմպիոնների լիգայի այս մրցաշարի 8 խաղերում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բաց է թողել ընդամենը 1 գոլ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այդ ռեկորդը 1995/96 մրցաշրջանում սահմանել էր հոլանդական «Այաքսը», որը եւս մեկնարկային 8 խաղերում բաց էր թողել մեկ գոլ: Դա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի 82-րդ հաղթանակն էր Չեմպիոնների լիգայում: Այդ ցուցանիշով 50-ամյա մասնագետը շրջանցեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին (81 հաղթանակ) եւ բարձրացավ չորրորդ տեղ: Գվարդիոլայից շատ հաղթանակներ Չեմպիոնների լիգայում տարել են միայն Արսեն Վենգերը (86), Կարլո Անչելոտին (89) ու Ալեքս Ֆերգյուսոնը (102):
ԳՐԱՆՑԵԼ Է ՏՊԱՎՈՐԻՉ ՑՈՒՑԱՆԻՇ
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, գոլի հեղինակ դառնալով իտալական «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (4:1), գրանցել է տպավորիչ ցուցանիշ: 33-ամյա ֆրանսիացին երրորդ ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայում գոլ է խփում 17-րդ օրացուցային տարին անընդմեջ: Նախկինում դա հաջողվել էր միայն կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին ու «Ռեալի» լեգենդ Ռաուլին: Բենզեման պատմության 5-րդ խաղացողն է, որը Չեմպիոնների լիգայում խփում է 70 գոլ։ Այդ ցուցանիշով նրան գերազանցում են Ռաուլը (71), Ռոբերտ Լեւանդովսկին (72), Լիոնել Մեսին (120) եւ Կրիշտիանու Ռոնալդուն (134):
ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆՈՒՄ Է
Իտալական «Ֆիորենտինայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին այս մրցաշրջանի վերջում կտեղափոխվի այլ ակումբ: 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է, եւ նա մտադիր չէ երկարաձգել այն: Սպասվում է, որ Ռիբերին ամռանը կվերադառնա Գերմանիա, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են Բունդեսլիգայի մի քանի ակումբներ: Հիշեցնենք, որ 2019-ին «Ֆիորենտինա» տեղափոխվելուց առաջ ֆրանսիացին 12 տարի խաղացել է Մյունխենի «Բավարիայում»: Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 20 հանդիպման, դարձել 1 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: