ՖՈՏՈ․ Ես հասկացա, թե ինչ է նշանակում ուրախությունից լաց լինել. Իռեն Ուլիխանովան՝ 38-ամյակի եւ ստացած ամենաթանկ նվերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս պարուհի Իռեն Ուլիխանովան, ով տևական ժամանակ է, ինչ բնակվում է Ամերիկաի Միացյալ Նահանգներում նշել է ծննդյան 38-ամյակը: Պարուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է տարեդարձի անակնկալների, երբեւ ստացած ամենաթանկ եւ հիշարժան նվերի մասին, որն իրեն ստիպել է լաց լինել:

«Ծննդյանս օրը տոնել եմ իմ ամենահարազատ եւ թանկ մարդկանց հետ, իհարկե, ցավոք սրտի, ոչ բոլորն էին ներկա տարեդարձիս: Անկեղծ ասած Հայաստանի եւ բոլորիս համար այս բարդ ժամանակահատվածում չէինք էլ պլանավորում նշել ծնունդս, քանի որ մեր ազգի համար այս շրջանում յուրաքանչյուր ուրախ ելեւէջն էլ ինչ-որ չափով անընդունելի եւ զայրացնող է: Պատերազմից հետո մենք՝ հայերս, խորը ցավի, կսկիծի մեջ ենք, նույնիսկ, եթե պարում ենք, երգում, ուրախանում, միևեւնուն է չենք մոռանում մեր այն բազմահազար տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, ովքեր դարձան հաշմանդամ….Բայց քանի որ ես խառնվածքով ուրախ եւ ընկերասեր մարդ եմ, ստացվեց այնպես, որ բոլորը զանգում էին եւ զգուշացնում, որ գալու են մեր տուն, եւ նրանց «ոտքը մեր տնից կտրելու համար» հավաքվեցինք մեկ այլ տեղ»,-կատակում է մեր զրուցակիցը, եւ հավելում, որ իր միակ անկեղծ ցանկությունն այն է, որ այլեւս երբեք պատերազմներ չլինեն:

Իռենը մեզ հետ զրույցում, անդրադառնալով ծննդյան առթիվ ստացված նվերներին, հատուկ ընդգծում է, որ իր համար ամենամեծ նվերը ներկաների բարձր տրամադրությունն է, եւ այդ օրվանից հետո առաջացած ջերմ հիշողությունները:
«Ինձ համար ամենաերջանիկ, ամենացանկալի, ամենասպասված նվերը կլինի այն, երբ Հայաստանը կլինի խաղաղ երկնքի տակ եւ էլ երբեք ոչ մի պատերազմ չի լինի ինչպես մեր երկրում այնպես էլ ամբողջ աշխարհում: Մենք բոլորս ժամանակավոր ենք աշխարհի երեսին, եւ այդ կարճ ժամանակահատվածում էլ պետք է ապրել ինչքան հնարավոր է ուրախ, դրական եւ երջանիկ»,-ասում է նա:

Հարցին, թե ո՞րն է եղել իր ծննդյան ամենահիշարժան նվերը, պարուհին նշում է. «Ամենահիշարժան նվերը, որ ստացել եմ՝ եղել է շունս, երբ դեռ Հայաստանում էինք ապրում Վահագն ինձ նվիրեց «լաբրադոր» ցեղատեսակի շուն, եւ ես այդ ժամանակ հասկացա, թե ինչ է նշանակում ուրախությունից լաց լինել….»:
Ինչ վերաբերում է երազանքներին, Իռեն Ուլիխանովան շեշտում է, որ նա պատկանում է այն մարդկանց շարքին, ովքեր երազանքների փոխարեն ունեն նպատակներ:
«Իմ նպատակները տարեցտարի ավելի են, բարդանում, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ կարողանում եմ հասնել իմ առջև դրված նպատակներին»,-եզրափակում է պարուհին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս